Երեկ Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը: Հիշեցնենք, որ Փամուկը մեղադրվում է թուրք ժողովրդին եւ Թուրքիային նսեմացնելու մեջ: Փետրվարին շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ նախորդ դարասկզբին Թուրքիայում 30.000 քուրդ եւ
1 մլն հայ է սպանվել: Նախօրեին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը կարծիք է հայտնել, թե Փամուկի դատավարությունը լակմուսի թուղթ է, որը կերեւակի Թուրքիայի հավատարմությունը խոսքի ազատությանը: «Թուրքիան պետք է վերանայի ազատորեն իրենց կարծիքն արտահայտած մարդկանց ձերբակալություններն ու դատավարությունները»,- ասել է նա ու հավելել, թե սա ոչ միայն լրագրողների ու գրողների, այլեւ ընդհանրապես Թուրքիայի խնդիրն է, եւ կարեւոր է, որ Թուրքիան լուծի այն կարճ ժամանակում: Օլի Ռենը նաեւ ասել է, թե Ստամբուլի դատարանում իրականում դատվելու է ոչ թե Փամուկը, այլ՝ Թուրքիան: