Եկել են «բուլիժնիկներ նետելու» նոր ժամանակները

22/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երեկ «Նոր ժամանակների» (ՆԺ) երրորդ արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Պրն Կարապետյանը նաեւ հայտարարեց՝ «Ես համոզված եմ, որ եւ խորհրդարանական, եւ նախագահական ընտրություններն էլ լինելու են արտահերթ»:

Պետք է նկատենք, որ «Նոր Ժամանակներ» կուսակցության երեկվա համագումարն առանձնացավ իր հեղափոխական տրամադրություններով: Խիստ հեղափոխական էր տրամադրված ոչ միայն «ՆԺ» առաջնորդը, այլեւ հրավիրվածներից բոլոր ելույթ ունեցողները որպես երկիրը զարգացնելու միակ ճանապարհ` մատնանշում էին իշխանափոխությունը: Ընդ որում, այս համագումարի ժամանակ բոլոր ելույթ ունեցողները ստեղծված իրավիճակին գնահատականներ տալուց զատ առաջարկում էին դրանից դուրս գալու կոնկրետ քայլեր: Իսկ էվոլյուցիոն ճանապարհով իշխանափոխության կողմնակից ընդդիմադիրները` «Արդարություն» դաշինքը` ի դեմս ՀԺԿ-ի, «Ազգային վերածնունդը» եւ այլք, թեեւ ընդունել էին հրավերքն ու մասնակցում էին համագումարին, սակայն ոչ միայն ելույթ չունեցան, այլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի՝ ողջույնի «հեղափոխական» ելույթից հետո, միանգամից լքեցին դահլիճը:

Ինչպես հայտարարեց Ա. Կարապետյանը, իրենք հրավիրել էին ոչ միայն ընդդիմադիր, այլեւ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին: Սակայն համագումարին եկել էին միայն ընդդիմության ներկայացուցիչները` բացառությամբ ՀՀՇ-ի եւ «Ազգային Միաբանության»: Իսկ համագումարին հրավիրված 1069 պատվիրակներից ներկա էր 954-ը:

«Հանրաքվեն, որ անցավ ամենախայտառակ ձեւով, դրանից հետո որեւէ քննադատական խոսք ասելն արդեն ավելորդ է: Այսօր քննադատել իշխանություններին այլեւս անիմաստ է: Ժամանակն է եկել խոսելու, թե ի՞նչ պիտի անել, որ վերջնականապես մեկ անգամ, հավաքելով մեր բոլոր ուժերը, դնելով ֆինանսական համապատասխան ռեսուրսներ, կազմակերպչական տեսք տալով մեր շարժմանը, 2006 թվականը հայտարարել տարի, որի ընթացքում ՀՀ ժողովուրդն ընդդիմության առաջնորդությամբ վերջնականապես պիտի ազատվի այսօրվա իշխանություններից»,- իշխանափոխության նոր ժամկետներ մատնանշեց Ա. Կարապետյանը: Նրա համոզմամբ, եթե բանը հասնի 2007, 2008 թվականների հերթական ընտրություններին, ապա իշխանություններն այս անգամ արդեն առանց որեւէ լցոնման նկարելու են իրենց ուզած թվերը: Համագումարի ժամանակ պրն Կարապետյանը նկատեց, որ բացի Հայաստանից ու Ադրբեջանից, հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում սկսել են նորմալ ընտրություններ անցկացնել: «Նույնիսկ այն պետություններում, որոնց կապակցությամբ հեգնական վերաբերմունք ունեինք, Միջին Ասիական այդ երկրներում էլ սկսել են նորմալ ընտրություններ անցկացնել,- վստահեցնում է Ա. Կարապետյանը եւ ավելացնում,- Հայաստանի քաղաքական, իշխանական դաշտում խոսք տալը եւ չանելը, կներեք, բայց Քոչարյանի խոսքերով ասած` «յուղ վառելն» ու «գցելը» դարձել է հիմնական գործառույթ»: Իսկ իշխանությունների այդ վարքագծի պատճառով` ՀՀ-ի նկատմամբ գնալով ավելի են շատանում գեոքաղաքական ճնշումները: Ուստի այդ «գեոքաղաքական» ճնշումներին դիմագրավելու միակ ճանապարհն Ա. Կարապետյանը տեսնում է հեղափոխության մեջ: «Պետք է հեղափոխություն անել, երբ էլ դա լինի, միեւնույն է, պետք է հեղափոխություն անել: Ես, ցավոք սրտի, ասում եմ, որ այսօրվա իշխանություններից ազատվել էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր չէ: Ցավոք սրտի` մնացել է մեկ ճանապարհ` դա հեղափոխությունն է»,- հայտարարեց «ՆԺ» նախագահը: Իսկ հեղափոխություն անելու համար նա առաջարկում է ձեւավորել «համազգային շարժում», ստեղծել «Հայաստան» կոմիտե, կենտրոնացնել ուժերը ու գնալ առաջ: Համենայնդեպս, «Նոր Ժամանակները» պատրաստվում է ներդնել իր «ունեցած-չունեցածն» ու 2006-ին հեղափոխություն անել: Թե որքան ֆինանսական միջոցներ են հարկավոր հեղափոխության համար, Ա. Կարապետյանի կարծիքով, կորոշեն պոլիտտեխնոլոգները: Իսկ ինքը հեղափոխությունը ֆինանսավորելու է իր անձնական միջոցներից: «Հայաստանի հատուկ ծառայությունները բավականաչափ երկար ժամանակ արդեն քննում են այդ հարցը, եւ ես կարող եմ ասել, որ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք ներդրվում եւ ներդրվելու են, իմ անձնական ֆինանսներն են, որեւէ կապ չունեն այլ երկրի ֆինանսների որեւէ ստրուկտուրայի կամ սիստեմի հետ, որեւէ ձեւով կապված չեն արտաքին ինչ-որ ուժերի հետ: Ամբողջությամբ դա այն փողերն են, որոնք պիտի ծախսվեին իմ անձնական կենսական շահերի համար»,- ասաց Արամ Կարապետյանը` ավելացնելով, որ ինքն արդեն 4 տարի է, հեռացել է բիզնեսից: Սակայն բիզնես ունեն նրա մերձավորները: Համագումարի ժամանակ Արամ Կարապետյանն իշխանություններին մի հռետորական հարց ուղղեց. «Հաց չեք տալիս, ջուր չեք տալիս, էլեկտրականություն չեք տալիս, լավ ընտրելու իրավունք էլ չեք ուզում տա՞լ: Թուղթ գցելու իրավունքն է՞լ եք մեր ձեռքից վերցնում»: Իսկ եթե վերցնում են «թուղթ» գցելու իրավունքը, ապա Ա. Կարապետյանի մատնանշմամբ, կա մի դասական օրենք: «Գալիս է ուրիշ բան շպրտելու ժամանակը… բուլիժնիկները շպրտելու ժամանակը»,- մատնանշեց «Նոր Ժամանակների» նախագահը: Մտավորականների ֆորումի անդամ, դերասան Երվանդ Մանարյանն էլ` ողջունելով հեղափոխության գաղափարը, մեջբերեց հայտնի գրող Բեռնարդ Շոուի խոսքերը. «Ստրուկը եւ ստրկատերը հավասարապես պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար, բայց ստրուկները մեղավոր են ավելի շատ»: Ըստ նրա` «յուրաքանչյուրիս տան շեմքից ներս է մտել մի ռնգեղջյուր, որը գալիս է քայքայելու, ոտնատակ անելու ապագան»: Իր ելույթում մի ասացվածք էլ հիշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: «Ամենաբարձր տաճարն անգամ սկսվում է գետնից»,- ասաց նա` ավելացնելով, որ Ռ. Քոչարյանի ստեղծած տաճարը, սակայն, գետնից չի սկսվում: Եվ այդ իսկ պատճառով, Քոչարյանի կառուցած տաճարը շատ շուտով փլուզվելու է: «Հանրապետական կուսակցության համագումարին հետեւելով` պարզվեց` հանրապետականները հասկացել են, որ մեկ բարձի վրա քնելով` նույն երազները չեն տեսնում: Հասկացել են, որ դաշնակներն այլ երազ են տեսնում, «Օրինաց երկիրը»` լրիվ այլ երազ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես երազախաբության մեջ է»,- Քոչարյանի ստեղծած «տաճարի» քանդվելն այսպես ներկայացրեց «Հանրապետության» նախագահը: Եվ ստեղծված իրավիճակում Ա. Սարգսյանը գտնում է, որ ընդդիմությունը պետք է հասարակությանը բացատրի, թե ինքն ինչպիսի «աշտարակ է ուզում կառուցել»: Մանավանդ, որ «Հանրապետության» նախագահի խոսքերով` ընդդիմությունն ավելի մոտ է կանգնած գետնին: Իսկ որպեսզի ընդդիմությունը հաղթանակի հասնի իր պայքարում, Ա. Զ. Սարգսյանը հետեւյալ խորհուրդը տվեց. «Ընդդիմությունը պետք է ճանաչի իրեն ու շրջապատող ժողովրդին: Պիտի լավ ճանաչի, պիտի սիրի ու առաջնորդի նրան, ու այդ դեպքում արդեն հաղթանակը մոտ կլինի»: Հեղափոխության թեման չշրջանցեց նաեւ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որի կարծիքով էլ, քանի որ իշխանությունները ժողովրդին օտարեցին իր ձայնի իրավունքից, պետք է ժողովուրդն այդ ամենին համարժեք պատասխան տա: Եվ նա հիշեցրեց, որ հեղափոխությունների արդյունքում է ձեւավորվել քաղաքակրթությունը:

Հ.Գ. Ի դեպ, շատ ազգերի միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու գործում ունեցած ներդրման համար «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին դեկտեմբերի 16-ին ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից շնորհվել էր մեդալ «Ռուսաստանի լավագույն հյուր» անվանակարգում եւ «Լավագույնը լավագույններից» պարգեւը: Եվ զարմանալին ու հետաքրքրականն այն է, որ «Լավագույնը լավագույններից» ծրագրի հեղինակը եւ տնօրենը ոմն Ի. Պ. Ալիեւա է: Թե ինչ կապ ունի այդ Ալիեւան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, Ա. Կարապետյանն ասաց. «Իմ ունեցած ինֆորմացիայով նա ազգական է Ալիեւին: Բայց դա ոչ մի բան էլ չի նշանակում: Այդ «նիժե պլենդուզա» շահարկումները ցույց են տալիս, որ մենք չենք կարող մրցանակներ ստանալ այն անձանցից, ում ազգանունները համընկնում են, ես կարծում եմ, որ 21-րդ դարին հարիր հարցեր չեն դրանք: Մրցանակը կապ չունի որեւէ ազգության հետ»: Նա հավելեց, որ այդ մրցանակից նախկինում ստացել են «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: