Հիմա ո՞ւմ հավատանք

19/12/2005

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը եւ այլ անձինք վերջին ժամանակներս լավատեսություն էին հայտնում, որ ղարաբաղյան հարցը, հնարավոր է, մոտ ժամանակներս շուտափույթ լուծում ստանա։ Այդ հայտարարությունների ֆոնի վրա անսպասելի էր ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի դիրքորոշումը, որը կարգավորման հեռանկարը բավական մշուշոտ է պատկերացնում։ Ըստ երեւույթին, Ռ. Քոչարյանը գիտի մի բան, որը չգիտի Ա. Ղուկասյանը։ Ինչեւէ, երեկ նման լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների համայնքի ղեկավար Նիզամի Բախմանովը։ ԵԱՀԿ համանախագահների հանդիպումից հետո Բախմանովը լրագրողներին ասել է. «Ինչպես երեւում է, 2006-ն իրոք կդառնա հակամարտության կարգավորման տարի»։ Նա ավելացրել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման բոլոր միջոցները սպառվեն, Ադրբեջանն, այնուամենայնիվ, կդիմի ռազմական գործողությունների։ Իսկ ամենահետաքրքիրը Բախմանովի այս խոսքերն են. «Ադրբեջանը եւ Հայաստանը շատ մոտ են կարգավորման կարեւոր փուլի հարցում համաձայնության գալուն, որը վերաբերում է Աղդամ-Շուշի-Լաչին-Գորիս-Նախիջեւան միջանցք բացելուն»։