Մատուցողի աշխատանքը գայթակղիչ է

19/12/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Արդեն պարզ է դառնում, թե մեր հասարակությունում ինչպիսի դեր ունեն յուրօրինակ ծառայություն մատուցող այս անձինք, որոնցից եւ ոչ մեկը պարզ պատճառով համապատասխան մասնագիտություն չունի. մատուցողը մեզանում մասնագիտություն չէ, եւ մատուցողների ուսուցման կենտրոններ չկան: Ովքե՞ր են Հայաստանում մատուցող աշխատում, ի՞նչ սկզբունքներով են վարձատրվում, ի՞նչ դեր ունեն ազգային եկամուտների ստեղծման գործում:

Հասարակությունը չի ընդունում

Պետք է ցավով նշենք, որ հայ հասարակության մեջ արմատացած է այն տեսակետը, որ մատուցող աշխատելը «նվաստ» գործ է: Վերջին մեկ-երկու տարիներին, սակայն, այդ մոտեցումը որոշ դրական փոփոխություններ է կրել: Իրենք` մատուցողներն, այս կարծիքը շատ լավ գիտեն: Բայց ի՞նչն է ստիպում նրանց` չհրաժարվել այս աշխատանքից: Պայմանականորեն մատուցողներին բաժանենք 2 խմբի` ֆինանսական կարիքները բավարարելու համար ստիպված աշխատողներ եւ «պրոֆեսիոնալներ»: Առաջին խմբում հիմնականում միայնակ երիտասարդ մայրերն են կամ այն տղաներն ու աղջիկները, որոնց չի հաջողվել կրթություն ստանալ, եւ այս ճանապարհով փորձում են «իրենց գլուխը մի կերպ պահել»: Բոլոր սրճարաններում ու ռեստորաններում էլ կարելի է հանդիպել այս խմբի մատուցողներին եւ միանգամից ճանաչել: Նրանք սովորաբար անբարեհամբույր են հաճախորդների հետ եւ կարծես փորձում են իրենց հոգսերը «փաթաթել նրանց վզին»: Գործատուներն այս մասին լավ գիտեն, բայց այլընտրանք չունեն, քանզի «պրոֆեսիոնալները» Հայաստանում շատ քիչ են: Վերջիններս, որպես կանոն, ունեն բարձրագույն կրթություն, տարիների փորձ այս բնագավառում եւ սիրում են իրենց աշխատանքը, որովհետեւ դրա շնորհիվ նրանց հաջողվում է «կլոր» գումարներ վաստակել: Նրանցից մեկը` Կարենը, 4 տարի է, ինչ աշխատում է Երեւանի տարբեր ճանաչված սրճարաններում, ռեստորաններում, պիցցայանոցներում: «Թեեւ ամռանը բացօթյա սրճարաններում աշխատանքը «եռում է» ու ֆիզիկապես հոգնեցնում, այնուամենայնիվ, ես նախընտրում եմ հենց այդ սրճարանները, ուր հաճախում են տարբեր ոլորտների ու հետաքրքրությունների տեր մարդիկ, որոնց հետ շփումներն առօրյան դարձնում են ոչ միապաղաղ»,- ասում է Կարենը: Ի դեպ, «պրոֆեսիոնալներին» շատ հաճախ ընտրում են հենց հաճախորդները, որոնք տվյալ հաստատություն են այցելում կոնկրետ մի մատուցողի ծառայություններից օգտվելու համար:

Յուրատեսակ թմրանյութ

Այսպես կարելի է անվանել մատուցողի աշխատանքը: Որովհետեւ երբ երիտասարդները սկզբնական շրջանում որոշում են «ձեռքի հետ աշխատել» ու որոշակի առօրյա հոգսեր հոգալ, հետո դժվարանում են այդ «ճահճից» դուրս գալ: Ի տարբերություն ճահիճի` այստեղ քաշողի դերում փողն է: Պետք է միանշանակ ասել, որ մատուցողը հայաստանյան պայմաններում բավականին լավ գումարներ է վաստակում, կարելի է ասել` երբեմն` ավելի լավ, քան նույն հաստատության մյուս աշխատողները` մենեջերը, բարմենը, գանձապահը եւ այլք: Բանն այն է, որ գործատուն մատուցողին ընդհանրապես չի վարձատրում: Այսօր Երեւանում կան ընդամենը մի քանի սրճարաններ ու ռեստորաններ, որոնք իրենց մատուցողներին սիմվոլիկ գումար են վճարում (օրական 1000-1500 դրամ): Շատ հաստատություններում էլ սպասարկման համար որոշակի տոկոս են գանձում` հօգուտ մատուցողների: Վերջինիս չափը հիմնականում 5% է, իսկ 10%-ի դեպքում կեսը տրվում է բարմենին: Ընդ որում, թե՛ մատուցողի աշխատավարձը, թե՛ տոկոսային գանձումները Հայաստանում գնալով նվազում են` հասնելով «եվրոպական ստանդարտների»: Արտասահմանում պարտադիր կերպով մատուցողին տրվում է թեյավճար: Իսկ հայ մատուցողները բողոքում են, որ մեր հաճախորդներին ոչ մի կերպ չես կարող ստիպել թեյավճար մուծել: Բերենք այն միջինացված թվերը, որ մեր մատուցողները վաստակում են միայն թեյավճարով` սրճարաններում օրական 4-6 հազար դրամ, ռեստորաններում` երբեմն մինչեւ 10-15 հազար դրամ: Հարսանիք սպասարկող մատուցողները հիմնականում ստանում են 10 հազար դրամ: «Այնուամենայնիվ, օրեր են լինում, երբ վաստակում ենք ընդամենը 1000-2000 դրամ, ուստի գտնում ենք, որ գործատուն պետք է մեզ էլ ընդունի որպես աշխատող եւ ապահովի նվազագույն աշխատավարձը»,- միաբերան նշում են բոլոր մատուցողները: Բացի այդ, մեր գործատուները չունեն նույնիսկ աշխատողին խթանելու համակարգ: Լավ մատուցողը, որը կարող է անգամ բարձրացնել հաստատության հեղինակությունը, արժանի է լրացուցիչ վարձատրության: Մեր այն հարցին, թե մի քիչ պակաս աշխատավարձով կհամաձայնեի՞ն արդյոք աշխատել որեւէ գրասենյակում` մատուցողներից շատերը չկարողացան պատասխանել: Դա ապացուցում է այն փաստը, որ չնայած հոգնեցուցիչ լինելուն` մատուցողի աշխատանքը միեւնույն ժամանակ գայթակղիչ է:

Գործատուի աչքերով

Շատ մենեջերներ, մատուցողներին աշխատանքի ընդունելու ժամանակ, բացի արտաքինից` հաշվի են առնում նաեւ փորձը: Մատուցողը կարող է նշել մի քանի հեղինակավոր հաստատությունների անուններ, եւ դա բավարար կլինի աշխատանքի ընդունվելու համար: Աշխատանքային այս հարաբերություններում կա եւս մեկ հիմնախնդիր: Գործատուները մատուցողներին պաշտոնապես չեն գրանցում: Օրինակ, սրճարանն իր հաստիքացուցակում կարող է ունենալ 2-3 մատուցող, ինչը հեռու է «խելքին մոտ» լինելուց: Իսկ սա նշանակում է, որ մատուցողն իր աշխատանքի ընթացքում ստաժ ձեռք չի բերում: Մատուցողներին որպես հիմնական աշխատող չընդունելու փաստը գործատուները հիմնականում բացատրում են այսպես. «Մենք համոզված չենք, որ նրանք լավ կաշխատեն կամ որոշ ժամանակ անց չեն անցնի այլ աշխատանքի»: