ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ԼՂՀ հարցի կարգավորումը վտանգի տակ է, «մազոխիստներ են»: «Առաջին անգամ միջազգային հանրությունն արձանագրում է, որ ԼՂՀ հարցում պետք է կիրառվի ինքնորոշման իրավունքը: Որեւէ ողջամիտ մարդ չի կարող այլ կերպ հասկանալ, քան կա իսկապես էական հաջողություն: Մենք միշտ երազել ենք սրա մասին: Մի՞թե մեզ չի բավարարելու, որ ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ պետություն: Մի՞թե դա չենք մենք երազել սկսած 1988 թվականից»,- ասաց նա: Իսկ Անդրանիկ Մարգարյանը հակադարձեց ընդդիմադիրների մեկ այլ պնդմանը: «Ես չգիտեմ, թե ինչը շատ ավելի վատ կլինի, որովհետեւ ինչ-որ բան պիտի ունենաս, որ ասես` վատ կլինի: 1988-ից վատ չի լինի, 1994-ից վատ չի լինի, այսօրվանից վատ չի լինի… Բոլոր դեպքերում ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի, գլխավորը սա է: Հայաստանի սահմաններում փոփոխություն չի լինի: Հայաստանն ու ԼՂՀ-ն ընդհանուր սահմաններ կունենան»,- վստահեցրեց նա: