Մադրիդի «Ռեալի» բրազիլացի լեգեոներները՝ Ռոնալդոն, Ժուլիո Բապտիստան եւ Ռոբերտո Կառլոսը, երկրպագուներին խնդրել են սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումների ժամանակ չսուլել թիմի խաղացողներին։ Կիրակի օրը տեղի ունեցած Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Արքայական թիմը մրցում էր Օսասունայի հետ։ Մադրիդցիները ոչ միայն չկարողացան հաղթանակ տանել 10 հոգով մնացած մրցակցի նկատմամբ, այլեւ վերջին րոպեներին գոլ ընդունեցին սեփական դարպասը եւ մի կերպ խուսափեցին պարտությունից։ Ողջ խաղի ընթացքում մարզասերները սուլում էին «Ռեալին»։
«Մենք ցանկանում ենք հաղթել, սակայն մեզ խանգարում է լարված մթնոլորտը, որը ստեղծում են երկրպագուները», – ասել է Ժուլիո Բապտիստան։
Ռեալի մեկ այլ հարձակվող՝ Ռոնալդոն, հայտարարել է, որ վերջին ժամանակներս իր համար ավելի հաճելի է խաղալ մրցակցի հարկի տակ, քան «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Իսկ մյուս բրազիլացին՝ Ռոբերտո Կառլոսը, գտնում է, որ երկրպագուների սուլոցը ստիպում է ֆուտբոլիստներին նյարդայնանալ, որի պատճառով նրանք սխալներ են թույլ տալիս խաղադաշտում։
«Երբ տիրում ենք գնդակին, չենք կարողանում կենտրոնանալ։ Երկրպագուները ցանկանում են, որպեսզի ավելի արագ խաղանք, սակայն նրանց սուլելու պատճառով ամենի ինչ ավելի վատ է ստացվում»,- ասել է Կառլոսը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության 3-րդ հորիզոնականը եւ առաջատար «Բարսելոնայից» ետ է մնում 8 միավորով։