2004թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց սպանված Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Գրիգոր Պոդոսյանի եւ երեւանաբնակ Ստեփան Ալիխանյանի գործով քրգործը, կարելի է ասել, բարեհաջող պարտակվեց:
Երկու հոգու սպանության մեջ մեղադրվող Ստեֆան Ալիխանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ նրա հանցակիցը պարզապես անմեղ ճանաչվեց եւ ազատ արձակվեց: Տուժողների իրավահաջորդների բողոքներն առայժմ հաջողության չեն հասնում: Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Արա Զաքարյանի Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը չի ընդունվել, փաստաբանից պահանջել են լիազորագիր: «Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ հանդես գալու համար փաստաբանին որեւէ լիազորագիր պետք չէ, հատկապես, որ իմ վստահորդները խնդրի առնչությամբ դիմել են դատարան, եւ դատական տարբեր ատյաններում ես հանդես եմ եկել որպես իրենց ներկայացուցիչ»,- փաստաբան Արա Զաքարյանն ասածը հիմնավորելու համար վկայակոչում է ՀՀ Քրօրի 78 հոդվածի երկրորդ մասը եւ անհեթեթ է համարում Վերաքննիչ դատարանի դատավոր Դարբինյանի՝ առանց լիազորագրի բողոքն ընդունված չհամարելու որոշումը, ինչը կրկին պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում: «Եթե Վճռաբեկն էլ քննության առարկա չդարձնի մեր բողոքը (ինչի հավանականությունը, կարծում եմ, մեծ է՝ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի վերջերս ձեւավորված պրակտիկան, այն է՝ բազմաթիվ այլ գործերով բողոքները քննության առարկա չդարձնելու առումով), ապա այս պարագայում լիովին հիմքեր կունենանք դիմելու Եվրոպական դատարան»,- ասում է Ա. Զաքարյանը:
Իսկ մինչ այդ տուժողների իրավահաջորդներին ահաբեկում են: «Դեկտեմբերի 14-ի ժամը 19.00-ի սահմաններում հեռախոսազանգ եղավ, երիտասարդ տղայի ձայնով մեկն ասաց՝ ձեններդ կտրեք, թե չէ՝ ձեր աղջիկն էլ կհայտնվի եղբոր կողքը»,- պատմում է Ստեփան Ալիխանյանի մայրը՝ Ալինա Ալիխանյանը: Դեպքի մասին նրանք տեղյակ են պահել Ոստիկանությանը:
Գիզիրյանն իրեն հերքեց, դատարանն էլ իրենն արեց
Սպանության առիթով հարուցված քրգործի ընթացքում Ստեֆան Սուկասյանի հետ միաժամանակ որպես մեղադրյալ էր ներգրավված նաեւ Աշոտ Քանանովը: Բացի երեք վկաների բազմիցս տված ցուցմունքներից, այդ մասին հաստատում էր նաեւ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Ա. Գիզիրյանի 29/3-1-1289 գրությունը, որով պրն Գիզիրյանը դեռեւս 24.11.2004թ. հայտնում է, որ «օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Ախալցխա քաղաքի բնակիչ Աշոտ Քանանովը նախօրոք հանցավոր համաձայնության է եկել Ստեֆան Սուկասյանի հետ Գ. Պոդոսյանին սպանելու համար եւ դեպքի վայրից դիմել է փախուստի»: Սակայն 14.07.2005թ. պրն Գիզիրյանը հանդես է գալիս մի այլ գրությամբ, որով հիմնահատակ հերքում է ինքն իրեն՝ «օպերատիվ միջոցառումների արդյունքում որեւէ տվյալ ձեռք չի բերվել՝ նշված սպանության կատարմանը Ա. Քանանովի մասնակցության վերաբերյալ»: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատիվ հետախուզման միջոցառումները ներկայացվում են նախաքննության մարմնին, եւ նախաքննության մարմինն` ընտրելով այդ տվյալները՝ ըստ էության որոշում է քննության ուղղությունը, այս գրությունից հետեւում է, որ պրն Գիզիրյանն ուղղակիորեն փորձել է ազդել նախաքննության իրականացմանը»,- ասում է փաստաբան Ա. Զաքարյանը: Դատախազությունը ոչ միայն որեւէ բան չի ձեռնարկել պրն Գիզիրյանի «ինքնահերքման» պատճառներն ի դերեւ հանելու եւ հիմնավորելու, այլեւ շարունակել է գործել հար եւ նման ձեռագրով: Մասնավորապես՝ պարտավոր էր պարզել, թե ինչու հանկարծ գործով երեք վկաներ Ա. Քանանովի հայտնաբերվելուց հետո կտրուկ փոխել են իրենց ցուցմունքները, նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ նախորդ ցուցմունքները կեղծ են եղել: «Ակնհայտ է, որ այդ ցուցմունքներից մեկը կեղծ է, սակայն նախաքննության մարմինը որեւէ միջոցառում չի ձեռնարկել դրանք ստուգելու եւ պարզելու համար, ինչպես նաեւ հրաժարվում են որեւէ գնահատական տալ պրն Գիզիրյանի այդ երկու իրարամերժ գրություններին, այսինքն՝ եթե գեներալ-մայոր Գիզիրյանը նման էժան քայլերի կարող է գնալ եւ պատասխանատվության չենթարկվել, ապա պարզ է, որ գործով վկան նույնպես կարող է ցուցմունքը փոխել եւ դրա համար պատասխանատվություն չկրել, կոպիտ ասած՝ դատարանները աջակցեցին ակնհայտ սուտ ցուցմունք տվող անձանց եւ պարտակեցին նաեւ նրանց հանցանքը»,- ասում է փաստաբան Ա. Զաքարյանը:
Ընդ որում, Ա. Քանանովի գործը Ս. Սուկասյանի գործից անջատվել է նախաքննության ավարտման պահին, հենց այդ ժամանակ էլ պրն Գիզիրյանը հանդես է եկել երկրորդ գրությամբ, բացի այդ՝ Սուկասյանի գործով հավաքված բոլոր նյութերը՝ որ վերաբերել են Քանանովին, պատճենների տեսքով գտնվել են նաեւ Քանանովի գործում, եւ քանի որ երկու գործերն էլ քննել է նույն քննիչը, ուստի անհնար է բացառել, որ քննիչը կարող էր չնկատել ակնհայտ հակասությունները: Ուստի մնում է հարցնել՝ ումի՞ց կամ ինչի՞ց էր վախենում Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանի դատավոր Սինանյանը, երբ անտեսում էր անզեն աչքով տեսանելի փաստերը եւ ապօրինի որոշում կայացնում: Հետագայում, երբ տուժող կողմը բողոքարկել է Քանանովի գործի կարճման վերաբերյալ Սինանյանի որոշման դեմ, այս անգամ էլ գործի վարույթը ստանձնած առաջին ատյանի դատավոր Ներսիսյանը, որ պարտավոր էր 10-օրյա ժամանակահատվածում քննության առնել ու որոշում կայացնել, գործը «քնեցնում է» ուղիղ երեք ամիս, ապա դռնփակ նիստում մերժում տուժողների բողոքը: «Մենք բողոքում հստակ նշել էինք բոլոր այն ապացույցները, որոնցով ըստ էության հերքվում էին Քանանովի գործի կարճման բոլոր հանգամանքները՝ հաստատելով որոշման անօրինականությունը, եւ քանի որ Քանանովի գործի կարճման որոշումը հաստատված է եղել նաեւ Դատախազության կողմից, ուստի դատավոր Ներսիսյանին ցանկալի չէր հասարակությանը հայտնի դարձնել այդ հանգամանքները, ուստի նա կամայականորեն Քանանովի դատն անցկացրեց դռնփակ նիստում»,- ասում է Ա. Զաքարյանը՝ շեշտելով, որ դատարանը որեւէ փաստարկ չի բերել իրենց բողոքը մերժելու համար, այսինքն՝ որեւէ կերպ չի հիմնավորել իր գործողությունները:
Սրանք այս քրգործում առկա միակ հակասությունները չեն: Փաստաբանը նշում է, որ բազմաթիվ փաստեր ընդհանրապես անտեսվել են, ինչպես, օրինակ, մակերեսային է կատարվել տուժողների մեքենայի վարորդի հարցաքննությունը, նրա ցուցմունքներում եւս հակասություններ կան, որեւէ միջոցառում չի ձեռնարկվել հայտնաբերելու գործով մեկ այլ վկայի՝ Հակոբ Պետրոսյանին, որ տուժողների հետ միասին նույն մեքենայով դեպքի վայր է ժամանել: Հ. Պետրոսյանի մասին քրգործերում մեկ-երկու թռուցիկ հիշատակում կա, մինչդեռ տուժողի իրավահաջորդները նրան առանցքային դեր են վերապահում՝ նշելով, որ վերջինս սերտ կապեր ուներ Վրաստանի հանցավոր աշխարհի հետ: Չմոռանանք նաեւ, որ տուժողների իրավահաջորդները քաղաքական ենթատեքստ են տալիս կատարվածին: «Իսկ նախաքննության ընթացքում այդ ուղղությամբ որեւէ քննություն չի կատարվել, ինչը եւս հիմք է՝ չբացառելու սպանության քաղաքական շարժառիթները»,- գտնում է Ա. Զաքարյանը: