Հայաստանում անվճար իրավական տեղեկատվական համակարգն արդեն իրողություն է: Որպեսզի մեր ողջ օրենսդրական դաշտը հասանելի լինի հասարակության լայն շերտերին, Դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում պատրաստվել է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ: Երեկ տեղի ունեցավ այս համակարգի շնորհանդեսը: Այցելելով www.arlis.am եւ www.laws.am հասցեներ` ցանկացած ոք կարող է անվճար ծանոթանալ, ձեռք բերել, տպել Հայաստանի ամենատարբեր օրենքները, իրավական ակտերը: Իսկ ինտերնետի հնարավորություն չունեցողների համար պատրաստվել են լազերային սկավառակներ, որոնք կարելի է ձեռք բերել մատչելի գներով: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով`նույնիսկ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանն իրենց նման շռայլություն թույլ չեն տվել: Նախարարը նշում է, որ կայքում տեղադրված ինֆորմացիան դեռ վերստուգման կարիք ունի, հնարավոր են թերություններ ու աննկատելի սխալներ: