«Որեւէ նոր առաջարկ ինձ չեն ներկայացրել: Մենք քննարկել ենք այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո այսպիսի հայտարարություն է արել ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը: Վերջինս հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել` նշելով. «Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում ԼՂ հիմնախնդրի լուծմանը, եւ բոլոր քննարկումները կարող են անիմաստ դառնալ»: ԼՂ նախագահը համանախագահներին վստահեցրել է, որ առանց ԼՂ-ի մասնակցության բանակցությունները չեն կարող տալ դրական արդյունք: «Առանց Ղարաբաղի որեւէ հարց չի լուծվելու»,- ասել է պարոն Ղուկասյանը: ԼՂ նախագահի խոսքերով. Ադրբեջանի կողմից օկուպացված հայտարարվող տարածքները Ղարաբաղի համար անվտանգության գոտի են. «Առանց ԼՂ կարգավիճակի հարցը քննարկելու, անիմաստ է որեւէ հարց քննարկել: ԼՂ հիմնախնդրի ցանկացած լուծում ենթադրում է փոխզիջում, սակայն ինչպիսի փոխզիջում՝ դա արդեն բանակցությունների խնդիր է: Ես միայն կարող եմ վստահեցնել, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում, որ ԼՂՀ հիմնախնդիրը 2006-ին է կարգավորվելու: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան` Արկադի Ղուկասյանը նշել է. «Համանախագահողները չեն թաքցնում, որ 2006-ն օպտիմալ ժամանակահատված է հարցը կարգավորելու համար, քանի որ հաջորդ տարի ՀՀ-ում եւ Ադրբեջանում ընտրություններ չկան: Իսկ խնդիրը կհաջողվի՞ լուծել 2006-ին, թե՞ ոչ, միայն Նոստրադամուսը կարող է ասել»: Իսկ ինքը` Արկադի Ղուկասյանն անձամբ այն կարծիքին է, որ մենք հեռու ենք խնդրի կարգավորումից. «Ղարաբաղը բազմաթիվ հարցեր ունի ոչ թե ՀՀ-ի, այլ՝ Ադրբեջանի հետ, եւ, եթե Ադրբեջանը ցանկանում է կարգավորել խնդիրն, ապա նա պետք է խոսի Ղարաբաղի հետ: Ես հարց ուղղեցի համանախագահներին, թե ինչո՞ւ Ադրբեջանը նման քայլ չի կատարում»: Բայց պարոն Ղուկասյանի հարցը համանախագահները թողել են անպատասխան: