Զրուցակիցս ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակից Տաթեւիկ Գասպարյանն է: Դասավանդել է դպրոցում, հիմա էլ «Աշխարհագրություն» առարկա է դասավանդում բուհերից մեկում եւ համահեղինակ է մի շարք մեթոդական ձեռնարկների, ծրագրերի, չափորոշիչների: Տաթեւիկն ունի նաեւ հետաքրքիր նախասիրություն, որով զբաղվում է դեռեւս ուսանողական տարիներից:
– Գիտեմ, որ բացի Ձեր աշխատանքից, ունեք մի հետաքրքիր նախասիրություն:
– Ուսանողական տարիներին, կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար, հաճախ այլ հետաքրքրություններ էինք փնտրում՝ հորոսկոպ, ֆիզիոգնոմիկա, խիրոմանտիա եւ այլն: Սկզբում դրան քամահրանքով էի վերաբերվում: Բոլոր հորոսկոպներում կան ընդհանրություններ, որոնք ավելի կամ պակաս, քիչ թե շատ բնորոշում են տվյալ մարդուն: Ուսանողական տարիներին ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ համեմատել որոշակի օրինաչափությամբ կրկնվող երեւույթները. եթե տիեզերքում ամեն ինչ ենթարկվում է ռիթմիկ երեւույթների (գիշեր-ցերեկվա առաջացում, տարվա եղանակների հաջորդում, օրվա ընթացքում մարդու էներգետիկ ռիթմերի փոփոխություններ եւ այլն), ուրեմն երկրագնդի վրա ընթացող երեւույթները որոշակի ռիթմիկայով պետք է կրկնվեն: Իսկ քանի որ երկիրը գնդաձեւ է, նրա դիրքի յուրաքանչյուր փոփոխությունը նույնիսկ 1 աստիճան պտույտի ընթացքում հանգեցնում է ընդհանուր դիրքի փոփոխության տիեզերքի եւ աստղային համակարգերի նկատմամբ: Այս բոլորը չեն կարող չանդրադառնալ նաեւ մարդու վրա: Անշուշտ, լուսինը եւս մեծ ազդեցություն ունի մեր մոլորակի վրա` որպես երկրագնդին ամենամոտ գտնվող տիեզերական մարմին, մասնավորապես` ջրային թաղանթի վրա՝ առաջացնելով մակընթացություն եւ տեղատվություն: Եթե նմանատիպ օրինաչափությամբ զուգահեռ անցկացնենք, հաշվի առնելով, որ մարդու օրգանիզմի մեծ մասը կազմում է ջուրը, ուրեմն լուսնի ազդեցությունը մարդու վրա թերեւս ամենամեծը կարելի է համարել: Անտիկ շրջանի բժիշկները մասնավորապես կարեւորել են լուսնի տարբեր փուլերի հետ կապված ազդեցություններից կախվածությունը հիվանդի բուժման եւ առողջացման ժամանակահատվածում: Այստեղից էլ համադրելով հին թվային արժեքները (կաբալիստիկա), արեւելյան եւ եվրոպական հորոսկոպները, հայկական եկեղեցական տոնացույցը (տարվա տանուտեր հասկացություն)` ինձ համար ստեղծել եմ վերլուծության համակարգ, որով փորձում եմ կազմել տվյալ մարդու հոգեվերլուծական պատկերը եւ նրա հնարավորությունների պոտենցիալի մասին ինֆորմացիա: Հաշվի առնելով սեփական փորձը, ինչպես նաեւ` կողմնակի կարծիքները, կարող եմ ասել, որ գրեթե 90 տոկոս ճշգրտությամբ կարելի է որոշել ցանկացած մարդու նկարագիրը: Անշուշտ, կարեւորվում է տվյալ անձի դաստիարակությունն ու միջավայրը, որտեղ նա ապրում է եւ ստեղծագործում: Ես առաջարկում եմ` այն կանխատեսումները, որ մենք կարդում ու լսում ենք ամեն օր, դիտարկել որպես հետաքրքիր ինֆորմացիա, բայց ոչ բացարձակ ճշմարտություն: Որովհետեւ աստղերի նկատմամբ դիրքից բացի մարդու վրա ազդում են բազմաթիվ այլ գործոններ, այդ թվում` եւ ծննդավայրը: Տարբեր են նույնիսկ միաբջիջ երկվորյակները, քանի որ հնարավոր չէ նրանց միաժամանակյա ծնունդը: Դրա համար յուրաքանչյուր մարդ եզակի է իր տեսակի մեջ: Ելնելով վերը նշվածից, միայն հորոսկոպներով մարդկանց բնորոշելը ճիշտ չէ: Յուրաքանչյուր մարդ ինքը կարող է դիտարկել սեփական ռիթմերի ներդաշնակ լինելը բնության հետ (օրինակ, վերքի ապաքինումը մի դեպքում կարող է արագ ընթանալ, մեկ այլ դեպքում` հակառակը, կամ մազերի աճը կտրելուց հետո կամ շատ արագ է ընթանում, կամ էլ՝ շատ դանդաղ): Այսինքն, մարդու օրգանիզմը չի կարող չենթարկվել տիեզերական ռիթմերին: Իզուր չէ ասվում, որ մարդը միկրոտիեզերք է:
– Այսօր ամսագրերում ներկայացվում է աստղագուշական տեսություն շաբաթվա, ամսվա եւ նույնիսկ տարվա կտրվածքով: Դա հոգեբանական ճնշում չի՞ գործադրում մարդկանց վրա:
– Նմանատիպ ամսագրերը, որպես կանոն, շահագրգռված են ունենալ ավելի մեծ թվով ընթերցողներ, եւ, բնականաբար, հորոսկոպները որպես «խայծ» են օգտագործում, իսկ յուրաքանչյուր մարդ ուզում է նախապես իմանալ քիչ թե շատ լավատեսական կանխատեսում, որը խթան կհանդիսանա նրա հետագա գործունեության համար: Թերեւս այդ տեսակետից կանայք ավելի դյուրազգաց են նմանատիպ կանխատեսումների նկատմամբ: Կանանց ես համեմատում եմ եղանակի հետ, այսինքն` յուրաքանչյուր րոպե նա կարող է փոխվել եւ այդ տեսակետից դառնալ անկանխատեսելի: Նույնիսկ աննշան ազդակը կարող է առիթ հանդիսանալ կնոջ վարքագծի փոփոխության:
– Ասում են, կանացի ինտուիտիվ մտածողությունն ավելի զարգացած է: Ձեր կարծիքով ո՞րն է դրա պատճառը:
– Ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի հեշտությամբ են արտահայտում իրենց զգացմունքները եւ հեշտ էլ ընկալում են ուրիշի էմոցիաները: Սակայն որքան էլ ցավալի է, այսօր մեր իրականության մեջ կանայք աստիճանաբար անհաղորդ են դառնում մյուսների էմոցիաներին, ավելի կարեւորելով իրենցը: Ես կարծում եմ` սա մի քիչ ոչ ազգային մտածողության արդյունք է:
– Որպես կրթության համակարգում աշխատող մարդ, ի՞նչ կարծիքի եք 12-ամյա կրթության մասին:
– Հանրակրթական դպրոցում աշխատել եմ 1985-95թթ.՝ բնականաբար խորհրդային եւ հետխորհրդային շրջանում, երբ կրթությունը դեռ 10-ամյա էր: Իմ կարծիքով` այդ ժամանակաշրջանի դպրոցական ծրագրերը գերհագեցած էին եւ երեխայի համար մատչելի չէին՝ ժամանակահատվածի կարճ լինելու պատճառով: Չեմ կարող վստահաբար ասել, որ 12-ամյա կրթությունը կտա շատ մեծ դրական արդյունք, բայց արդեն իսկ նոր մոտեցումը, որ պետք է գերբեռնվածությունից ազատվել, կարող է դրական արդյունքներ տալ: Դրան կարելի է հասնել հստակեցված չափորոշիչների, նոր ծրագրերի եւ դասագրքերի, նորագույն մեթոդների կիրառման եւ այլ միջոցներով: Հակառակ դեպքում 12-ամյա կրթությունը կդառնա մեխանիկական երկարաձգված ժամանակաշրջան: