Ինչի՞ համար վճարեն, եթե չեն աշխատում

22/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս փոփոխությունը պատճառաբանվեց նրանով, թե բավականին մեծ աշխատուժ կա ստվերում, եւ սոցապ հիմնադրամն իր թույլ վարչարարությամբ ի վիճակի չէ դրանց հարկման դաշտ բերել: Հարկային ծառայությունն ավելի հմուտ է հարկ հավաքելու մեջ եւ կարող է թաքնվածների գոնե մի մասին լույս աշխարհ հանել: Փոփոխությունը, կարծես թե, իրեն արդարացրեց. այս մեկ տարվա ընթացքում ծառայությունը պարբերաբար տվյալներ է հրապարակում, որտեղ հստակ երեւում է, թե անցած տարվա կոնկրետ մի ժամանակամիջոցի համեմատ` այս տարվա նույն ժամանակաընթացքում սոցապվճարների գանձման գումարները որքան են ավելացել: Եթե 2004թ. 11 ամիսներին հավաքագրվել էր 41 մլրդ դրամ, ապա 2005թ. նույն ժամանակաընթացքում այդ թիվը հասել է 53,8 մլրդ դրամի: Իսկ ՀՊԾ պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը հավատացնում է, որ տարվա վերջում այդ թիվը կհասնի 60 միլիարդի:

Ճիշտ նույն ժամանակ ուժի մեջ մտավ նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունն այն մասին, թե «2005թ. հունվարի 1-ից կազմակերպությունում գլխավոր հաշվապահի առկայությունը պարտադիր է: Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող, որի համար հաշվարկված ամենամյա աշխատավարձից պարտադիր սոցապ վճարները հարկվում են»: Օրենքի այս փոփոխությունը հիմք դարձավ, որ բոլոր այն ընկերությունները, որոնք այլեւս գործունեություն չեն իրականացնում կամ հանգամանքների բերումով բացվել ու ընդհանրապես չեն իրականացրել եւ դեռ չեն էլ լուծարվել, պարտավոր են 1 աշխատողի համար նվազագույն սոցապվճար մուծել՝ ամսական 5000 դրամ: Դժվար թե սա նշանակի` աշխատուժին ստվերից հարկման դաշտ բերել, որովհետեւ այստեղ չաշխատողը ստիպված հարկ է վճարում: Ավելի պարզ ասած՝ իր չաշխատող ընկերությունը պահպանելու համար քաղաքացին պետք է տարեկան 60.000 դրամ հարկ վճարի: Այս հանգամանքը հարկատուների կողմից արժանացավ շատ խիստ որակումների: Նրանք մտածում էին, թե դեռ տարվա սկզբին Ռոբերտ Քոչարյանը խիստ կարգադրել էր բռնել «ստվերին» եւ անպայման բյուջեն լցնել: Իսկ հարկահավաքները, դանայան տակառին նմանվող մեր բյուջեն լցնելու համար, աշխատողներից բացի, իրենց դռները գցեցին նաեւ չաշխատողներին: Մանավանդ, որ սոցապվճարները հարկերի ընդհանուր գումարի հիմնական մասն են կազմում: Եթե անցած տասնմեկ ամիսների ընթացքում հավաքագրվել է 42 մլրդ դրամ շահութահարկ եւ 24 մլրդ դրամ եկամտահարկ, ապա սոցապվճարները կազմել են մոտ 54 մլրդ դրամ: Մինչ այդ գործունեություն չիրականացնող ընկերություններն այդ հարկը չէին վճարում տրամաբանական պատճառաբանությամբ` ինչի՞ համար: Իսկ ՀՊԾ պետի մյուս տեղակալ Արմեն Ալավերդյանն օրենսդրական այս փոփոխությունը որակեց որպես հստակեցում:

«Եթե կա իրավաբանական անձ եւ ըստ իր հայտարարության գործունեություն չի ծավալում, չունի հաշվապահ, տնօրեն կամ առնվազն 1 աշխատող, հարց է ծագում՝ եթե ոչինչ չունեք, այդ իրավական տեսակը ինչո՞ւ եք պահում,- ասում է պարոն Ալավերդյանը: -Մենք ինչո՞վ երաշխավորված լինենք, որ ինչ-ինչ ծախսային եւ իրավունք վերապահող փաստաթղթեր այլ սուբյեկտների չի տրամադրվում: Մենք հո չե՞նք կարող այդ միլիոնավոր փաստաթղթերի հետեւից գնալ: Դրա համար էլ այդ իրավաբանական անձին ասում ենք, դու գոնե մեկ աշխատող պետք է ունենաս եւ նրա համար սոցիալական վճար մուծես: Եթե դա էլ չի կարողանում անել, որովհետեւ ֆինանսական միջոցներ չունի եւ տարեկան գոնե 60-70.000 դրամ չի կարողանում վճարել, ապա ինչո՞ւ ինքնալուծարման չի գնում եւ շարունակում է հանդես գալ որպես կազմակերպություն: Իսկ մենք ամբողջ աշխարհով մեկ ասենք, թե այսքան կազմակերպություն ունենք: Այսօր 130.000 տնտեսվարող սուբյեկտ կա գրանցված, այսինքն` մեր 5-6 ընտանիքներից մեկը բիզնեսով է զբաղված: Դա այդպես չէ, եւ մենք բոլորս դրա առաջ աչք ենք փակել»:

Մինչ այդ չաշխատող ընկերությունները չէին լուծարվում՝ մտածելով, թե` ընկերություն է, թող մնա, մի օր պետք կգա, բախտն իրենց էլ կժպտա, հնարավորություն կստեղծվի, եւ իրենք էլ կաշխատեն: Վերոհիշյալ փոփոխությունից հետո այդ հնարավորությունը սահմանափակվեց, եւ նրանք պարտադրվեցին կատարել ամենամսյա սոցապ վճարումները, հակառակ դեպքում` կավելանար նաեւ տուգանքը: Շատ քչերը սկսեցին վճարել եւ միաժամանակ լուծարել իրենց ընկերությունները, իսկ փորձառուները կամ անճարները ոչինչ չձեռնարկեցին եւ սպասեցին նոր փոփոխությունների:

Օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելու տարին չլրացած` Հարկային պետական ծառայությունն օրենսդրական նոր փոփոխություն նախաձեռնեց. գոյություն ունեցող մոտ 70.000 անհատ ձեռներեցներն ազատվեցին պարտադիր սոցապվճարի կուտակած պարտքերը մարելու պարտականությունից: Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում չաշխատողները: Նրանք ունեին մի քանի տարիների պարտք եւ յուրաքանչյուր չվճարված օրվա համար` 15 տոկոս տուգանք, որոնք միասին յուրաքանչյուրի համար կազմում էին մոտ 300-400 հազար դրամ: Այդ պարտքերի պատճառով չաշխատողները չէին կարողանում լուծարվել, որովհետեւ շատերն ի վիճակի չէին այդքան գումար տալ: Կարելի է ասել, որ Հարկայինը հասկացավ նրանց դրությունը: Բայց պարտքի ներման մասին օրենսդրական այս նոր փոփոխությունը կարծես թե ապացուցում է, որ 1 տարի առաջ «Հաշվապահական հաշվառման» օրենքի մեջ կատարված փոփոխությունն իրեն լիովին չի արդարացրել: Մեկ տարվա ընթացքում Հարկայինն ումից եւ ինչքան կարողացավ` գանձեց: Դա օգուտ մնաց: Եվ կարծես թե այս մեկ տարին ժամանակ էր՝ ստուգելու համար, թե օրենքի թուրը որքա՞ն է կտրուկ, իսկ որտեղ որ բթացավ, այնտեղ ներում ձեռնարկեցին: Պարոն Ալավերդյանը, սակայն, այս դիտարկման հետ համաձայն չէ:

«Այս օրենքը նրա հետ կապված չէ»,- հերքեց Ա.Ալավերդյանը:

Անհատ ձեռներեցների նման կան նաեւ այլ կարգի ընկերություններ՝ ՍՊԸ-ներ, հիմնադրամներ եւ այլն, որոնք նույն ճակատագրով կամ դադարեցրել են իրենց գործունեությունը, կամ բոլորովին էլ չեն իրականացրել, նաեւ չեն լուծարվել, բայց հունվարի 1-ից ստիպված մուծում են պարտադիր սոցապվճարը՝ ամսական 5000 դրամ: Նրանց քանակի մասին տեղեկատվություն դեռ չկա եւ շատերի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ անհատ ձեռներեցների պարտքերը ներեցին, իսկ այլ կարգավիճակ ունեցող իրավաբանական անձինք պետք է շարունակեն իրենց սոցապվճարումները: Չաշխատողները չեն հասկանում, թե ինչի՞ համար են վճարում: Մանավանդ, որ 5000 դրամը հունվարի 1-ից 7000 կդառնա: Նրանք ոգեւորված են եւ մտածում են, թե հնարավոր է, որ ապագայում Հարկայինն իրենց համար էլ այդպիսի մի լույս կբացի:

«Այդպիսի բան չի լինելու,- ասաց Ա.Ալավերդյանը: -Եթե ի վիճակի չեն վճարելու` թող լուծարվեն»:

«Մի քանի տարի առաջ հիմնադրամը բացել եմ, հույս եմ ունեցել, որ կաշխատեմ, բայց չստացվեց,- պատմում էր մի կին, որը չցանկացավ ներկայանալ: -Ի՞նչ անեմ, անընդհատ հույս եւ ծրագրեր եմ ունեցել, թե հես ա-հես ա կաշխատեմ: Հաշվետվություններս միշտ զրոյականով եմ հանձնել: Այս տարի էլ սկսեցի ամեն ամիս սոցապվճար մուծել: Մուծում էի, որովհետեւ տարվա սկզբին դեռ աշխատելու հույս ունեի: Իսկ հիմա զգում եմ, որ դա անհնար է, ես ինչո՞ւ պիտի հենց այնպես ամսական 5000 դրամ մուծեմ: Ապրիլին լուծարվելու համար դիմում տվեցի: Արդեն դեկտեմբերն է, բայց ես չեմ կարողանում լուծարվել, էս հիմնարկից էն հիմնարկն են ուղարկում, թղթեր են ուզում: Հիմա էլ Մաքսայինից են տեղեկանք ուզում, թե ինչ-որ բան ներկրե՞լ եմ: Բայց եթե չեմ աշխատել ու դա փաստաթղթերով երեւում է, ես ո՞նց եմ ներկրել: Ամեն մի գերատեսչությունից թուղթ հանելն էլ մի պատմություն է»:

Հարկայինում համաձայն են, որ լուծարումը շատ երկար եւ խորդուբորդ գործընթաց է՝ Պետռեգիստր-Հարկային-Մաքսային-բանկային համակարգ, նույնիսկ` դատարան: Եվ այս օղակներից յուրաքանչյուրում լուծարվողի համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններ են առաջացնում: Պարոն Ալավերդյանը բոլոր լուծարվողներին ուղղակի խորհուրդ տվեց, եթե գործընթացն իրենց ծառայողներն են ձգձգում, անպայման դիմեն ՀՊԾ գանգատարկման հանձնաժողով:

«Հավատացեք, մենք կքննենք, համապատասխան լուծում կտանք ու այդ ծառայողի նկատմամբ էլ ծառայողական հետաքննություն կնշանակենք: Ծայրահեղ դեպքում կա դատարան»:

Ուղղակի հարկատուները մեր պետական եւ դատական ատյանների նկատմամբ կորցրել են իրենց վստահությունն եւ կասկածում են, թե հօգուտ իրենց հարց կլուծվի: