«Մեր բակը-3». ամանորյա նվեր

19/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Մեր բակը-3» ֆիլմի նկարահանող խումբը երեկ բավականին ինքնավստահ էր: Ինքնին պարզ էր, որ նրանք իրենց արտադրանքից գոհ են եւ «Մոսկվա» կինոթատրոնում հրավիրած ասուլիսում պարբերաբար վստահեցնում էին՝ «Ինքներդ կդիտեք, կհամոզվեք»: Ֆիլմի պրեմիերան կայացավ լեցուն դահլիճում: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հսկայական աշխատանք է կատարվել:

Ի՞նչ բյուջեով է նկարահանվել ֆիլմը, եւ արդյո՞ք ստեղծագործական խումբը պատշաճ կերպով վարձատրվել է՝ լրագրողների այս հարցերը «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը հմտորեն շրջանցեց. «Գիտե՞ք, շատ հեշտ մաթեմատիկա է, եթե «Մեր բակը-1»-ին գումարենք «Մեր բակը-2»-ի բյուջեն, այնուհետեւ գումարենք իքս՝ կստանանք «Մեր բակը-3»-ի բյուջեն»:

Ինչպես վստահեցրեց դերասան Հրանտ Թոխատյանը` ֆիլմի բյուջեն այնպիսին էր, որ տեխնիկական եւ ստեղծագործական խմբերը հրապարակում աշխատելիս չէին մտածում վարձատրվելու ուղղությամբ: «Մեր բակը-3» ֆիլմն իսկապես թանկ ֆիլմ է, քանի որ այն համեմված է համակարգչային բարձրաճաշակ գրաֆիկայով, բազմաբնույթ դեկորացիայով, մուլտիպլիկացիայով եւ, երաժշտական ինքնատիպ ձեւավորմամբ: Օրերս Մոսկվայում կայացել է ֆիլմի առաջին պրեմիերան, իսկ դեկտեմբերի 20-ին այն կցուցադրվի Լոս Անջելեսում: Բեմադրող ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի կարծիքով՝ հնարավորության դեպքում` 2007թ. կստեղծվի «Մեր բակը-4»-ը, քանի որ այն ժողովրդական, սիրված ֆիլմ է: «Ֆիլմն արծարծում է երեւանցու խնդիրները: Մեր բակը մեր քաղաքն է, որի մեջ մենք տեսնում ենք մեզ բոլորիս: Ընդհանրապես «Մեր բակը» պետք է դառնա սերիալ, որովհետեւ այն շատ հարցեր է բարձրացնում: Եթե միջոցներ լինեն, ապա ես սիրով նորից կնկարահանեմ նման ֆիլմ»,- ասաց պրն Մովսիսյանը: «Մեր բակի» մշտական բնակիչ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի կարծիքով՝ Երեւանի պրոբլեմներն ընդգրկված են ֆիլմի մեջ, ինչը գտնված դասական տարբերակ է. կա գործողության, տեղի եւ ժամանակի միասնություն: «Մեր բակը» մի մեծ աշխարհ է` կենտրոնացած փոքրիկ բակում: Բակի բնակիչները նույնն են, պարզապես հայտնվել են կերպարներ, ովքեր ժամանակի մեջ ակտուալ են: Հանդիսատեսի սիրած տաղավարը նույնն է, որն իրենք՝ բնակիչները համառորեն անվանում են «բեսեդկա»: Դերասան Հրանտ Թոխատյանն, ինչպես միշտ, խաղում է անհայտ տարիքի, որոշակի զբաղմունք չունեցող տղամարդու դեր, որն իրեն համարում է տղա, սակայն խուճապահար է լինում` իմանալով, որ բակի նոր բնակիչ Շուշան Պետրոսյանի փոքրիկ շան անունը նույնպես «Տղա» է: Երբ Շուշանն իր շանը կանչում է՝ ասելով ՝«Տղա», Հրանտն անմիջապես կանգնում է: Ինչպես բոլոր «Մեր բակերում»` Հ. Թոխատյանը սիրում է երեխաներին եւ վախենում է կանանցից: Մի խոսքով՝ «Մեր բակը» երեւանցիներին արդեն հարազատ ֆիլմ է, որը որպես կանոն դիտվում է ծիծաղով ու ծափերով: