«ԱրմենՏելը»` Գյումրիի մանկատներում

22/12/2005

«ԱրմենՏել» ընկերությունն` ընտրելով սոցիալական ամենախոցելի խմբին՝ մանկատան երեխաներին, ամենամյա բարեգործական ակցիան շարունակեց Գյումրիում: Ընկերության ներկայացուցիչներն «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսի ուղեկցությամբ օրերս այցելեցին Գյումրիի երկու մանկատներ: Վ. Ֆետսիսն իր բարեգործական առաքելությունը տեսնում է մասնավորապես մանկատներում: Նրա նախաձեռնությամբ Երեւանից Գյումրիի մանկատներ տեղափոխվեցին հեռուստացույցներ, համակարգիչներ, «DVD karaoke», տեսախցիկներ, սառնարաններ, խաղալիքներ եւ տոնական տորթեր: Մանկատան սաների համար բարեգործական այս ակցիան իսկական տոն էր, եւ փոքրիկներն իրենց գոհունակությունն արտահայտելու համար մոտենում էին Վ. Ֆետսիսին ու նստում նրա գրկում: Գյումրիի «Հույս» մանկատանը խնամվում են Շիրակի մարզի 4-18 տարեկան թափառաշրջիկ, մուրացիկ, անօթեւան 68 երեխաներ եւ պատանիներ: Մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանն «ԱրմենՏելի» նախաձեռնությունը ողջունեց՝ ասելով, որ նման այցելությունների ժամանակ երեխաներն իրենց լիարժեք են զգում: «Էական չէ, թե քանի հատ համակարգիչ կամ խաղալիք են բերել, այլ էականն այն է, որ երեխան իրեն միայնակ չի զգում: Նա իրեն հասարակության համար պիտանի մարդ է զգում, եւ կոմպլեքսները վերանում են նրա միջից: «ԱրմենՏելի» նախաձեռնությունը խիստ մարդկային է եւ նպաստում է երեխաների ճիշտ դաստիարակմանը»,- վստահեցրեց պրն Մարկոսյանը: «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վ. Ֆետսիսն էլ իր սերը հայտնեց երեխաների հանդեպ: «Ճիշտ է, կարճ ժամանակով ենք այցելել, բայց մենք շատ երջանիկ ենք ձեր մեծ ընտանիքում լինել գոնե 1 ժամ: Ես ունեմ 2 երեխա, բայց հիմա տեսնում եմ, որ ավելի շատ երեխաներ պիտի ունենայի»,- ասաց նա: Ֆետսիսի այս կարծիքին դահլիճից ինչ-որ մեկն արձագանքեց՝ «Ուշ չէ, հիմա կարող եք սխալը շտկել»: Այս միտքը Ֆետսիսին հաճելիորեն զվարճացրեց: «Մենք փորձում ենք փոքրիկ երեխաների համար անել հնարավորինս, որպեսզի նրանք ունենան լավ ապագա, եւ հավատում ենք, որ «ԱրմենՏելը» փոքրիկների ապագային աջակցելու համար մեծ դեր ունի: Ես շատ հավատում եմ, որ այս փոքրիկները լինելու են մեր բոլորի արժանավոր ապագան: Փոքրիկներն առանձնահատուկ անհատականություններ են»: Երեւանից ժամանած հյուրերի մեջ էր նաեւ «ԱրմենՏելի» ձմեռ պապը, որը մանկատան երեխաների համար մեծ խնջույք կազմակերպեց եւ բազմաթիվ նվերներ բաժանեց: Մանկատան երեխաները դժվարությամբ հրաժեշտ տվեցին հյուրերին, քանի որ նրանց համար այս ակցիան իսկապես տոնախմբություն էր:

Լ.Ս.