Թվեր ունենք` աշխարհը չունի

18/12/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, տարին ավարտվում է։ Փորձենք հետադարձ հայացքով համառոտ կերպով անդրադառնալ 2005թ. տնտեսական ձեռքբերումներին։ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով` տարին կրկին փակեցինք երկնիշ տնտեսական աճով։ Մասնավորապես, 2005թ. առաջին 10 ամիսների համար ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է ավելի քան 1.700 մլրդ դրամ։ Առանձին տողով նշվում է տնտեսական աճը՝ 12,2%։

Սակայն իրական աճը կազմում է մոտ 8%՝ հաշվի առնելով ՀՆԱ-ի դեֆլյատորը (որը ցույց է տալիս ընթացիկ գներով հաշվարկված ՀՆԱ-ի հարաբերությունը նախորդ տարվա համադրելի գներով հաշվարկված ՀՆԱ-ի ծավալի նկատմամբ)։ Նշենք նաեւ, որ ՀՆԱ-ի աճը զգալիորեն պայմանավորված է շինարարական ծավալների մեծացմամբ։ Ըստ պաշտոնական տվյալների, շինարարության բնագավառի աճը կազմել է 32,6%։ Արդյունաբերական արտադրանքն աճել է 6,1, իսկ գյուղատնտեսականը՝ 10,4 տոկոսով։ Ցանկացած նորմալ երկրում այսպիսի ցուցանիշներ ունենալու դեպքում կարելի էր հաստատ ասել, որ բնակչության կենսամակարդակն աճել է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրամն արժեւորվել է, իսկ ինֆլյացիան շատ փոքր է եղել։ Սակայն իրո՞ք այդպես է։ Սկզբում անդրադառնանք փոխարժեքին։ Այն, որ «լողացող փոխարժեքը» անբացատրելի մանեւրներ էր անում ողջ տարվա ընթացքում՝ մեկ օրվա մեջ բարձրանալով ու իջնելով մի քանի դրամով, արդեն բոլորի համար սովորական երեւույթ է։ Ըստ տրամաբանության, եթե ազգային դրամն արժեւորվում է, ապա բնակչությունը պետք է շահի, քանի որ ներմուծվող ապրանքների գները դրամով արտահայտված պետք է իջնեն։ Սակայն, ինչպես միշտ, տնտեսական օրենքներն ու տրամաբանությունը մեզ մոտ չեն գործում, եւ դրամի արժեւորմանը զուգահեռ` ներմուծվող ապրանքների գները շարունակական աճ են ապրում։ Սա նշանակում է մի բան՝ խոշոր ներկրողները գերշահույթներ են ստացել։ Կա եւս մի կարեւոր հանգամանք։ Գաղտնիք չէ, որ բնակչության եկամուտների մի զգալի մասը գոյանում է արտասահմանից ստացվող տրանսֆերտներից։ Մասնավորապես, այս տարվա տրանսֆերտների գումարային մեծությունն, ըստ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի, կանցնի 1 մլրդ դոլարից։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2005թ. առաջին 10 ամիսների ընթացքում բնակչության դրամական եկամուտները կազմել են 1 102 960.2 մլն դրամ, այսինքն՝ մոտ 2մլրդ 450մլն ԱՄՆ դոլար։ Միայն դրսից ստացվող տրանսֆերտային վճարները, որոնք արտարժույթով են (հիմնականում` ԱՄՆ դոլարով), արդեն իսկ բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում ընդհանուր եկամուտների մեջ։ Ի՞նչ է սա նշանակում։ Եթե դրամով եկամուտ ստացողները դոլարի արժեզրկումից չեն շահում (ինչպես արդեն նշվեց), ապա դոլարային եկամուտ ստացողներն ուղղակիորեն տուժում են։ Այնպես որ, մեզ ավելի հոգեհարազատ է` ասել` «դոլարի գինն իջավ», քան՝ «դրամն արժեւորվեց»։

Արտաքին առեւտրի բնագավառում մենք ընդհանուր աճ ենք ունեցել՝ թե՛ արտահանման եւ թե՛ ներմուծման առումով։ Այդուհանդերձ, առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն դեռ շատ մեծ է։ 2005թ. հունվար-հոկտեմբերին այն կազմել է 445.6 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանումը կազմել է 766.4 մլն դոլար, նախորդ տարվա 574.5մլն-ի դիմաց։ Աճը կազմել է 33,4%, սակայն սխալ կլինի ասել, որ 33,4%-ով աճել են արտահանման ծավալները, քանի որ այդ աճը պայմանավորված է ոչ միայն ծավալների մեծացմամբ, այլեւ արտահանվող ապրանքատեսակների (մասնավորապես` մետաղների) համաշխարհային գների աճով։

Բոլոր ցուցանիշներին առանձին-առանձին անդրադառնալն իմաստ չունի, մանավանդ, որ դրանք դեռեւս նախնական են։ Սակայն կա մի հետաքրքիր ցուցանիշ, որին չանդրադառնալն ուղղակի աններելի կլինի։ Դա Սպառողական գների ինդեքսն է (ՍԳԻ), կամ, այլ կերպ ասած, սղաճը։

Տնտեսագիտության մեջ կա մի այսպիսի հասկացություն` «ֆՒՒպՍՑ ւՐՈտՏՉՌՍՈ»։ «ղՐՈտՏՉՌՍ»-ը մի մեխանիզմ է, որը պտտվում է միայն մեկ ուղղությամբ։ Այս հասկացությունն օգտագործում են գների հետ կապված, այն իմաստով, որ առանձին ապրանքների կամ ծառայությունների գները կարող են իջնել, սակայն ընդհանուր վերցրած, դրանք չեն նվազում։ Անգամ ամենազարգացած երկրներում 3%-ի սահմաններում արձանագրված սղաճը նորմալ երեւույթ է։ Ավելին, եթե դրա ցուցանիշը շատ փոքր լինի, ապա դա կհամարվի աննորմալ երեւույթ։

Իսկ մենք, պարզվում է, աշխարհի երկրներին գերազանցում ենք ոչ միայն մեր սարսափելի տնտեսական աճով, այլ նաեւ այս ցուցանիշով։ Այսպես. նախորդ տարվա համեմատ 2005թ. հոկտեմբերի դրությամբ` մեր ՍԳԻ-ն կազմել է 100.8։ Այսինքն, սղաճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս։ Իսկ 2005թ. հոկտեմբերի ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 99.6։ Այսինքն, մենք ունենք բացասական սղաճ, գներն իջել են 1,4%-ով։ Ինչպես երեկ նշել է ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը, դժվար է հավատալ, սակայն հաշվարկներն իրոք ցույց են տալիս, որ ամեն ինչ այդպես է։ Ընդհանրապես թվերի ոլորտում մեզ մոտ փոքր-ինչ խառը վիճակ է։ 1700 տարվա քրիստոնյա ժողովուրդը դժվարությամբ է հավատում թվերին, լինի դա 1,5 միլիոն, 12%, թե՞ մինուս 1,4%։

Ըստ Վիճակագրության ծառայության տվյալների, նվազել են պարենային ապրանքների գները, որի հաշվին էլ ունենք ՍԳԻ-ի այսպիսի ցուցանիշ։ Աճել են մշակույթի ապրանքների եւ ծառայությունների (4,1%), տրանսպորտի եւ կապի (4,0%), տնային գործածության ապրանքների (2,4%), բնակվարձի, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի գները (2,3%)։

Ահա այսպիսի պատկեր ունենք առաջին 10 ամիսների համար, որը դժվար թե զգալի փոփոխություններ կրի տարվա վերջին։ Եթե մի պահ կտրվես իրականությունից, ապա կարող ես ենթադրել, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է։ Համենայն դեպս, այդպես է վկայում պաշտոնական վիճակագրությունը եւ այսպիսի տվյալներով ժողովրդին Նոր տարվա նվեր է մատուցում։

Իսկ թե ո՞ր նվերն է ավելի իրատեսական ժողովրդի համար՝ 12,2 տոկոսանոց տնտեսական ա՞ճը, բացասական սղա՞ճը, թե՞ արդեն իրականություն դարձած հեռախոսավարձի թանկացումը (ընդամենը 1 դրամ, սակայն իրականում` 25%), կասկած չհարուցող գազի ապագա թանկացումը եւ ջրի վարձի ապագա թանկացումը (որի «հիմքը երեկ գցեցին»), դա արդեն մեր որոշելիքը չէ։