Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան կարելի էր ենթադրել: Եվ եթե իշխանական ճամբարում հակասություններն առայժմ չեն վերաճել կոնկրետ գործողությունների (կոալիցիայի ոչ մի կողմ դեռ չի հայտարարել այդ միավորումից դուրս գալու մասին), ապա ընդդիմության ճամբարում առաջին քայլերն արդեն արված են` Ստեփան Դեմիրճյանը այլեւս չի մասնակցի հանրահավաքներին եւ դեռ չստեղծված, սակայն արդեն քանիցս չարչրկված, «Հայաստան» ֆորմատին:
Փաստորեն, այս քայլով Ստեփան Դեմիրճյանը, մտածված թե պատահական, միացավ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո նույն մարտավարությունը հայտարարած Արտաշես Գեղամյանին: Բնականաբար, այս պարտիայում մենք չենք խոսի իշխանական թեւի մասին (այդ պարտիան մենք կվերլուծենք ավելի ուշ):
Սպիտակների ճամբար
Թագավոր – Ստեփան Դեմիրճյան
Թագուհի – Արտաշես Գեղամյան
Նավակներ – իշխանամետ ուժեր
Փղեր – աշխարհաքաղաքական ուժեր
Ձիեր – ԶԼՄ-ներ
Զինվորներ – պասիվ ընտրազանգված։
Սեւերի ճամբար
Թագավոր – Արամ Սարգսյան
Թագուհի – «Հայաստան» ֆորմատի պոտենցիալ անդամներ
Նավակներ – իշխանամետ այլ ուժեր
Փղեր – աշխարհաքաղաքական ուժեր
Ձիեր – ԶԼՄ-ներ
Զինվորներ – ակտիվ ընտրազանգված։
Խաղում են սպիտակները
Սպիտակները, որոնք 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ստացան ընդդիմադիր էլեկտորատի ձայների մեծամասնությունը, այսօր ուզում են ֆիքսել այդ փաստը մնացած ընդդիմադիր ուժերի համար, ապացուցել բոլորին, որ ընդդիմության լիդերներ մնում են իրենք, եւ, որ ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության շատ անդամներ այսօր պատգամավոր են հենց Ստեփան Դեմիրճյանի այն ժամանակվա վարկանիշի շնորհիվ: Այսպիսով, Ս. Դեմիրճյանը հասկացնում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ինքը կվարվի այնպես, ինչպես վարվեց Արտաշես Գեղամյանը դեռ 2003-ին՝ ընտրություններին կմասնակցի միայնակ` առանց որեւէ դաշինքի:
Խաղում են սեւերը
Սեւերն, իրենց հերթին, ուզում են հասկացնել, որ սպիտակների թագավորը ժամանակին ընդդիմության լիդեր է դարձել նաեւ իրենց շնորհիվ եւ, որ այսօր թե ողջ ընդդիմության, թե այդ լիդերի վարկանիշը կտրուկ նվազել է, եւ ընդդիմությանը նոր լիդեր է պետք: Իսկ եթե «Հայաստան» ձեւաչափը ստեղծվի այն կազմով, որի մասին այսօր խոսվում է (Վազգեն Մանուկյան, Արամ Սարգսյան, Արամ Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան), ապա պարզ է դառնում, որ սեւերն ընտրելու են, այսպես կոչված, «Առանց ընդգծված լիդերի» մարտավարությունը:
Խաղում են սպիտակները
Այս պարագայում, կամա թե ակամա, սպիտակների եւ սեւերի ձիերը (տարբեր ԶԼՄ-ներ) մտնում են բարդ հակամարտության մեջ: Իսկ ահա փղերը (աշխարհաքաղաքական ուժեր) առայժմ պասիվ դիրք են գրավել, եւ, կարծում եմ, խաղի մեջ կմտնեն ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ հակամարտող կողմերի իրական վարկանիշի մասին կունենան հստակ տվյալներ: Բնականաբար, այդ ընթացքում սպիտակները կփորձեն համոզել ժողովրդին` ակտիվություն ցուցաբերել:
Խաղում են սեւերը
Սեւերն` իրենց հերթին, եւս հասկանում են, որ ժողովուրդը պասիվ է (ապացույց՝ վերջին հանրահավաքները), սակայն ամեն ինչ անելու են, որ արդեն 2006-ին ակտիվացնեն իրենց զինվորներին: Եթե դա ստացվի, ապա նրանք կդառնան ուժ, որի հետ հաշվի կնստեն թե իշխանությունները, թե դրսի ուժերը: Իսկ եթե՝ ոչ, ապա, ի տարբերություն Գարրի Կասպարովի, որը թողեց ակտիվ շախմատը, որ զբաղվի քաղաքականությամբ, նրանք կթողնեն ակտիվ քաղաքականությունը, որպեսզի բակերում շախմատ խաղան:
Խաղում են սպիտակները
Եթե հաշվի առնենք Արտաշես Գեղամյանի տարիքը եւ Ստեփան Դեմիրճյանի «ոչ քաղաքական լինելը», ապա պարզ է դառնում, որ այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում, նրանց լրիվ բավականացնում է: Այսինքն, դե յուրե՝ քաղաքական ընդդիմության լիդեր, դե ֆակտո՝ Ազգային ժողովում` մի քանի աթոռ արդյունքները:
Խաղում են սեւերը
Սեւերն այսօր ոչ դե յուրե եւ ոչ էլ դե ֆակտո չունեն ոչինչ, բացի հարեւան երկրների հեղափոխությունների փորձից, որն էլ նրանք փորձում են դարձնել իրենց հիմնական խաղաքարտը: Այնուամենայնիվ, թե սեւերին, թե սպիտակներին սպառնում է պատային վիճակ, որից կարող են օգտվել նորաստեղծ կուսակցությունները:
Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան
Մեր ժողովուրդը բավական անկանխատեսելի է, եւ դեռ պարզ չէ, թե հաջորդ ընտրություններում ո՞ւմ կնախընտրի: Ստեփան Դեմիրճյանը սիրում է պասիվ, իսկ Արտաշես Գեղամյանը՝ քիչ ակտիվ խաղաոճը, սակայն երկուսն էլ հասնում են թեկուզ` մինիմալ, բայց` որոշակի արդյունքի: Իսկ «Հայաստան» ձեւաչափի անդամները նախընտրում են ավելի ակտիվ խաղաոճ (ստացվո՞ւմ է դա նրանց մոտ, թե՞ ոչ, դա այլ խնդիր է), սակայն մինչ օրս դա նրանց ոչ մի շոշափելի արդյունքի չի բերել: Չնայած նրանք հասկանում են, որ եթե գոնե մեկ անգամ հաղթող դուրս գան այս պայքարում, ապա կունենան շատ ավելին, քան այսօր ունեն Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Այսինքն, մենք ունենք երկու կոնցեպցիա` «Ոսկե միջին» եւ «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ»: Թե որը կդառնա հաղթող` կիմանանք հաջորդ ընտրություններից անմիջապես հետո: