Գազի գնի բարձրացման դեպքում չի բացառվում նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այս մասին երեկ հայտարարեց «Երեւանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ԵԷՑ) գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Թե ինչքան` չկարողացավ հստակ ասել: «Գազի թանկացումից հետո պետք է նայել բալանսին,- պատասխանեց պարոն Գլադունչիկը: -Այսինքն ինչքա՞ն է թանկանալու գազը, եւ որքա՞ն էլէներգիա ենք արտադրելու»: Նա չժխտեց նաեւ, որ դոլարի արժեզրկումն «իրենցից շատ մեծ փողեր է տարել»: Իսկ առաջիկա 3 տարիներին ընկերությունը պատրաստվում է 20 մլրդ դրամի ներդրում կատարել, որը կկրճատի վթարների եւ անջատումների թիվը: Պարոն Գլադունչիկը հայտնեց նաեւ, որ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ն դեռ ԵԷՑ-ի սեփականատիրոջ իրավունքների մեջ պաշտոնապես չի մտել: Ներկայումս շարունակվում են սեփականության ձեւակերպման իրավաբանական աշխատանքները: Մինչեւ այս տարվա վերջը այդ հարցերը կլուծվեն: Ընկերության տնօրենի հավաստմամբ` կադրային կտրուկ փոփոխություններ չեն լինելու, զբաղեցրած պաշտոնում է մնալու նաեւ գլխավոր տնօրենը:
Ե.Գլադունչիկը տեղեկացրեց, որ արդեն սկսվել է հանրապետության 33 ցածրավոլտ ենթակայանների արդիականացման ծրագիրը, եւ այդ նպատակով Միջազգային համագործակցության ճապոնական բանկի 1999թ. հատկացրած 34 մլն դոլարն այսօր արդեն բավարար չէ: Հիմա անհրաժեշտ է 52 մլն դոլար: ՈՒստի հնարավոր է, որ արդիականացվող ենթակայանների քանակը կրճատվի: Ընկերությունը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել 2 տարվա ընթացքում: Իսկ ընկերության ներդրումները որեւէ կապ չունեն վարկային այս ծրագրի հետ: Պարոն Գլադունչիկը գոհ է ընկերության 2005թ. աշխատանքներից, մասնավորապես` վարձավճարների հավաքագրումից: Այն իրականացվում է 100 տոկոսով: Նախատեսվում է 2006թ. կորուստները նվազեցնել մինչեւ 14 տոկոս: Փոխվում է երկսակագնային հաշվիչների տեղադրման կարգը. բաժանորդը բանկում 5900 դրամ վճարելով` նոր հաշվիչ կտեղադրի եւ ժամը 23.00-7.00-ն օգտագործած 1 կվտ էլեկտրաէներգիայի համար կվճարի 15 դրամ: Հաշվիչի գինը 28.000 դրամ է, գնի տարբերությունը ԵԷՑ-ը կվճարի մատակարար կազմակերպությանը՝ «Կոնցեռն էներգիային»:
«Երեւանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչեւ 2006թ. փետրվարի վերջը Վրաստանին ամսական 80 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա կմատակարարի 1 կվտ-ն 2,9 ցենտով: Մատակարարումները նախատեսվում են շարունակել նաեւ պայմանագրի ավարտից հետո: Վրաստանը վերջերս հայտարարել էր, թե մի քանի անգամ կբարձրացնի Ռուսաստանից Հայաստան արտահանվող գազի տարանցիկ գները: Հետաքրքիր է, Հայաստանը չի՞ մտածում ի պատասխան` բարձրացնել Վրաստանին մատակարարվող էներգիայի սակագինը:
Ա.Ա.