Կրակի վրա՝ յուղ

19/12/2005

Վերջին ժամանակներս հատկապես դաշնակցական մամուլը Հայաստանում եւ դրսում հետեւողականորեն յուրօրինակ PR է սկսել Ջավախքի հարցի շուրջ: Օրերս նոր միջադեպ գրանցվեց. հայ-վրացական սահմանի Ժդանովականի վրացական մաքսատան հայ աշխատակիցներին փոխարինեցին վրացիներով: Այս դեպքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ջավախահայության շրջանում։ Դրան ավելացավ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի պահանջը՝ ավելի քան 600 եկեղեցիների եւ կրոնական շինությունների պատկանելության հետ կապված: Հայկական եւ վրացական մշակութային եւ հոգեւոր հուշարձանների պատկանելության վեճերը նոր չեն, սակայն ինչո՞ւ է այդ հարցը հայկական կողմն առաջ քաշում հենց այս օրերին, երբ քաղաքական լարված իրավիճակ է այդ շրջանում: Բոլորովին չարդարացնելով վրացական կողմի պահվածքը, այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը «կրակի վրա յուղ է լցնում»: Եվ, ամենակարեւորը. Հայ եկեղեցին միշտ խաղաղարարի դերում է հանդես եկել: Արդյոք այս դեպքում Հայ եկեղեցու պահանջը քաղաքական եւ քաղաքացիական բռնկումների առիթ չի՞ դառնա, որից կարող է օգտվել երրորդ կողմը, այն է՝ Ռուսաստանը: Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար արժանապատիվ տեր Վահրամ քահանա Մելիքյանը խոստացավ այս հարցերի պատասխանները մեզ տալ առաջիկայում: Իսկ մինչ այդ կարդացեք Վրաստանից «168 Ժամի» հատուկ թղթակից Յուրի Սիմոնյանի հրապարակումը  եւ Թբիլիսիում կայացած «Քրիստոնեությունը մեր կյանքում. երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողովի զեկույցը։