Բեմականացված ցուցադրություն

19/12/2005

«Հայ-արտ» մշակութային կենտրոնում երեկ կազմակերպված նորաձեւության ցուցադրությունը զգեստների թատերականացված բեմականացում էր: Ամբողջ այս ձեռնարկն արտացոլում էր մարդկայինը, մասնավորապես` մարդու հայ տեսակը, ինչն արտահայտվում էր հատկապես հայկական դուդուկի մեղեդու եւ նռան ֆոնի միջոցով: Միջոցառման կազմակերպիչ Ռիտա Շառոյանի հավաստմամբ՝ զգեստները ցուցադրելիս նպատակ է դրվել անհատի ներդաշնակությունը, բնավորությունն ու աշխարհայացքը զգեստների միջոցով ի ցույց դնել: Այդ պատճառով էլ հեղինակները ոչ թե մոդելներ, այլ Թատերական ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին եւ Կամերային երաժշտական թատրոնի դերասաններին էին հրավիրել զգեստները ցուցադրելու, այսինքն՝ մարդկանց, ովքեր յուրօրինակ խառնվածք ունեն եւ կարող են զգեստների հետ հետաքրքիր ամբողջականություն ստեղծել: «Ճիշտ է, զգեստը ստեղծագործություն է, արվեստների սինթեզ է, պլաստիկա է, նկարչություն է, այնուամենայնիվ, ոչ թե զգեստն է զարդարում մարդուն, այլ ճիշտ հակառակը՝ մարդն է զարդարում իր հանդերձանքը»,- նշեց տիկին Շառոյանը: Զգեստների թատերականացված ներկայացման հեղինակներն էին Նունե Աղբալյանը, Ռուզան Արոյանը, Սուսաննա Մկրտչյանը եւ Արամ Նիկոլյանը:

Լ.Ս.