Երեկ, դեկտեմբերի 14-ին, պաշտոնապես ազդարարվեց «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության նոր վարձակալի մուտքը: Դա ֆրանսիական «Ժեներալ դեզ օ» ընկերությունն է, որն առաջիկա տասը տարիներին կառավարելու է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը: Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ֆրանսիական այդ ընկերությունը եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) երեկ կնքեցին եռակողմ պայմանագիր, ըստ որի` 2006 թվականից «Ժեներալ դեզ օ»-ն կստանձնի իր պարտականությունները:
Հիշեցնենք, որ նախորդն իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունն էր, որն այս համակարգը կառավարեց 2000-2005թթ. եւ հեռացավ այս տարվա մայիսին: Իտալական ընկերությունն այս 5 տարիներին ծախսեց 35,5 մլն դոլար, որից 30 մլն-ը ՀԲ-ի վարկն էր, 5,5 մլն-ը՝ մեր կառավարության համաֆինանսավորումը: Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված էր, որ իտալական ընկերությունը մինչեւ 2004թ. ավարտը Երեւանում կապահովի շուրջօրյա ջրամատակարարում, կկրճատի կորուստների եւ վթարների քանակը, իսկ կառավարությունն էլ 2002թ. որոշել էր ջրի սակագնի բարձրացումը թույլատրել 1 խմ համար մինչեւ 75 դրամ: Ենթադրվում էր, որ այս սակագնով համակարգը կշահագործվի եւ 15 տոկոս շահույթ կապահովի: Բայց 2001թ. ստեղծվեց «Ջրային տնտեսության պետական կոմիտեն», եւ ԵՋԿ-ը քաղաքապետարանի ենթակայությունից անցավ այս կառույցի հսկողության տակ: Ազդեցիկ կոմիտեն գտավ, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի գնահատումը ճիշտ չի արվել, 75 դրամը բավարար չէ, ու կառավարությանը ստիպեց փոխել որոշումը: Եվ ջրի սակագինը փուլառփուլ բարձրացավ, դարձավ 125 դրամ: Իսկ ջրի կորուստները եւ վթարները չնվազեցին, շուրջօրյա ջրամատակարարումը մնաց երազ: Փոխարենը գերազանց են կատարվել բաժանորդների բնակարաններում հաշվիչների տեղադրման աշխատանքները, եւ վարձավճարների հավաքագրումը հասել է 80 տոկոսի: Մայիսին, երբ «Էյ Յութիլիթին» հեռացավ, նրա 5 տարվա աշխատանքների արդյունքը ուսումնասիրել եւ գնահատել է դանիական «Ռամբոլ» աուդիտորական ընկերությունը: Հաշվետվության մասին տեղյակ չենք, բայց «Համայնքների զարգացման ծրագրերի գրասենյակի» ղեկավար Վարազդատ Ավոյանը երեկ ասաց, որ դրական է գնահատվել, եւ «Ժեներալ դեզ օ»-ն ծանոթ է այդ աուդիտին: Մինչդեռ Տարածքային ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այնքան էլ գոհ չէ իտալական ընկերության աշխատանքից: Ու սպառողն այդպես էլ չիմացավ, թե իր ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունն իրականում ի՞նչ գնահատական ստացավ, պարգեւատրվե՞ց արդյոք իր կատարած աշխատանքների համար եւ ինչքա՞ն, որովհետեւ պայմանագրում այդպիսի հնարավորություն կար: Ի վերջո, ի՞նչ արդյունավետությամբ են օգտագործվել հարկատուների հաշվին մարվող վարկային գումարները:
Ֆրանսիական այս ընկերությունը 10 տարիների ընթացքում պետք է ծախսի 22,2 մլն դոլար, որից 20 մլն-ը ՀԲ-ի վարկն է, իսկ 2 մլն-ը` մեր կառավարության համաֆինանսավորումը: «Ջրպետկոմի» նախագահ Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրեց, որ 10 տարի հետո մենք ունենալու ենք ջրամատակարարման ու ջրահեռացման լավ համակարգ եւ շուրջօրյա ջրամատակարարում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Ջրպետկոմի» նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանը հաշվարկել եւ հայտարարել էր, թե ԵՋԿ-ի համակարգն ամբողջությամբ վերականգնելու համար անհրաժեշտ է մոտ 500 մլն դոլար: Մինչդեռ 10 տարի հետո երկու օպերատորների ծախսած գումարը կազմելու է 57,5 մլն դոլար: Ո՞րն է իրատեսական, 10 տարի հետո Երեւանն ունենալո՞ւ է ջրամատակարարման բարվոք համակարգ եւ շուրջօրյա ջրամատակարարում, ինչպես երեկ մեզ խոստանում էին համակարգի պատասխանատուները, թե՞ մեր կառավարությունն այս ոլորտի համար ՀԲ-ից դեռ տասնապատիկ ավելի վարկ պետք է վերցնի: Հայտնի է, որ «Ժեներալ դեզ օ»-ի ներկայացրած ծրագրով առաջիկա 3 տարիներին 1 խմ ջրի գինն առանց ավելացված արժեքի հարկի պետք է լինի 144 դրամ: Պարոն Անդրեասյանի ասելով, ԵՋԿ-ն կառավարելու համար մրցույթին մասնակից ընկերությունների մեջ ամենացածր սակագինը հենց այս ընկերությունն էր ներկայացրել, դրա համար էլ հանձնաժողովը ընտրության նախապատվությունը նրան տվեց: Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովը եւս ուսումնասիրել եւ հավանություն է տվել այս առաջարկին: Բայց դա չի նշանակում, թե եկող տարվանից միանգամից ջրի գինը կբարձրանա:
«Բոլոր դեպքերում ձեւական կողմն ապահովվելու է,- տեղեկացրեց հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը: -Ընկերությունը ջրի սակագնի բարձրացման հայտ կարող է ներկայացնել 2006թ. մայիսին, երկու-երեք ամիս հետո հանձնաժողովը կհաստատի, եւ մենք միայն աշնանը կունենանք ջրի նոր գին»:
ԵՋԿ-ն այսօր ունի մոտ 313 հազար բաժանորդ, «Ջրպետկոմի» նախագահ Անդրանիկ Անդրեասյանը երեկ հայտարարեց, որ Երեւանում խմելու ջրի կորուստը դեռեւս պահպանում է 80 տոկոսի սահմանը, իսկ շուրջօրյա ջրամատակարարումը հասել է 70 տոկոսի: «Ժեներալ դեզ օ»-ի ներկայացուցիչ Ժան Պատրիս Պուարիեն ասաց, որ իրեն էլ են այդ թվերը ներկայացրել, եւ ինքը հավատում է այդ տվյալներին:
Պայմանագրի ստորագրմանը կհաջորդի վարձակալ ընկերության կողմից ԵՋԿ ՓԲԸ համակարգերի ընդունման գործընթացը: Եվ չի բացառվում, որ կրկնվի նախորդ փուլի սցենարը. ֆրանսիական ընկերությունը հանկարծ հայտնաբերի, որ մերոնք խաբել են, համակարգը ճիշտ չեն գնահատել, իրականում այն ավելի վատն է, քան ներկայացրել են, եւ 70 տոկոս շուրջօրյա ջրամատակարարումն իրականությանը չի համապատասխանում: Մանավանդ, որ ջուր սպառողն էլ դա չի զգում, եւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններն էլ իրենց ուսումնասիրությունների մեջ համոզվել են, որ դա ուռճացված թիվ է: Իսկ մերոնք էլ նորից վիճակը շտկելու համար կհայտարարեն, թե 144 դրամը շատ քիչ է համակարգը շահագործելու եւ բավարար շահույթ ապահովելու համար, եւ սակագինն էլ ավելի բարձրացնելու համաձայնության կգան: Մանավանդ, որ այս օրերին «ջրի մարդիկ» բնակարաններ այցելելիս բաժանորդներին տեղեկացնում են, որ առաջիկա տարիներին 1 խմ-ն կդառնա մոտ 300 դրամ, որովհետեւ այդպես է ուզում Տարածքային ենթակառուցվածքների կառավարման նախարարը: Հիշեցնենք, որ այս տարի ջրային տնտեսության համակարգը կոմիտեի ու մի քանի այլ կառույցների հետ մտավ հիշյալ նախարարության ենթակայության տակ: Նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ ինքը «ջրատնտեսական համակարգերի պահպանման գոտիներում առկա իրավիճակի ուսումնասիրության աշխատանքներ է տանում»: