Մեր երկրում գազի հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխաններ ոչ ոքից հնարավոր չէ ստանալ, եւ միշտ ստիպված ենք լինում առաջնորդվել դատողություններով ու ենթադրություններով, որոնք, ցավոք, միշտ ճիշտ են դուրս գալիս։ Եթե մեկ ամիս առաջ ասում էին, որ գազը թանկանալու է, բոլորը միաբերան հերքում էին։
Արդեն չեն կարող հերքել։ Մնում էր գինը՝ դա էլ կոնկրետացավ։ Մասնավորապես, «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Դ. Մեդվեդեւը «ԹպրՑՌ վպՊպսՌ» հաղորդման ժամանակ կոնկրետացրեց սպասվելիք գները։ Ռուսական հեռուստաալիքի ցուցադրած աղյուսակն այս տեսքն ուներ.
Աղ. 1 – Գազի գները՝ 1000 խմ-ի դիմաց (ԱՄՆ դոլար)
Հին գինը Նոր գինը
Բելառուս 48 48
Մոլդովա 80 160
Հայաստան 56 110
Ադրբեջան 60 110
Վրաստան 68 110
Ինչպես տեսնում եք, ողջ Անդրկովկասի համար կիրառվելու է միատեսակ գին՝ 110 դոլար։ Սա զարմացրեց նաեւ հաղորդավար Ս. Բրիլյովին, որը հարցրեց. «Երբ ասում եք` Անդրկովկաս, նկատի ունեք եւ՛ Վրաստանին, որին հիմա Ռուսաստանի ամենաբարեկամ երկիրը չես համարի, եւ՛ Ռուսաստանի գործընկեր Հայաստանի՞ն»։ Պրն Մեդվեդեւը շատ հանգիստ պատասխանեց՝ այո, եւ Ադրբեջանին։ Մեկնաբանություններն ավելորդ են, սակայն որոշ մեկնաբանություններ, այնուամենայնիվ, կտանք։ Թեեւ նշվում է, որ ամեն ինչ ընթանում է շուկայական սկզբունքներով, սակայն Բելառուսի օրինակը (որտեղ գինը փոփոխություն չի կրելու) ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ։ Բելառուսի դեպքում գնի անփոփոխ մնալը ռուսները բացատրում են նրանով, որ գազամուղը պատկանում է «Գազպրոմին», իսկ նրա տակի հողն այս ընկերությունը երկար ժամանակով վարձակալել է։ Իսկ այդ դեպքում ո՞ւր մնացին գազի համաշխարհային գնի եւ հենց Ռուսատանի ներքին գների բարձրացման մասին խոսակցությունները, որով ռուսները փորձում են արդարացնել իրենց քայլերը։ Պարզ է, Բեռալուսը Ռուսաստանի համար ուրիշ է։ Սակայն կա մի հակասություն։ Եթե Բելառուսի եւ Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ գազի գինը հակադարձ համեմատական է տվյալ երկրի նվիրվածությանը Ռուսաստանին (որքան նվիրված՝ այնքան ցածր), ապա Անդրկովկասի պարագայում գործ ունենք հակառակ պատկերի հետ։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ «նվիրվածության չափանիշով» այս 3 երկրների մեջ առաջին տեղում մենք ենք, երկրորդ տեղում՝ Ադրբեջանը, երրորդում՝ Վրաստանը, որի ցուցանիշը չափվում է բացասական թվով։ Իսկ հիմա վերը նշված թիվ 1 աղյուսակը ներկայացնենք այլ տեսակետից. տեսնենք` քանի տոկոսով են բարձրացել գները։
Աղ. 2 – Գազի գների փոփոխությունը (%)
Գնի փոփոխությունը (դոլար)
Հայաստան 54
Ադրբեջան 50
Վրաստան 42
Գնի փոփոխությունը (%)
Հայաստան 96.4
Ադրբեջան 83.3
Վրաստան 61.7
Այստեղից պարզ երեւում է, թե որքանով է մեզ օգուտ տալիս «ռազմավարական գործընկերությունը» (ՌԳ)։ Տոկոսային առումով ամենաշատը տուժել ենք մենք, այսինքն, ամենաշատը մեր բնակչությունն է զգալու թանկացման ազդեցությունը։ Այս ֆոնի վրա հետաքրքիր են ՀՀ Էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի խոսքերը, որը Սոչիից վերադառնալուց անմիջապես հետո հպարտությամբ նշել է. «Ռուսաստանի առաջարկած գինն ամենացածրն է։ Մյուս երկրների համար ավելի բարձր գներ են սահմանվել»։ Հետո էլ ավելացրել՝ «Ռուսաստանը Հայաստանից բացի այլ երկրների հետ բանակցություններ չի վարում այս խնդրի շուրջ»։ Նշենք, որ հայտարարությունն անելու պահին Ուկրաինայի հետ բանակցությունները, որոնք ունեն 9 ամսվա պատմություն, դեռ շարունակվում էին։ Կամ եթե այդպես է՝ ի՞նչ օգուտ, չէ՞ որ պրն Մեդվեդեւը հստակ ասաց. «Քաղաքական դաշինքները եւ Անդրկովկասյան երկրներին մատակարարվող գազի գները փոխկապակցված չեն»։ Այսինքն, «ռազմավարական գործընկերություն» ես, թե ոչ՝ պետք է նույն չափով վճարես, ինչ որ ուրիշները։
Հիմա անդրադառնանք բանակցությունների թեմային։ Չնայած, որ 110 դոլար գինն այլեւս ոչ ոք չի հերքում, «ՀայՌուսգազարդից» մեզ պատասխանեցին, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Նույնն է ասել նաեւ պրն Մովսիսյանը։ Սակայն, դատելով ամեն ինչից, բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի սահմանած գնի շուրջ, այլ` դրա վճարման կարգի։ Այսինքն, մերոնք ձգտում են այնպես անել, որ բնակչությունն իր մաշկի վրա ողջ խորությամբ չզգա կրկնակի թանկացումը։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր անել։ Նախորդ համարում մենք նշել էինք, որ հնարավոր է սուբսիդավորում՝ գազի թանկացման դիմաց։ Սակայն ռուսական «Կոմերսանտն» ավելի հետաքրքիր երանգներով է պատկերել այդ գործընթացը։ «Ենթադրվում է, որ հայերը կվճարեն նույն գումարը, որքան վճարում էին նախկինում։ Հին եւ նոր գնի տարբերությունը վճարելու համար Հայաստանը Ռուսաստանից կստանա վարկ, որը կփակվի հետեւյալ ձեւով՝ հայկական որոշ ընկերությունների բաժնետոմսերը կանցնեն Ռուսաստանին»,- գրում է թերթը։ Փաստորեն, շատ հնարավոր է, որ մեր ավագ եղբայրը մեզնից նոր գործարաններ վերցնի եւ լիարժեք կերպով աշխատեցնի, ինչպես աշխատեցնում է նախկինում վերցրած գործարանները։ Այս տարբերակը տրամաբանությունից զուրկ չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նման առաջարկ արվել է նաեւ Ուկրաինային, մասնավորապես, ռուսները ցանկանում են հսկողություն ձեռք բերել այդ երկրի գազամատակարարման համակարգի նկատմամբ։ «Մենք Ուկրաինային առաջարկել ենք պահպանել այդ համակարգի 50%-ը, իսկ մյուս 50%-ը շուկայական գներով աստիճանաբար փոխանցել մեզ»,- ասել է Մեդվեդեւը։
Թե մեր դեպքում ինչ կուզենան ռուսները, դեռեւս հայտնի չէ։ Հաշվի առնելով «Գազպրոմի» մասնագիտական հետաքրքրությունները, չի բացառվում, որ դա լինի «ՀայՌուսգազարդը», իսկ ավելի ստույգ՝ այդ ընկերության բաժնետոմսերի դեռեւս մեզ պատկանող մասը։ Կոնկրետ որեւէ բան ասել առայժմ դժվար է, սակայն կարծում ենք, որ բանակցությունների արդյունքները շուտով պարզ կդառնան, ամենայն հավանականությամբ, այդ բանակցությունները կավարտվեն մինչեւ հունվարի մեկը։ Սա ասում ենք՝ հիմնվելով նույն Դ. Մեդվեդեւի խոսքերի վրա. «Եթե Ուկրաինայի հետ մինչեւ հունվարի 1-ը պայմանագիր չկնքվի, ապա «Գազպրոմը» ոչ մի հիմք չի ունենա գազ մատակարարելու համար»։ Ըստ տրամաբանության, եթե մինչեւ Նոր տարի պայմանագիր չկնքվի, մեզ նույնպես կարող են զրկել գազից։ Մնում է սպասել ու տեսնել, թե Նոր տարվա կապակցությամբ ինչ նվեր ենք մատուցելու մեր ավագ եղբորը։