Ի՞նչ մեղք է գործել «Ֆորպոստը»

19/12/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ այցով մեկնեց Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին։ Բոլորի համար պարզ էր, որ նախագահները պետք է համաձայնության գան գազի գնի հարցում։ Երեկ անհամբերությամբ հետեւում էին լրահոսին՝ իմանալու համար, թե վերջապես ինչ լուծում է ստանալու այս հարցը։

Սակայն հստակ պատասխան այդպես էլ չկարողացանք ստանալ։ Մոտ 5 ժամ տեւած բանակցություններից հետո Քոչարյանն ու Պուտինը հանդիպել են լրագրողների հետ։ ՌԴ նախագահը նշել է, որ իրենց համագործակցությունը Հայաստանի հետ կոռեկտ է եւ համապատասխանում է երկու երկրների միջպետական հարաբերությունների ոգուն։

Գազի սակագնի մասին կոնկրետ ոչինչ չի նշվել։ «ԱՊՀ երկրների ապագան կախված է գազից, սակայն ոչ գազի գներից։ Տնտեսվարող սուբյեկտները բանակցություններ են վարում, կան պայմանավորվածություններ, թղթեր, պայմանագրեր, գործընթացը շարունակվում է։ Այդ խնդիրը քննարկում են տնտեսվարող սուբյեկտները, նրանք են իրար մեջ զբաղվում առեւտրով։ Մենք առեւտրով չենք զբաղվում»,- հայտարարել է Վ. Պուտինը։

Հետաքրքիր է, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը, որին պատահական մարդ չես համարի, Երեւանում հայտարարեց, որ գազի գների հետ կապված վերջնական որոշում կկայացնեն նախագահները, իսկ վերջիններս էլ դա «գցում» են տնտեսվարողների վրա, այսինքն՝ «Գազպրոմի» եւ «ՀայՌուսագազարդի»։

Այդուհանդերձ, ՌԴ նախագահը որոշ բաներ հասկացրել է՝ նշելով, որ «Մեծ Բրիտանիայում 1000խմ գազի գինը հասնում է 1000 դոլարի, մինչդեռ Ռուսաստանը արեւմտաեվրոպական երկրներին գազ է մատակարարում ընդամենը 250 դոլարով»։ Եթե ՌԴ նախագահի համար 250 դոլարը «ընդամենն» է, ապա մեր դեպքում ենթադրվող 110 դոլարը «ընդամենն ու ընդամենն է»։ Արդյո՞ք Վ. Պուտինի խոսքերը կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ. մյուսներին 250-ով ենք վաճառում, այնպես որ, եթե ձեզ դրանից 2 անգամ պակաս գնով վաճառենք, դժգոհ չպիտի լինեք։ Դժվար է ասել։

Բանակցություններին ներկա են եղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԱՕ ԵԷՍ-ի նախագահ Անատոլի Չուբայսը, իսկ մեր կողմից՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը։

Թեեւ երկու երկրների նախագահները նշում են, որ գոհ են հարաբերությունների մակարդակից, սակայն վերջին զարգացումները ստիպում են նորովի նայել այդ հարաբերություններին։ Մենք համարվում ենք ՌԴ ռազմավարական գործընկեր, սակայն թե ինչ արտոնություններ ունենք «ոչ այնքան ռազմավարական գործընկերների» համեմատ եւ մինչ այժմ ինչ ենք դրանից շահել, հայտնի չէ։ Ավելին, ռուսները մեծահոգաբար ներում են ինչ-որ երկրների պարտքերը, իսկ մեզանից՝ իրենց գործընկերոջից, պարզապես խլեցին 5 կարեւոր գործարաններ, որոնք մինչ այժմ չեն աշխատում։ Իսկ վերջին զարգացումները՝ կապված գազի գնի հետ, ցույց են տալիս, որ «ռազմավարական գործընկերությունը» միայն գեղեցիկ բառ է։ Մեզ փորձում են համոզել, որ դրանից նեղանալ պետք չի, շուկայական հարաբերություններ են՝ ինչ կարող ես անել։ Շատերի կարծիքով Ռուսաստանը փորձում է վերականգնել իր նախկին ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրներում եւ դա անում է տնտեսական լծակներն օգտագործելով՝ մասնավորապես գազի միջոցով։ Ուկրանիայի քայլերին ի պատասխան, որոնք սպառնում էին մեծացնել իրենց երկրի տարածքով Գերմանիա արտահանվող գազի տարանցման գինը, ռուսները նախկինում առաջարկած 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ պահանջում են 220 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Ինչպես երեկ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Ս. Միրոնովը` «Ուկրաինային առաջարկվող գները լիովին իրական են»։ Եթե սա ամերիկամետ դարձած Վրաստանին եւ Ուկրաինային պատժելու ձեւ է, ապա ի՞նչ մեղք է գործել իրենց «ֆորպոստ» Հայաստանը։ Բանն այն է, որ եթե մեզ գազը վաճառեն զգալիորեն ցածր գնով, ապա պարզ կդառնա, որ շուկայական հարաբերությունների մասին հնչող խոսքերը պարզապես «ՏՑՎՈջՍՈ» են, եւ միջազգային հանրության կողմից ռուսական կառավարությունը կարժանանա սուր քննադատության։ Ռուսները մեզ օրինակ են բերում՝ իրենց քայլերն արդարացնելու համար։ Այսպես, «ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓ» թերթում տպագրված «Սառը պատերազմ – 2006» հոդվածում հեղինակը գրում է. «Գազի գնի թանկացումը վերաբերվում է ոչ միայն «գունավոր դեմոկրատիաներին», այլ նաեւ Ռուսաստանի բարեկամ Հայաստանին եւ անգույն Բելառուսին։ Եվ հատկանշական է, որ ոչ Հայաստանի ղեկավար Քոչարյանը, եւ ոչ էլ անգամ Լուկաշենկոն իրենց մազերը չեն փետում եւ հիստերիկայի մեջ չեն ընկնում, այլ նախընտրում են նորմալ բանակցությունների գործընթացը», – գրում է թերթը։ Իսկ միգուցե ավելի լավ կլիներ, որ «փետեին», վերջիվերջո դա վերաբերում է ողջ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին։

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքը հայտնվել է դժվարին կացության մեջ։ Եթե գազի գնի հարցում Հայաստանի համար բացառություն արվի, ապա դա կնշանակի երկակի ստանդարտների կիրառում։ Իսկ եթե գինն այնուամենայնիվ բարձրացնեն, անգամ մինչեւ 110 դոլար (որը 2 անգամ ցածր է Ուկրաինային առաջարկվող գնից), կփոխվի մեր ժողովրդի վերաբերմունքը ռուսների հանդեպ, եւ դա անգամ կարող է վատացնել ռազմավարական գործընկերների հարաբերությունները։

Դեռեւս պարզ չի, թե ինչ համաձայնություն վերջիվերջո կհրամցվի հանրությանը։ Մինչեւ նրանց հանդիպումը խոսակցություններ կային, որ հնարավոր է թանկացման դիմաց ՌԴ-ն սուբսիդիա տրամադրի Հայաստանին, որով վերջինս կփակի ավելացած գումարը։ Սակայն սա, ըստ էության, «տուն-տունիկ» է, որը ոչնչով չի տարբերվում այն պարագայից, եթե գինը թողնվում է նույնը։ Այսպիսի էժանագին հնարքով ոչ ոքի հնարավոր չէ խաբել։

Իսկ առայժմ գտնվում ենք անորոշության մեջ, որը, շատ հնարավոր է այսօր վերջանա։ Փաստն այն է, որ մեր «բարեկամ» երկիրը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզենա։ Ինչ անես, «ֆորպոստի» հետ ամեն ինչ էլ կարելի է անել. ասենք, կարելի է գործարաններ խլել, կարելի է գազը թանկացնել, սակայն թույլ չտալ նորմալ գազամուղ կառուցել, որի պատճառով Իրանից եկող գազամուղի 1500մմ-անոց տրամագիծը Հայաստանում դառնում է 750մմ, որպեսզի ապագայում չկարողանանք իրանական գազը արտահանել այլ երկրներ եւ չվնասենք ռուսական շահերին։