Երեկ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Այս անգամ եւս դրա արդյունքները դաժան էին եւ փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլում մենք ականատես կլինենք մի հանդիպման, որը կարելի է անվանել եզրափակիչ՝ ժամկետից շուտ։ Երեւի արդեն գլխի ընկաք. հանդիպելու են «Չելսին» եւ «Բարսելոնան»։ Անցյալ տարի նույնպես այս թիմերի ճանապարհը խաչվեց, եւ առավել հաջողակ գտնվեց անգլիական թիմը։ Սակայն տարբերությունն այն է, որ եթե այն ժամանակ հաղթողի հավակնորդները մի քանիսն էին, ապա այս տարի, շատերի համոզմամբ, չեմպիոն դառնալու ամենից մեծ հնարավորություններ ունեին հենց այս երկու թիմերը։
«Չելսին» կարող էր խուսափել կատալոնացիների հետ հանդիպումից. դրա համար անհրաժեշտ էր խմբում գրավել առաջին տեղը։ Սակայն այդ բախտին արժանացավ «Լիվերպուլը», որն ուժերը չափելու է պորտուգալական «Բենֆիկայի» հետ։
Հետաքրքրության արժանի են նաեւ «Ռեալ» – «Արսենալ» եւ «Միլան» – «Բավարիա» զույգերը։ Թիմերի հնարավորությունները գրեթե հավասար են, եւ նախապատվությունը տալ կոնկրետ որեւէ մեկին շատ դժվար է։ Իսկ ընթացիկ մրցաշրջանում հաջող հանդես եկող իտալական մյուս թիմը՝ «Յուվենթուսը», մրցելու է գերմանական «Վերդերի» հետ։
Մասնագետների կարծիքով, վիճակահանությունը բարի է գտնվել հատկապես «Ինտերի» եւ «Լիոնի» նկատմամբ։ Նրանց մրցակիցները, համապատասխանաբար` «Այաքսն» ու «Էյնդհովենը», համարվում են ոչ այնքան լուրջ մրցակիցներ։ Սակայն չպետք է մոռանալ, որ փլեյ-օֆֆում ոչ ոք հենց այնպես չի հայտնվում, իսկ հոլանդական թիմերը միշտ էլ ունակ են եղել տհաճ անակնկալներ մատուցել ցանկացած թիմի։
Ամենաձանձրալին համարվում է «Վիլյառեալ» – «Ռեյնջերս» զույգը։ Այս երկու թիմերը խմբային փուլում իրենց խաղի որակով ոչ ոքի չզարմացրին, եւ նրանց հնարավորությունները բարձր չեն գնահատվում։