Նոյեմբերի 24-26-ը Թբիլիսիում տեղի էր ունեցել «Քրիստոնեությունը մեր կյանքում. երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողով, որին մասնակցում էին կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Վրաստանից եւ արտերկրից: Համաժողովին մասնակցելու համար կազմակերպիչները խնդրել էին Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Հայոց թեմին՝ զեկույց ներկայացնել «Քրիստոնեությունը եւ պետությունը» թեմայով: Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի հանձնարարությամբ իրավական հարցերով նրա խորհրդական Լեւոն Միրզախանյանը զեկույց էր պատրաստել «Վրաստանի Հայոց թեմը. պատմություն եւ այժմեականություն» թեմայով, որը ներկայացվել է Համաժողովում: Մեր ձեռքին է այդ զեկույցը, որից որոշ հատվածներ կներկայացնենք մեր ընթերցողին:
«Պատմական հանգամանքների բերումով հայերը Վրաստանում միշտ էլ կազմել են հիմնական բնակչության հիմնական խմբերից մեկը: Եվ դարեր շարունակ այստեղ գոյություն է ունեցել նաեւ Հայ Առաքելական եկեղեցին: Ըստ տարբեր աղբյուրների` այն Վրաստանում գործում է 5-րդ դարից: Դարերի ընթացքում Հայոց թեմը Վրաստանում կառուցել է ավելի քան 600 եկեղեցի եւ կրոնական շինություններ: ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Վրաստանի անկախացումից հետո երկիրը բռնել է ժողովրդավարության ուղին: Իսկ ժողովրդավարության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը հավատքի ազատության ապահովումն է: Սակայն Վրաստանում դրա հետ կապված որոշակի խնդիրներ կան, որոնցից ամենակարեւորը իրավականն է. չկան օրենքներ, որոնցով կարգավորվի կրոնի ազատությունը: Միաժամանակ լուծված չեն դարեր ի վեր Վրաստանի Հայոց թեմին պատկանող մի շարք եկեղեցիների պատկանելության հարցերը: Այսպիսով, մենք անհրաժեշտ ենք համարում.
1. Վրաստանի Հայոց թեմի համապատասխան իրավական կարգավիճակի հարցի լուծումը:
2. Վրաստանի օրենսդրության բարելավումը, որով կկարգավորվեն կրոնի ազատության եւ կրոնական կազմակերպությունների գործունեությունը:
3. Վրաստանի Հայոց թեմին հանձնել այն եկեղեցիները, որոնք դարեր շարունակ պատկանել են Վրաստանի Հայոց թեմին»:
Զեկույցը ներկայացնելու ընթացքում Թբիլիսիի քաղխորհրդի նախկին անդամ պրն Ջոնդի Բագատուրիան բավականին ագրեսիվ է արձագանքել: Երբ Լ. Միրզախանյանն ավարտել է զեկույցը, լսարանից հարցերի տարափ է սկսվել: Պատմաբան Մարիկա Լորդկիպանիձեն հարցրել է, թե ինչպե՞ս է Հայոց թեմը պնդում, որ կան փակված հայկական եկեղեցիներ, երբ իրականում դրանք վրացական են եւ այնտեղ վրացերեն գրություններ կան, իսկ պեղումների արդյունքում հայտնաբերվել են վրացական տապանաքարեր: Թբիլիսիի պետհամալսարանի նախկին ռեկտոր Ռոին Մետրեւելին նստած տեղից արձագանքել է, թե Միրզախանյանի զեկույցը պետք չէ լուրջ ընդունել, եւ առաջարկել է ընդհանրապես զեկույցը չքննարկել: Լսարանը պաշտպանել է այդ առաջարկը, բայց շուտով մտափոխվել է եւ Միրզախանյանին հնարավորություն տվել պատասխանել հարցերին: Ապա դարձյալ վիրավորանքներ են հնչել Վրաստանի Հայոց թեմի եւ նրա ներկայացուցիչների հասցեին: Համաժողովին մասնակցող ակադեմիկոսներն ու պրոֆեսորները խոսում էին այն մասին, որ Վրաստանի Հայոց թեմի ներկայացրած զեկույցն ընդհանրապես չպետք է մտնի զեկույցների ժողովածուի մեջ: Սակայն Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Դանիիլն ասել է, որ ինքն է ղեկավարում խմբագրական խորհուրդը, եւ ոչ մեկն իրավունք չունի որեւէ մեկին արգելելու արտահայտել սեփական կարծիքը: Սակայն նա նշել է նաեւ, որ խմբխորհրդին նույնպես այնքան էլ դուր չի եկել զեկույցը:
Զեկույցի ողջ ընթացքում Բագատուրիայի պահվածքն անցնում էր տարրական քաղաքավարության սահմանները, նա անգամ վիրավորել է միտրոպոլիտ Դանիիլին: Համաժողովի վերջում խոսք է խնդրել պրոֆեսոր Դավիթ Մուսխելիշվիլին, որն ասել է. «Հարգելի պրն Լեւոն, Վրաստանում Հայոց թեմ չի եղել ոչ 5-րդ, ոչ 25-րդ դարում: Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում «թեմ»:
Պատրաստեց Ա. ԱՎԱԳՅԱՆԸ