Փախստականներն ու բիզնեսը

22/12/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիում տեղի ունեցած ռուս-վրացական բիզնես-համաժողովը նշանակալից եւ արդյունավետ իրադարձություն էր: Փոխադարձ մեղադրանքների տհաճ ֆոնի վրա այն լուսավոր կետ դարձավ միջպետական հարաբերություններում, որոնք կրկին մտել են սուր ճգնաժամային փուլ: Բայց պարզվեց, որ քաղաքական երկպառակությունները չեն խանգարում Ռուսաստանին՝ լինելու Վրաստանի տնտեսության գլխավոր ներդրողը, իսկ Վրաստանին՝ ՌԴ գլխավոր առեւտրային գործընկերը նախկին խորհրդային տարածքում: Հաշվի առնելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի միտումը՝ կարելի է խոսել տնտեսության ոլորտում սերտ համագործակցության մասին: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին, որ հայտարարել է եկող տարի երկրում սեփականաշնորհման գործընթացի նոր փուլի մասին, ռուսաստանցի գործարարներին կոչ արեց առավելագույն ակտիվություն ցուցաբերել: Երեւում է՝ վերջիններս դեմ չեն անմիջապես գործի անցնելուն: Ամեն դեպքում, արդեն համաժողովի օրերին հայտնի դարձավ, որ ռուսական «Պրոմիշլենիե ինվեստորի» ընկերությունը գնել է խոշորագույն «Մադնեուլի» լեռնահարստացուցիչ կոմբինատը եւ Վրաստանի հարավում պղինձ է արդյունահանելու, ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ն դեմ չէ վերագործարկելու եւ ավարտին հասցնելու բազմակասկադ Խուդոնի ՀԷԿ-ը, որի աշխատանքները կանգնեցվել էին դեռ խորհրդային ժամանակներում` «կանաչների» ճնշման տակ: ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը համաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց, որ առաջընթաց է գրանցվել վրացական երկաթուղու աբխազական հատվածը վերաբացելու հարցում: Ըստ նրա՝ այդ խնդիրը քննարկվել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ, եւ վրացական կողմն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային կապի վերականգնմանը: Ամեն դեպքում, այլեւս կտրուկ պահանջ չի դրվել՝ ապահովել փախստականների վերադարձն Աբխազիա, ապա միայն` խոսել երկաթուղու մասին:

Վրաստանի իշխանություններն ավելի զգուշորեն են արտահայտվում՝ փախստականների վերադարձի խնդիրը կապելով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցի հետ: Ամեն դեպքում, որոշ աղբյուրների համաձայն, Մոսկվան եւ Թբիլիսին համաձայնության են եկել ստեղծել կոնսորցիում, որը կապահովի ճանապարհների վերականգնումը: Այդ կոնսորցիումը երկկողմ չի լինելու, դրան պատրաստ է մասնակցել նաեւ Հայաստանը, որն արտաքին աշխարհի հետ կապի խնդիրներ ունի: Դեռ ավելին, դրան կարող են մասնակցել այլ երկրներ եւս: Միգուցե Թո՞ւրքիան: Թեեւ Անկարային հիմա ավելի շատ հուզում է Կարս-Ախալքալաք երկաթգիծը: Քաղաքագետների կարծիքով, սակայն, դա չի խանգարի Թուրքիային` ցանկության դեպքում մասնակցելու «աբխազական» նախագծին: Երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման համար առանձնապես մեծ փողեր պետք չեն, իսկ դիվիդենտները, հիմնականում՝ քաղաքական, սկզբնական փուլում կարող են շատ շոշափելի լինել:

Բայց արդեն բողոքներ են հնչում, եւ այս նախագիծը, որ բոլոր առումներով հետաքրքիր է ու կարող է տարածաշրջանում լուրջ փոփոխություններ բերել, հարցականի տակ է դրված: Վրաստանի իշխանություններն ամեն դեպքում փախստականների հետ կապված խնդիրների գերի են: Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերաբացման դեմ բողոք են արտահայտել հասարակական կազմակերպությունները: Նրանք համատեղ դիմում են հղել Միխայիլ Սահակաշվիլուն՝ վերջինիս մեղադրելով դավաճանության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «…Սոչիի եւ Թբիլիսիի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերաբացման որոշումը դավաճանություն է, ինչը, փաստորեն, նշանակում է՝ համաձայնել Աբխազիայի կողմից մեր հողերի բռնազավթման հետ»: Խոսվում է նաեւ աբխազական հարցը լուծելու հարցում իշխանությունների անգործության մասին, իսկ ներկայիս նախագահը նույնացվում է նախկին նախագահի հետ, որն այս հայտարարության մեջ «դահիճ» է անվանվում: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է: