Ֆիլմ-օպերան մեծ ներդրումներ, լավ ձայներ եւ շնորհակալ հանդիսատես է պահանջում: Սակայն մեր հայրենակից, փիլիսոփա ու բեմադրիչ Բորիս Հայրապետյանը հավատում է, որ ֆիլմ-օպերաների քանակը շուտով նկատելիորեն ավելանալու է: Նա մի քանի տարի առաջ նախաձեռնեց Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերայի բեմականացումը Երեւանի օպերային թատրոնում, հետո որոշեց ստեղծել օպերայի կինոտարբերակը: Տեսադաշտում էր աշխարհի ամենահայտնի Նորմաներից մեկը` Հասմիկ Պապյանը: «Նորմայի» նկարահանումները դժվար են ընթացել: «Ես նույնիսկ չէի հավատում, որ երբեւիցե կավարտեմ ֆիլմը»,- ասաց Բ. Հայրապետյանը: Երբ Իտալիայում, ֆիլմի ցուցադրության ժամանակ, նրան հարցրել են` որքա՞ն է ֆիլմի բյուջեն, նա ընկերների խորհրդով մի քանի անգամ ավելի գումար է նշել: «Ինձ ասացին, որ եթե իրական գումարն ասեմ, ինձ լուրջ չեն ընդունի»,- խոստովանեց նա:
«Նորմա» օպերան դժվար է բեմականացնել, քամի որ այն շատ ստատիկ է, քիչ են շահեկան միզանսցենները, գործողությունը մի գիշերվա ընթացքում է կատարվում, իսկ դերակատարներից մեծ լարում է պահանջվում, մանավանդ այն կտորներում, երբ դրամատիզմը կիզակետին է հասնում: Կինոլեզվով պատմված օպերան կարող էր տապալվել, եթե հեղինակը պահպաներ բեմի պաթոսը: Բարեբախտաբար, «Նորմայի» դեպքում նման բան չկատարվեց, կինոյի հետ չհամատեղվող պաթոսը նվազագույն է: «Ես կինոյի եւ օպերայի միջեւ ընտրություն անելով, առաջնահերթը օպերան եմ համարել,- պատմում է Բ. Հայրապետյանը: -Օպերան դարձել է փայլող, թանկարժեք, պաթետիկ արվեստի հոմանիշը, ես ուզում էի կատարվածի մեջ կոնկրետ մարդկանց տեսնել, հասկանալ նրանց հոգեբանությունը: Կարեւորը զինվորների ու քրմուհիների վեհ տառապանքներն են, մնացածն ավելորդ է: Ֆիլմի նկարահանումների ընթացքում ես զգացի այդ հինավուրց ողբերգության ժամանակակից շունչը»: Ռուսաստանի Մշակույթի նախարարության եւ մոսկովյան «Էյ Բի Էյ» ստուդիայի կողմից ֆինանսավորված այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, քանի որ, հեղինակի կարծիքով` հայկական բնությունը զարմանալիորեն ճիշտ է ներկայացնում հին Գալիան եւ դրուիդների ապրելաձեւը պատկերացնելու համար ամենագեղեցիկ ֆոնը կարող է լինել: Օպերայի պայմանականությունը տեղափոխվել է կենդանի դեկորացիաների մեջ: Հերոսները ապրում, սիրում, տառապում ու զոհվում են վեհ լեռների, մութ քարանձավների ու քարակերտ տաճարների կողքին: Վիբորգ քաղաքում անցկացված կինոփառատոնի ընթացքում «Նորման» ցուցադրվել է բաց երկնքի տակ, մեծ էկրանին կատարվող գործողությունը դարձել է իրական բնության շարունակությունը: Հայկական լեռներն ու Գառնու տաճարը շատ ռեալ են, նրանք պահպանել են հին հռոմեացիների ոտնահետքերը, որոնք զավթելով առաջ էին շարժվում: Հերոսները երգում են իրենց սիրո, վրեժի ու հայրենասիրության մասին` ապավինելով իրական երկնքին: Բնությունը ֆիլմի լիարժեք գործող անձն է դարձել: Իսկ քարերի, ջրվեժի ու քամու հնչյունները բնականոն միահյուսվել են օպերային արիաներին` հուշելով կատարվող գործողության իրականության մասին: Դրուիդների գլխավոր քրմուհի Նորման, ինչպես եւ իր ժողովուրդն, ընտրության առջեւ է կանգնած, սերն ու վրեժխնդրությունն այրում են նրա սիրտը: Միշտ չէ, որ լավ օպերային երգիչները լավ դերասաններ են լինում, սակայն Բ.Հայրապետյանի համար երգիչների հետ աշխատելը շատ կարեւոր էր. նա չի ցանկացել Հասմիկ Պապյանին, Վարդուհի Խաչատրյանին, Գեղամ Գրիգորյանին, Միքայել Հովակիմյանին պրոֆեսիոնալ դերասաններով փոխարինել: Եվ զարմանալի արդյունքի է հասել` բացահայտելով օպերային երգիչների դերասանական տաղանդը: Այնպես, ինչպես խաղում է Հասմիկ Պապյանը, չէր կարողանա խաղալ ոչ ոք, նույնիսկ խոշոր պլաններում նա չի կեղծում: Նրա ձայնի, միմիկայի եւ շարժումների շնորհիվ ծնվում է անձնազոհ սիրո գաղափարը: Առավել հաջողված ու տպավորիչ են նրա զուգերգերը Ադալջիզա-Վարդուհի Խաչատրյանի ու Պոլլիոն-Գեղամ Գրիգորյանի հետ: Երկար զուգերգերի ընթացքում ոչ երգը, ոչ էլ խաղը չեն տուժում:
Ֆիլմը դիտելիս հասկանում ես, որ հեղինակը ստիպված է եղել սահմանափակումներ անել, մարդաշատ տեսարաններն այնքան էլ մարդաշատ չեն, իսկ զգեստները` ոչ այնքան բազմազան: Սակայն սակավաբյուջե այս ֆիլմը մնում է հանդիսատեսի հիշողության մեջ ոչ միայն գեղեցիկ երաժշտության ու լավ կատարումների, այլեւ` հեղինակի թարմ ու հանդուգն հայացքի շնորհիվ: Օպերան հազվադեպ է նորամուծություններ ընդունում, սակայն հայ-ռուսական «Նորման» լավ էքսպերիմենտ էր, որի ետեւում սիրո, դավաճանության ու երկընտրանքի ողբերգությունը ժամանակակից հնչողություն է ստանում, քանի որ մարդկային տառապանքները հասկանալի են բոլոր ժամանակներում: