Իրանի Արտաքին գործերի նախարարությունը «երեխայություն» է համարել Եվրոպական այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք կոչ էին անում Իրանին զրկել 2006 թվականին Գերմանիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։ «Ցավալի է, Եվրոպայի որոշ քաղաքական գործիչներ գտնվում են սիոնիստների քաղաքական պրոպագանդայի ուժեղ ազդեցության տակ եւ փորձում են հարցականի տակ դնել Իրանի մասնակցությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Նրանց վարքագիծն ուղղակի երեխայություն է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Համիդա Ռեզի Ասեֆին։
Դիվանագետը գտնում է, որ Իրանը վաստակել է իր տեղը` եզրափակիչ փուլին մասնակցող 32 հավաքականների ցուցակում, եւ խորհուրդ է տվել քաղաքականությունը չխառնել սպորտի հետ, քանի որ դրանք տարբեր բաներ են։ Նշենք, որ ՖԻՖԱ-ն արդեն հրաժարվել է արգելել Իրանի մասնակցությունը, եւ այս երկրի թիմը հաջորդ տարի հանդես կգա Գերմանիայում։