Շարապովան կմեկնի Ճապոնիա

21/12/2005

Ռուսաստանի լավագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան այս ամսվա վերջում շրջագայություն կկատարի Ճապոնիայով, որի ընթացքում կայցելի Օսակա, Նագոյա եւ Տոկիո։

Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, Շարապովան ցուցադրական խաղ կանցկացնի Ասիայի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկի՝ Աի Սուգիայամայի հետ։ Թենիսիստուհին նաեւ կգովազդի իր սեփական օծանելիքը, ժամացույցները, ինչպես նաեւ` կմասնակցի նորաձեւության ցուցադրությանը։

Բացի այս ամենից, Շարապովան ծրագրում է նաեւ բարեգործական նպատակներով այցելել մանկական կլինիկա։ Ըստ լրատվամիջոցների, թենիսիստուհին հնարավոր է, որ այցելի նաեւ Հոնկոնգ։

Հիշեցնենք, որ Շարապովան տարին ավարտել է WTA-ի դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ Այդ ընթացքում նա հաղթող է դարձել 3 մրցաշարերում, ինչպես նաեւ` «Մեծ Սաղավարտի» 3 առաջնություններում (Australian Open, Wimbledon եւ US Open) հասել է մինչեւ կիսաեզրափակիչ։ Իսկ Լոս-Անջելեսում անցկացված տարվա ամփոփիչ մրցաշարին նա պայքարից դուրս մնաց տիտղոսից 1 քայլ առաջ՝ կիսաեզրափակիչում զիջելով մրցաշարի ապագա հաղթող Ամելի Մորեսմոյին։