Մինչեւ վերջերս ՀՀ-ում երկքաղաքացիությունն արգելված էր Սահմանադրությամբ: Եվ միայն այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին հանրաքվեով անցկացվեց ՀՀ նոր Սահմանադրությունը, վերացավ նաեւ երկքաղաքացիության արգելքը: Ու հիմա այդ ոլորտի օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է: Դեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի օրերին դաշնակցականները հայտարարում էին, որ իրենք արդեն մշակել են համապատասխան օրենսդրական նախագիծը եւ նոր Սահմանադրության ընդունման դեպքում պատրաստ են այն ներկայացնել:
Բոլորին է հասկանալի, թե ինչպիսի վտանգներ է իր մեջ պարունակում երկքաղաքացիության արգելքի վերացումը: Երկքաղաքացիության դրույթի հակառակորդների կարծիքով, այն կվտանգի մեր պետության անվտանգությունը եւ որոշ ժամանակ անց ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանը կդառնա ընդամենը «բարի հիշողություն»: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը համամիտ չէ այս տեսակետների հետ: Նրա խոսքերով, երկքաղաքացիությունը բխում է մեր ազգային եւ պետական անվտանգության շահերից: Միակ վտանգը, որ այդ դրույթի առնչությամբ տեսնում է պրն Մկրտչյանը, այն է` «որ հենց ՀՀ քաղաքացիները մասսայաբար կդիմեն որեւէ այլ երկրի քաղաքացի դառնալու համար: Այստեղ է քաղաքական վտանգը, բայց ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մասսայաբար դիմի այդ քայլին»: Հիմա դաշնակցականներն ուսումնասիրում են երկքաղաքացիության միջազգային փորձը, որից հետո ընտրելու են այն մոդելը, որ «մեզ ավելի հոգեհարազատ է»: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի ասելով, երկքաղաքացիության մասին օրենքի նախագծում պետք է հստակ ամրագրվի երկքաղաքացիների պարտականությունների եւ իրավունքների հավասարակշռությունը: «Բնական է, որ որեւէ մեկը չի կարող ընտրելու, ընտրվելու եւ բազմաթիվ այլ իրավունքներ ունենալ, եթե նա լիարժեք կերպով մեր պետության հանդեպ չի կատարում իր պարտականությունները: Չի կարող մեկը պարտականությունները քիչ կատարել եւ ստանալ նույն իրավունքները, ինչ որ իր պարտականությունները լիարժեք կատարող քաղաքացին»,- վստահեցնում է Լ. Մկրտչյանը: Ընդհանրապես ՀՀ-ում երկքաղաքացիության դրույթի աշխատելու դեպքում ամենամեծ վտանգն այն է, որ ՀՀ-ում բնակվող հայերն այլեւս անզոր կլինեն իրենց երկրում իշխանություն ձեւավորել: Եթե երկքաղաքացիներն էլ ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունենան, ապա ՀՀ-ում իշխանություն կձեւավորեն արտերկրում բնակվող հայերը: Իսկ նրանց թիվն այնքան մեծ է, որ ընտրությունների արդյունքների վրա դրանք էական ազդեցություն կունենան: «Դա հեշտ կարգավորվող խնդիր է, եւ ես կարծում եմ, որ այդքան էլ մեծ պրոբլեմ չենք ունենա»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց պարոն Մկրտչյանը` ավելացնելով. «Մի շարք երկրներում արգելվում է որոշակի պաշտոնների դեպքում երկքաղաքացիություն ունենալ: Օրինակ` հանրապետության նախագահը, նախարարները չեն կարող երկքաղաքացիներ լինել: Բայց օրենսդիր մարմնում այդպիսի արգելք չկա, այլ սահմանափակումները կարգավորվում են նստակեցության ցենզով եւ հարկերի մուծման հարցով»: Եվ նա վստահեցնում է, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է ամրագրվեն նաեւ ՀՀ օրենսդրության մեջ: Թե ինչպիսի ցենզեր կսահմանվեն մեր դեպքում, վերջնականապես պարզ կդառնա օրենքի ընդունումից հետո: Սակայն պետք է նկատել, որ օրերս գերմանական «Zueddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե հնարավոր է` ընտրելու իրավունք տան այն երկքաղաքացիներին, ովքեր 6 ամիս ապրել են Հայաստանում: Երեկ փորձեցինք այդ կապակցությամբ իմանալ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի տեսակետը. «Ես ծանոթ չեմ, թե նա ինչ է հայտարարել, սակայն կարծում եմ, որ 6 ամիսը շատ չնչին ժամկետ է, չի կարելի: Ընտրելու կամ ընտրվելու իրավունք պետք է տրվի մի քանի տարի մշտական բնակությունից հետո: Եթե ԱԺ-ի համար է, ես կողմնակից եմ, որ այդ ժամկետն առնվազն 5 տարի լինի, իսկ ՏԻՄ-ի դեպքում, ասենք` 2 տարի»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Ի դեպ, երկքաղաքացիության վերաբերյալ եւս մի անհասկանալի հարց կա: Կարո՞ղ են արդյոք դիմել ու ՀՀ քաղաքացիություն ստանալ նաեւ այլ ազգության տեր մարդիկ, ինչպես օրինակ` ադրբեջանցիները, թուրքերը եւ այլք: Ըստ Լեւոն Մկրտչյանի, պարզվում է, հնարավոր է, եթե իհարկե, այդ երկրների օրենսդրությունը չի արգելում երկքաղաքացիությունը: Սակայն ԱԺ ՀՅԴ ղեկավարի խոսքերով, այստեղ պետք է հիմնական շեշտադրումը դնել էթնիկ ֆակտորի վրա: «Միայն ազգությամբ հայերը երկքաղաքացիություն կստանան պարզեցված ձեւով: Իսկ մնացյալի համար կաշխատի այն ձեւը, որ ամբողջ աշխարհում ընդունված է. կլինի շատ բարդ համակարգ, կլինեն շատ արգելքներ, շատ ստանդարտներ, ինչպես դա ընդունված է ԱՄՆ-ում կամ Կանադայում: ՀՀ քաղաքացիություն ստանալը պետք է շատ դժվար լինի, պետք է շատ ստուգված լինի այդ անձը»,- ասում է պարոն Մկրտչյանը: Թե որոնք են լինելու այդ չափանիշները, պարոն Մկրտչյանն առայժմ չմանրամասնեց:
Ի դեպ, նկատենք, որ երկքաղաքացիության դրույթի արգելք չկա ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի Սահմանադրություններում: Եվ ՀՀ-ում համապատասխան օրենքի ընդունումից հետո, կարծում ենք, «մեր դարավոր թշնամիներն» էլ շատ հանգիստ կարող են գալ ու ՀՀ-ից երկքաղաքացիություն պահանջել: Այդ դեպքում հետաքրքիր է, դաշնակցականներն ի՞նչ են անելու: Եվ եթե որեւէ մեկը հայտարարի, թե ինքն «ազգությամբ հայ է», ինչպե՞ս են հակառակն ապացուցելու։