Դեռ Քրիստոսի ծննդից շատ առաջ հայերը թատրոն են ունեցել: Սակայն այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 21-րդ դարի սկզբին «դերասանություն» է անելու ողջ ազգը: Ես ամենեւին էլ չեմ ուզում վիրավորած լինել մեր մեծ դերասաններին` Պետրոս Ադամյանից մինչեւ Սոս Սարգսյան: Այս պարագայում «դերասանություն» ասելով` ես նկատի ունեմ ոչ թե իսկական տաղանդը, այլ «ձեւեր թափել»-ը: Ստացվել է այնպես, որ այսօր «ձեւեր են թափում» ամենուրեք: Իշխանությունները «ձեւեր են թափում», թե ժողովրդի մասին են մտածում, ընդդիմությունը «ձեւեր է թափում»` իբր պայքարում է իշխանությունների դեմ, Ջոն Էվանսը «ձեւեր է թափում»` իբր անձամբ իր եւ հատկապես իր երկրի համար կարեւորը ժողովրդավարությունն է, Հարկայինը «ձեւեր է թափում», թե բյուջե է լցնում, դաշնակները «դերասանություն են անում», թե, տեսեք-տեսեք, «տղեքը կոռուպցիայի դեմ են պայքարում», Արթուր Բաղդասարյանը «ձեւեր է թափում», թե ուզում է պայքարել անօրինական լցոնումների դեմ (բայց որ օրը նրա եղբոր մեքենան տանեն «պլաշչադկա», նույն վայրկյանին նա կմոռանա լցոնումների մասին), պատգամավորները «ձեւեր են թափում», թե օրենք են գրում (ես ավելի շուտ կհավատամ, որ Հ.Աբրահամյանը թեկնածուական է գրում, քան` որ մեր պատգամավորներն օրենք են գրում): Ժողովուրդն էլ` այս ամենը տեսնելով` «ձեւեր է թափում», իբր ապրում է:
Սակայն եթե «կատարողական արվեստի» իմաստով մեզ մոտ ամեն ինչ անմխիթար վիճակում է, ապա ժանրերի բազմազանության պակաս չի զգացվում: Օրինակ. երբ նախագահը սկսեց «էրեւանցի» խաղալ, դա, իհարկե նման էր կատակերգության, երբ Գեղամյանը «Սոկրատ» կամ «Սենեկա» է խաղում` դա արդեն ֆարս է, երբ Վահան Հովհաննիսյանն ուրիշի ավտոմատներից է խոսում` տրագիկոմեդիա: Իսկ «Օրինաց երկիրն» ամբողջությամբ հնդկական կինո է հիշեցնում: Ստեփան Դեմիրճյանը` անհաջող մուլտֆիլմ, օլիգարխներն իրենց սափրագլուխներով` «բաեւիկ», Տիգրան Ուրիխանյանը` մանկական «ֆէնտազի», իսկ Տիգրան Թորոսյանը` մելոդրամա, Հայաստանի գյուղերը եւ Գառնիկ Իսագուլյանը` «սերիալ», Գուրգեն Արսենյանը` «ժիզնեննի», իսկ նորաստեղծ կուսակցությունները` սյուրռեալիզմ:
Եվ քանի որ աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում` փորձենք հասկանալ, թե ինչի արդյունքն է այսպիսի մասսայական «դերասանությունը»: Իհարկե, մենք բոլորս` ՀՀՇ-ական թե դաշնակ, անկուսակցական թե մարքսիստ Դավիթ Հակոբյան, ընդդիմադիր թե իշխանամետ, սոցիալիստական ԽՍՀՄ-ի արդյունք ենք (ինչքան էլ հարգարժան ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը զզվի այդ երկրից, ինքն էլ է ծնվել, մեծացել եւ, ի տարբերություն իր այսօրվա շատ կոլեգաների, անվճար կրթություն ստացել այդ երկրում): Եվ եթե այն ժամանակ կոմունիստները «ձեւեր էին թափում», որ իրենք հավատում են լենինյան գաղափարներին, բնականաբար, հետո ՀՀՇ-ն պետք է «ձեւեր թափեր», որ ինքը «դեմոկրատ» է: Իսկ մենք լավ գիտենք, որ աշխարհի բոլոր դեմոկրատները, եթե «հարեւանից պարտքով փող չեն վերցնում», հետո ստիպված են լինում հրաժարական տալ: Իսկ հետո ունենում ենք այն` ինչ ունենում ենք: Ես չգիտեմ` «ձեւեր էին թափել»-ը Հայաստանում վերջին տասը տարիներին ինչո՞ւ այդպիսի մեծ արագությամբ զարգացավ (երեւի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին զուգահեռ), բայց, որ այսօր «դերասանությունը» բջջային հեռախոսի նման տարածում է ստացել, դա փաստ է: Եվ թող ոչ մեկը դիմացինի հետեւում ուրիշի ականջներ չփնտրի: Մենք բոլորս էլ նույն ականջներն ունենք, որովհետեւ բոլորս էլ «ձեւեր ենք թափում», որ ապրում ենք ազատ, անկախ Հայաստանում (Բուշի եւ Պուտինի «ականջը կանչի»):
Սակայն այն պահից, երբ ուսուցիչը «ձեւեր չթափի», որ աշակերտին դաս է սովորեցնում, երբ ոստիկանը «ձեւեր չթափի», որ հասարակական կարգն է պաշտպանում, երբ դատավորը «ձեւեր չթափի», որ արդար է դատում, երբ քաղաքական գործիչները «ձեւեր չթափեն», որ իրենք հայամետ են, երբ օգնականը ոչ թե խանգարի, այլ օգնի, ես կմոռանամ Բուշի եւ Պուտինի ականջների մասին: Իսկ դա նշանակում է, որ մենք կսկսենք ապրել ազատ, անկախ Հայաստանում: Ինչպես, օրինակ, ազատ, անկախ Բելգիայում է ապրում բելգիացին, կամ, ասենք, Միացյալ Թագավորության մաս կազմող, սակայն ազատ, անկախ Նոր Զելանդիայում` նորզելանդացին: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետեւ նրանք վաղուց են հասկացել, որ պետք է ոչ թե ձեւ թափել, այլ` բովանդակություն: