Օսկանյանը նամակ է գրել

19/12/2005

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական գերեզմանատան տապանաքարերի եւ խաչքարերի ավերածությունների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիցուրա Մաացուրային: Նամակն ուղղվել է նաեւ միջազգային այլ կառույցների: Օսկանյանը Մաացուրային տեղեկացրել է, որ այս օրերին հսկա մուրճերով եւ ծանր տեխնիկայով զինված ադրբեջանական զինծառայողները ջարդուփշուր են անում միջնադարյան հայկական գերեզմանատան պատմական հուշարձանները, տապանաքարերը եւ խաչքարերը: «Հայաստանի եւ Իրանի միջեւ գտնվող այդ տարածքը սերունդներ ի վեր բնակեցված էր հայերով: Նշված գերեզմանատանն ավելի քան 10.000 ձեռակերտ տապանաքար եւ խաչքար կար»,- իր նամակում գրում է Օսկանյանը: Վերջինս նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրության ցասումն ու դատապարտումը կդրդի Ադրբեջանին, որպեսզի նա դադարի իրականացնել էթնիկական զտման հավասարազոր, մարդկանց հիշողության ոչնչացման գործողությունները եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին կոչ է արել օգտագործել իր դիրքը՝ կասեցնելու համընդհանուր մշակութային ժառանգության ոչնչացումը: