Դպրոցներում անհայտ ծագման սնունդ է տրվում

22/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ավարտին է մոտենում 2005թ. բյուջետային տարին: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը կրթության ոլորտում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունքները գոհացուցիչ է համարում:

Պետական բյուջեի միջոցների հաշվին պետպատվերն իրականացնելու համար տրամադրվել էր 8,6 մլրդ դրամ: «Բյուջետային տարին առանձնանում էր դպրոցական շենքերի հիմնանորոգման, վերանորոգման, ընթացիկ նորոգման աշխատանքի ծավալով,- ասաց պրն Արեյանը: -Միայն բյուջեի հաշվին դպրոցների հիմնանորոգում ծրագրով նախատեսվել էր 1մլրդ 200մլն դրամ: Ծրագրում ընդգրկվել էր 22 դպրոց»: Վերջինս վստահեցրեց, որ ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ: Պատվիրատուն եղել է ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, որի հետ մեկտեղ քաղաքապետարանը ստուգայցեր է կազմակերպել դպրոցներում: Ուսումնասիրվել են մրցույթով ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների թե՛ որակը, թե՛ պայմանագրով նախատեսված ծավալները, թե՛ կատարման ժամկետները. «Բոլոր կապալառուները տեղավորվել են պայմանագրային ժամկետներում, հաստատված ծավալներում եւ պատշաճ կերպով կատարել են աշխատանքը»,- ասաց փոխքաղաքապետը: Իսկ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով ընդգրկված են եղել 15 դպրոցներ` շուրջ 550մլն դրամի շրջանակներում:

Կաթսայատներ

«Երեւան քաղաքի 2005թ. համաքաղաքային կապիտալ ծախսերի նախահաշվում ունեինք շուրջ 53մլն դրամի տնտեսում,- նշեց փոխքաղաքապետը: -Քաղաքապետի նախաձեռնությամբ, կառավարության որոշմամբ՝ այդ միջոցները տրամադրվեցին դպրոցների նոր կաթսայատների կառուցման եւ առկա կաթսայատների վերագործարկման, ներքին ցանցի նորոգման աշխատանքներին»: Ըստ այդմ, ընդգրկվել են 3 դպրոցներ՝ թիվ 162 (Մալաթիա), 78 եւ 72 (Արաբկիր) դպրոցները: Ներկայումս 42 դպրոցներ անհատական կաթսայատներով ապահովված են լոկալ ջեռուցմամբ: Ծրագիրը շարունակվելու է նաեւ 2006 թվին:

Հակահիգիենիկ սնունդ

Քաղաքապետարանը դպրոցներում արձանագրել է աշակերտների սննդի կազմակերպման հետ կապված թերացումներ: ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները շուրջ 1 ամիս բոլոր դպրոցներում ուսումնասիրություններ են կատարել: Տեսչության կողմից կազմվել է համապատասխան տեղեկանք-զեկուցագիր: Դպրոցներում արձանագրված թերությունները վերաբերել են սննդի ծագմանը, սննդի ծագումը հավաստող փաստաթղթերի բացակայությանը, բուֆետապանի սանգրքույկի բացակայությանը, բուֆետապանի պատահական մարդ լինելուն, սանիտարական պոլիկլինիկ զննություն չանցած լինելուն, հիգիենիկ սանիտարական պայմանների բացակայությանը եւ մի շարք այլ թերություններին: Տեղեկանքի քննարկման արդյունքում բոլոր դպրոցների տնօրեններին տրվել են խստագույն հանձնարարականներ: Պրն Արեյանն ասում է. «Նախ՝ դպրոցի բոլոր տարածքներում պարտավոր են ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ նորմերին բավարարող պայմաններ, սննդի կազմակերպման ժամանակ ազատ լինելով պայմանագրային գործընթացի մեջ՝ պետք է պայմանագիր կնքեն բացառապես այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ապահովված են սննդի արտադրությամբ, մատակարարմամբ, օրենսդրորեն պահանջվող փաստաթղթերով, եւ մատակարարվող ապրանքը պետք է ունենա ծագումը հավաստող փաստաթղթեր: Մենք պարբերաբար շարունակելու ենք այս ոլորտի վերահսկողությունը: Այս խնդիրը լինելու է մեր մշտական հսկողության ներքո: Ինքներս ենք նկատել մեր բացը եւ ինքներս էլ պարտավոր ենք կարգավորել»: