Սակայն շինարարությանը զուգահեռ առաջ են գալիս նաեւ բազում խնդիրներ` կապված շինարարության որակի հետ: Հանրապետության շատ դպրոցների շենքեր կառուցելուց կամ վերանորոգելուց 1-2 տարի հետո արդեն վերանորոգման կարիք են ունենում: Եվ, ստիպված, պետությունը կամ հովանավորները ծախսում են կրկնակի գումարներ: Օրինակ` Մարտունու շրջանի Շեխեր գյուղի նորակառույց դպրոցը կառուցելուց կարճ ժամանակահատված հետո հովանավորը ստիպված է եղել լրացուցիչ գումարներ հատկացնել` շենքի հատակը վերանորոգելու համար: Ցավոք, նման շենքեր Ղարաբաղում շատ կան: Հայտնի է, որ դպրոցներում չեն պահպանվում նաեւ սանիտարահիգիենիկ, հակահրդեհային եւ այլ կանոնները: Վերոնշյալ պատճառներից ելնելով` որոշ հովանավորներ, չվստահելով որեւէ մեկին, անձամբ են վերահսկում շինարարական աշխատանքները:
Այս ամենով հանդերձ, պետությունը շարունակում է գումարներ հատկացնել դպրոցների շինարարության եւ վերանորոգման աշխատանքների իրականացման համար: Ըստ ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի, 2006թ. կրթության բնագավառի համար նախատեսվում է 581.7 մլն դրամ, որի շրջանակներում նոր դպրոցներ կկառուցվեն Ասկերան քաղաքում (շինարարության համար կհատկացվի 109.1 մլն դրամ): Մարտունու շրջանում նախատեսվում է շարունակել Եմիշճան եւ Թաղավարդ գյուղերի նոր 90 տեղանոց դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները, որոնց համար կհատկացվի համապատասխանաբար 54.0 մլն եւ 45.0 մլն դրամ: Նոր դպրոց կկառուցվի նաեւ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում, որի համար նախատեսվում է 124.9 մլն դրամ: Շուշիի շրջանում նախատեսվում է ավարտին հասցնել Եղծահող գյուղի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:
2006-ին կվերանորոգվեն մի շարք դպրոցական շենքեր` Ստեփանակերտում, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի եւ Շուշիի շրջանների տարբեր բնակավայրերում: Վերլուծաբանների կարծիքով, ժամանակն է խստացնել շինարարական աշխատանքների վերահսկողությունը: Եթե որոշ հովանավորներ անձամբ են սկսել վերահսկել իրենց գումարներով կատարվող աշխատանքները, ապա պետությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի` լրացուցիչ ծախսերից խուսափելու համար:
Շատերի կարծիքով, շինարարական աշխատանքների որակի հետ կապված խնդիրներն առաջանում են մի քանի պատճառներով: Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվում են հին շինանյութեր, որոնք շինարարները ձեռք են բերում ավելի էժան գներով: «Եթե օբյեկտիվորեն մոտենանք հարցին, ապա շինարարներին մեղադրել չի կարելի, քանի որ շինանյութերի` պետության կողմից սահմանված գները շատ անգամ չեն համապատասխանում շուկայական գներին»,- մեր զրույցի ժամանակ նշեց մի շինարար: Մեր տվյալներով, գալիք տարում պետությունը նախատեսում է վերոնշյալ գների ուղղությամբ փոփոխություններ կատարել: