Հայ-վրացական հարաբերություններն ամենեւին էլ լավագույն փուլում չեն գտնվում: Եկեղեցիների պատկանելության շուրջ մարող վեճը դարձյալ բռնկվելու նշաններ է ցույց տալիս: Վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած կրոնական կոնֆերանսի ժամանակ հայոց թեմի ներկայացուցիչը Վրաստանի հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու անհրաժեշտության հարց բարձրացրեց եւ խոսեց վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից հայկական եկեղեցիները սեփականացնելու մասին:
Այս հայտարարությունները վրաց գիտական շրջանակների եւ հոգեւորականության կողմից սվիններով ընդունվեցին: Հայոց թեմը դրան նույնքան բուռն պատասխանեց: Վեճը ժամանակավորապես հանդարտվել է, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ պատմությունն այդքանով ավարտված է:
Վրացի հայտնի գիտնական, փայլուն պատմաբան Մարիկա Լորդկիպանիձեն թերեւս քչերից մեկն է, որ կարող է, սառնասրտություն պահպանելով, օբյեկտիվ գնահատական տալ ստեղծված իրավիճակին: Վրացական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ քանի որ այդ հարցը բարձրացվել է, պետք է ժամանակին դրան պատասխան տրվի: «Հայերը Վրաստանում իսկապես շատ եկեղեցիներ են ունեցել: Բայց այսօր խոսքն ավելի քան 600 եկեղեցիների մասին է, որոնք իբրեւ թե կառուցել է հայ համայնքը: Այս թիվը խիստ չափազանցված է: Այդ դեպքում հարց է ծագում` իսկ որտե՞ղ էին վրացիները: Առանց կոնկրետացնելու` կարող եմ ասել, որ «ցուցակում» նշված եկեղեցիներից մի քանիսն իսկապես հայկական են եղել, իսկ մի քանիսը` վրացական, բայց որոշ ժամանակ ինչ-ինչ հանգամանքների պատճառով դրանք անցել են հայերի ենթակայության տակ… Հարցը շատ բարդ է եւ նուրբ, այն մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի, եւ պետք է հարցը լուծել առանց ավելորդ հուզականության: Եվ ամենակարեւորն այն է, որ ստեղծված այս իրավիճակից չօգտվի ինչ-որ երրորդ ուժ` բորբոքելով կրքերը»,- ասել է Լորդկիպանիձեն:
Այս դեպքում «երրորդ ուժը» մտացածին գործոն չէ, եթե հաշվի առնենք հերթական լարվածությունը Մեցխեթ-Ջավախեթիի շրջանում, որտեղ հիմնականում հայեր են բնակվում։ Դեկտեմբերի 11-ին տեղի բնակիչները ջարդուփշուր են արել հայ-վրացական սահմանի մաքսային եւ սահմանապահ ուղեկալները` այդ կերպ յուրովի իրենց բողոքն արտահայտելով առեւտուր անելու եւ տեղաշարժվելու ազատության իրավունքի ոտնահարման դեմ: Դրանից քիչ առաջ Ախալքալաքում բախում էր տեղի ունեցել տեղի բնակչության եւ իրավապահների միջեւ: «Սահմանային» բախման մասնակիցներն իրենց հայտարարության մեջ հիշատակել են նաեւ այդ դեպքը: Նրանց դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում խոսվում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունները մոռացել են տարածաշրջանի բնակչությանը տված իրենց խոստումները եւ վարում են տեղի բնակչության իրավունքները ոտնահարելուն նպատակաուղղված քաղաքականություն: Եվ դա` այն դեպքում, երբ տեղի բնակչությունը տարածաշրջանին ինքնավարություն տալու հարց է բարձրացնում: Այս հայտարարության կողքին հայտնվեց մի նամակ` ուղղված Միխայիլ Սահակաշվիլիին, որ ստորագրված է Ղարաբաղյան պատերազմի մի խումբ վետերանների կողմից, եւ որտեղ ոչ այնքան ընդունելի տոնով խոսվում է «Ջավախքի հայերի նկատմամբ ճնշումների մասին»: Չեմ ուզում ուշադրություն բեւեռել այն բանի վրա, որ համաձայն միջազգային տերմինաբանության` այդ շրջանն ամեն դեպքում Ջավախեթի է կոչվում, ոչ թե Ջավախք: Իսկ այդ ի՞նչ վետերանների խումբ է: Մի՞թե դա չի նշանակում միջամտել հարեւան անկախ հանրապետության ներքին գործերին, եթե չասենք, որ դա պարզապես սովորական լկտի սադրանք է:
Իսկ օբյեկտիվորեն տարածաշրջանում իրավիճակը դեպի լավն է փոխվում: Վրաստանի իշխանությունները, որ բավականին շատ խնդիրներ ունեն այլ շրջաններում, չհաշված իրենց ենթակայությունից դուրս եկած Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրը, այնուամենայնիվ, ամերիկյան 300 մլն-անոց գրանտի հիմնական մասն ուղղել են հենց Մեցխեթ-Ջավախեթիին` ճանապարհները վերականգնելու եւ մյուս կոմունիկացիաները կարգի բերելու նպատակով: Նախագահ Սահակաշվիլին անձամբ կարգադրել է, որ բանակի համար պարենը գնվի հենց այս տարածաշրջանից, իսկ տեղի ադմինիստրատիվ մարմիններին թույլատրված է ներքին գործավարությունը մասամբ հայերենով վարել: Այսինքն` տարածաշրջանում լարվածությունը սկսում է սրվել հենց այն ժամանակ, երբ երկրի կենտրոնական իշխանությունները վերջապես լրջորեն ուշադրություն են դարձնում առկա խնդիրներին եւ լավ թե վատ փորձում են դրանք լուծել: Խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը «168 Ժամի» թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ Ջավախեթիում իրավիճակը սրում են մի քանի մարդիկ, որոնց համբավը չի կարելի անբիծ համարել, եւ որոնց քաղաքական կապերը կասկածելի են: Վրացի մի շարք քաղաքագետներ հակված են տեղի ունեցածի մեջ Ռուսաստանի յուրօրինակ վրեժը տեսնել` կապված Հարավային Օսեթիայում դիրքերը կորցնելու հետ. կրքերը բորբոքելու ձեռագիրը չափազանց նման է:
Տարածաշրջանային անվտանգության Հարավկովկասյան ինստիտուտի (SCIRS) գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին գտնում է, որ տվյալ փուլում իրավիճակը վերահսկելի է եւ առանձնակի մտահոգություն չի առաջացնում: «Այնուամենայնիվ, ես առաջարկում եմ արդեն հիմա, առանց հետաձգելու, կոնֆերանս կամ հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական, գիտական շրջանակների, հոգեւորականության, մտավորականության, մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ` քննարկելու գոյություն ունեցող խնդիրները, որոշակի լուծումներ մշակելու, եթե կուզեք` վրաց-հայկական հարաբերությունները ուսումնասիրող կենտրոն ստեղծելու: Լավ կլիներ, եթե նման ցանկություն ծագեր հայկական կողմի մոտ` ի դեմս որեւէ հասարակական կամ քաղաքական կազմակերպության: Դա կարող էր համագործակցության համար հիմք դառնալ»,- ասաց Ռուսեցկին «168 Ժամին»:
Այս իրավիճակում, երբ իշխանությունները լռում են հասունացող խնդրի մասին, եւ վտանգ կա, որ դրանից կարող է օգտվել որեւէ երրորդ ուժ, SCIRS-ի ղեկավարի առաջարկը ռացիոնալ է եւ ուշադրության արժանի…