ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը երկրորդակա՞ն է

22/12/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հնչող հայտարարություններին զուգահեռ, Հայաստանում աստիճանաբար ակտիվանում են նաեւ հակամարտության կարգավորման հեռանկարների եւ ձեւերի շուրջ հասարակական քննարկումները:

Այս շարքին կարելի է դասել նաեւ երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Ադրբեջանի հայերը, կորսված Հայրենիք, համապատասխան փոխհատուցում» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էին հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Ընդհանուր առմամբ հանգիստ մթնոլորտում ընթացող կոնֆերանսը երբեմն ընդհատվում էր քննարկումների դահլիճ ներխուժած ինչ-որ անձանց՝ բանախոսներին ուղղված «հարցերով», որոնք վստահեցնում էին, թե Հայաստանը թույլ չէ, եւ կարող է «15 օրում Բաքուն գրավել»: Ինչեւէ, քննարկումների սկզբում Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի պատվիրակության այլեւս նախկին անդամ Շավարշ Քոչարյանը, հիմնելով մամուլի տեղեկությունների, անձնական շփումների վրա, որոնք նա ունեցել է ընթացիկ տարվա սեպտեմբերին՝ ԵԽ ԽՎ Հատուկ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցով հանձնաժողովի բավականին ներկայացուցչական կազմով նիստի ժամանակ, ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայումս քննարկվող մոդելը: «Փորձ է արվում համադրել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ասվում է՝ այո, տարածքային ամբողջականություն, բայց դա վերաբերում է այն տարածքներին, որոնք ԼՂ-ից դուրս են: Այո, ինքնորոշում, բայց դա վերաբերում է ԼՂ տարածքներին»,- ասում է Շ. Քոչարյանն ու հավելում, որ համաձայն այդ մոդելի` ԼՂ-ն չի կարող անկլավ լինել եւ պետք է Հայաստանի հետ ունենա հուսալի, երաշխավորված տարածքային կապ: «Լաչինի եւ Մեղրիի միջանցքները չեն հավասարեցվում, այսինքն՝ այն, ինչ վերաբերում է Նախիջեւանի եւ Բաքվի կապին, ավելի շատ դիտարկվում է ընդհանուր կոմունիկացիաների բացման ենթատեքստում»,- շարունակում է պատգամավորը, ում հավաստմամբ՝ հակամարտության կարգավորման վերոնշյալ մոդելը նախատեսվում է իրականացնել հետեւյալ կերպ. պետք է վերադարձվեն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքները կամ նրանց մի մասը, ԼՂ պետք է վերադառնան այնտեղ մինչ հակամարտությունը բնակվող ադրբեջանցիները, եւ դրանից հետո ԼՂ-ում պետք է կազմակերպվի ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվե, որի որոշումն էլ պետք է վերջնական լինի բոլոր կողմերի համար: Ըստ Շ. Քոչարյանի, տարածքների վերադարձը չի ենթադրում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի առաջխաղացում: «Կողմերին բաժանելու են միջազգային խաղաղապահ ուժերը: Հենց կողմերը գան համաձայնության, Վարշավայում խաղաղարար օպերացիաներ պլանավորող գրասենյակը պատրաստ է անմիջապես անցնել գործի»,- մանրամասնում է նա: Վերջինս սակայն քիչ հավանական է համարում, որ 2006-ին ԼՂ հարցը լուծում կստանա: ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում պատգամավորը դրական տեղաշարժեր է տեսնում: Ըստ նրա, դրական տեղաշարժ է այն, որ «ինքնորոշման սկզբունքը հավասարեցվել է տարածքային ամբողջականության սկզբունքին»: Ի տարբերություն Շ. Քոչարյանի, կոնֆերանսի մեկ այլ մասնակից՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանը կարծում է, որ իրականում ԼՂ հարցով կողմերի միջեւ նույնիսկ լիարժեք բանակցություններ չկան, իսկ այդ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները նա համարում է կոնսուլտացիաներ, որոնց հիման վրա չի կարող կայացվել որեւէ որոշում, եթե Լեռնային Ղարաբաղը չտա իր համաձայնությունը: Ա. Ռուստամյանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի ռազմավարության մեջ պետք է փոփոխություններ արվեն: Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հարցում հայկական կողմը պետք է իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը, այլ ոչ թե հետեւի գործընթացների զարգացմանը, ինչպես անում է ներկայումս: Նա այն համոզմանն է, որ հայկական կողմը պետք է ներկայացնի առաջարկություններ ու դրանք քննարկի ու համաձայնեցնի ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային կառույցների հետ: Պրն Ռուստամյանի համոզմամբ՝ հայկական կողմն իր առաջարկություններում պետք է ապահովի միջազգային կառույցների աջակցությունը եւ հասնի նրան, որ միջազգային հանրությունն ինքը նախաձեռնի հակամարտության կարգավորումը ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա, քանի որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային նորմերին համապատասխան: «Այս համատեքստում Ադրբեջանի դիրքորոշումը դառնում է երկրորդական»,- կարծում է նա: Ա. Ռուստամյանը երեկ մի հետաքրքիր զուգահեռ անցկացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ԼՂ միջազգային ճանաչման միջեւ: «Թուրքիան ինքը չի ճանաչում Ցեղասպանությունը, սակայն դա չի խանգարում միջազգային հանրությանը՝ ճանաչել եւ դատապարտել այդ ոճրագործությունը: Այդպես պետք է լինի նաեւ ղարաբաղյան հարցում»,- կարծում է նա: Ա. Ռուստամյանի պնդմամբ՝ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման պրոցեսին զուգահեռ պետք է տանել ԼՂ միջազգային ճանաչման պրոցեսը՝ առանց այն պայմանավորելու Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: «Այս զուգահեռ պրոցեսն առաջ տանելու համար պետք է փոխենք մեր զրուցակցին»,- կարծում է նա, ում կարծիքով մեր զրուցակիցն այդ պրոցեսն առաջ տանելու հարցում պետք է լինի միջազգային հանրությունը, եւ եթե, ասենք, պետությունները մեկը մյուսի հետեւից սկսեն ճանաչել ԼՂ անկախությունը, Ադրբեջանն արդեն կհասկանա, որ ինքը միջազգային հանրությանն է դեմ գնում: Սակայն թե ինչպես պետք է հայկական կողմը հասնի նրան, որ պետությունները սկսեն մեկը մյուսի հետեւից ճանաչել ԼՂ անկախությունը, պրն Ռուստամյանը չասաց: Դաշնակցական պատգամավորն այն կարծիքին է նաեւ, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի ԼՂ անկախությունը, քանզի «դրա համար կան բոլոր հիմքերը»: Նրա պնդմամբ՝ հայկական կողմը նաեւ լայնածավալ քարոզչության ճանապարհով պետք է կարողանա միջազգային հանրության համար ղարաբաղյան հակամարտությունն առանձնացնել մյուս հակամարտություններից: Ա.Ռուստամյանի խոսքերով՝ ԼՂ չճանաչված լինելը հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունն այսօր չի ճանաչում Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում չի շոշափվում ամենասկզբունքային՝ ԼՂ կարգավիճակի հարցը, եւ դա` այն պատճառով, որ ԼՂ-ն չի մասնակցում այդ հանդիպումներին: