«168 Ժամ»-ը դիմել էր «Հայկական երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Արարատ Խրիմյանին` փորձելով պարզաբանումներ ստանալ որոշ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես` թե ինչ սկզբունքներով է «Հայկական երկաթուղին» աշխատում տարբեր երկրների, մասնավորապես` Ուկրաինայի երկաթուղիների հետ: Եվ արդյո՞ք գումարը փոխանցվում է միայն բեռը ստանալուց հետո: Բեռնաթափման ուշացումներն ի՞նչ ազդեցություն են ունենում «Հայկական երկաթուղու» ծախսերի վրա: Միմյանց նկատմամբ ինչպիսի՞ պարտք ու պարտավորություններ ունեն «Հայկական երկաթուղին» եւ Ուկրաինայի «Ուկրժելեզնիցան»: Մեզ հետաքրքրում էր նաեւ այն հարցը, թե «Հայկական երկաթուղու» միջոցով հայաստանյան արտադրողներն արտահանո՞ւմ են իրենց արտադրանքը Ուկրաինա: Եթե այո, ապա դա սպասարկվում է հայկակա՞ն, թե՞ ուկրաինական վագոններով: Այսօրվա դրությամբ կա՞ որեւէ երկիր, որի հանդեպ «Հայկական երկաթուղին» պարտք ունի, եւ այդ երկիրն արգելում է ապրանքի ներմուծումը Հայաստան: Երեկ վերջապես ստացանք «Հայկական երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Ա. Խրիմյանի պատասխանները մեր հարցերին: Ըստ Ա. Խրիմյանի՝ «Երկաթուղային բեռնափոխադրումները կարգավորվում են միջպետական համաձայնագրերով, պայմանագրերով եւ տվյալ պետությունում գործող օրենսդրությամբ: Բեռնափոխադրումներն իրականացվում են թե՛ մեր ընկերության, թե՛ տարբեր միջնորդ կազմակերպությունների միջոցով, բացի այդ, բեռնատերը կարող է ինքնուրույն իրականացնել բեռնափոխադրումները: Տվյալ պետության տարածքով բեռնափոխադրումների գումարը վճարվում է կանխավճարային եղանակով: Ֆինանսական պարտավորություններ են առաջանում ոչ միայն տվյալ պետության տարածքով բեռ փոխադրելու համար, այլեւ տվյալ պետությանը պատկանող վագոնի օգտագործման համար, որոնց գումարները հաշվարկվում են միջպետական համաձայնագրերով սահմանված սակագներով, ընդ որում, վագոնների օգտագործման գումարները հաշվարկվում են այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում տվյալ վագոնը գտնվում է այլ պետության տարածքում: Հարկ է նշել, որ միջպետական բեռնափոխադրումների գերակշիռ մասն իրականացվում է Ուկրաինայի տարածքով, որտեղից լաստանավերով վագոնները տեղափոխվում են Վրաստան եւ այնուհետեւ` Հայաստան: Այդ պատճառով «Ուկրժելեզնիցայի» հետ առաջանում են ընթացիկ պարտքեր եւ պահանջներ, որոնք աշխատանքային կարգով մարվում են: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներում մեր վագոնների օգտագործման ընդլայնմանը, հարկ է նշել, որ բեռների ներկրման ծավալների աճի հետ կապված` աճում է այլ երկրների պատկանելության վագոնների քանակը: Չնայած մեր ընկերության ոչ բավարար ֆինանսական դրությանը` միջոցներ են ձեռնարկվում պարտքերի մարման եւ բեռնափոխադրումների անվտանգ եւ անխափան իրականացման ուղղությամբ»: