ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին շրջանում տարբեր գնահատականներ են հնչում: ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությունը գտնում են, որ 2006 թվականն ամենահարմար ժամանակահատվածն է հակամարտության կարգավորման համար: Սակայն վերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ մենք դեռ հեռու ենք հակամարտության կարգավորման ուղուց: ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ երեկ ճեպազրույց ունեցանք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի հետ:
– Պարոն Մելիքյան, հաճախ է հայտարարվում, որ 2006թ. ԼՂՀ հակամարտության կարգավորման համար ամենահարմար ժամկետն է: Ձեր գնահատմամբ, եկող տարի հնարավո՞ր է հակամարտության կարգավորում:
– Ես այդքան էլ բարձր հավանականություն չեմ տեսնում: Չեմ բացառում, բայց ինքս լավատեսության համար այդ հիմքերը չեմ տեսնում: Միջազգային հանրության գնահատականները լավատեսության դրսեւորումներ են, որոնք գուցե որոշակի չափով կյանքի իրավունք ունեն: Բայց միայն ժամանակը ցույց կտա` այդպե՞ս է, թե՞ ոչ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեիք Ձեր «վատատեսությունը»:
– Հակամարտությունն ինքնին բարդ կոնֆիգուրացիա ունի: Ի վերջո, արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ այդ հարցով զբաղվում են, բայց որեւէ հանգուցալուծման չենք եկել: Այդքան էլ հեշտ չէ այդ խնդիրը լուծելը:
– Հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում եւ` Արամ Գ. Սարգսյանը հայտարարում են, որ հակամարտության կարգավորմանը խանգարում է այսպես կոչված՝ հայեցակարգի բացակայությունը, քանի որ ամրագրված չէ՝ ուզում ենք խնդիրը լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի՞, տարածքային ամբողջականությա՞ն, թե՞ այլ տրամաբանությամբ:
– Ես կարող եմ ասել, որ միասնական ծրագիր՝ թե ինչպես պետք է գնանք առաջ, գրված չէ: Բայց կան սկզբունքներ, որոնք մեզ համար որդեգրել ենք ու այդ սկզբունքներով առաջնորդվում ենք: Հիմնական սկզբունքը մեր մասով այն է, որ մենք տարանջատում ենք ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ստեղծված նոր իրավիճակի կարգավորման գործընթացից: Կարգավորումն ու Ղարաբաղի միջազգային ճանաչումը տարբեր պրոցեսներ են եւ պարտադիր չէ, որ պետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն: Թեեւ, դեպքերի բարեհաջող ընթացքի դեպքում մեկը մյուսին կարող է խթան դառնալ: Այսինքն` միջազգային ճանաչումը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի արագ լուծմանը:
– ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Երեւանում իր «դժգոհությունը» հայտնեց այն մասին, որ Ղարաբաղը բանակցային կողմ չի հանդիսանում: Այդ հանգամանքը, Ձեր գնահատմամբ, իսկապե՞ս խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը:
– Դա վատ է բանակցային գործընթացի համար: Առանց ԼՂՀ մասնակցության` բանակցությունների ամբողջական ձեւաչափ չկա:
– Կարո՞ղ եք ԼՂՀ հակամարտության կարգավորման ժամկետներ նշել:
– Ոչ, չեմ կարող: Նույնիսկ մոտակա ժամանակահատվածի համար: