ՀԺԿ-ն չի մասնակցի միասնական ընդդիմության առաջիկա հանրահավաքներին եւ չի անդամակցի ընդդիմության ձեւավորած կոմիտեին: «Հանրահավաքը պայքարի ձեւերից մեկն է, եւ պայքարը շարունակվելու է: Սակայն գտնում ենք, որ այս փուլում հանրահավաքները նպատակահարմար չեն, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք պայքարի այս ձեւից: Համոզված եմ, որ դեռ լինելու են հանրահավաքներ եւ` շատ հզոր: Բայց ընդդիմության գործունեությունը չի սահմանափակվելու միայն հանրահավաքներով,- ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը,- 2003թ. վիրավորեցին ժողովրդին` կեղծելով ընտրությունների արդյունքները, նույնն արեցին նաեւ նոյեմբերի 27-ին: Անկասկած այս ամենն անհետեւանք մնալ չի կարող»: Իսկ ինչ վերաբերում է կոմիտեին չանդամակցելուն, Ս. Դեմիրճյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ «Արդարություն» դաշինքը, որը ստացել է ժողովրդի քվեն, պետք է իրականացնի դաշինքային գործունեություն: Դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունները պետք է գիտակցեն այդ պատասխանատվությունն ու առաջին հերթին դաշինքի ծրագրերն իրականացնեն: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի հետ, բայց` առանց պայմանական ֆորմատների: Կարեւորը` պարկեշտությունն է հարաբերությունների մեջ: Կոմիտեի ստեղծելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը պետք է համակողմանի քննարկվի, եւ ես չեմ կարծում, որ պետք է հապճեպ որոշումներ կայացնել»: Հարցին, թե այս փուլում ՀԺԿ-ի համար պայքարի ո՞ր ձեւերն են ընդունելի, ՀԺԿ նախագահը պատասխանեց. «Ես ասացի, որ հզոր հանրահավաքներ դեռ կլինեն: Իսկ հիմա մենք պետք է աշխատենք մարդկանց հետ, պետք է օգտագործենք ԱԺ ամբիոնը: Անպայման չէ, որ միայն հանրահավաքներ լինեն»: