Տնից` տուն

18/12/2005

«168 ժամ» թերթի թղթակից Նարինե Ավետյանի եւ լուսանկարիչ Գերման Ավագյանի պատրաստած ռեպորտաժը Լոռու մարզի Ձյունաշող գյուղից՝ Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի Կովկասյան ինֆորմացիոն էլէկտրոնային շաբաթաթերթի թիվ 318 համարում։

Այն հայերն, ովքեր իրավիճակի պարտադրանքով ստիպված են եղել փոխանակել իրենց տներն ադրբեջանական համայնքների հետ, 16 տարի անց էլ իրենց նախկին բնակավայրերի ու հարեւանների մասին լավ հիշողություններ են պահպանում:

Հայաստանի եւ Վրաստանի սահմանային գոտում է տեղակայված Լոռու մարզի Ձյունաշող փոքր գյուղը: Սա մի մենավոր տեղ է, որը հաճախ շաբաթներով ու ամիսներով կտրված է արտաքին աշխարհից, երբ գյուղի հետ կապող միակ ճանապարհը հեղեղված է լինում անձրեւաջրերով: Խիստ կլիմայական ու դժվարին պայմաններում կյանքն ավելի է ծանրանում գյուղի բնակչության համար, քանզի Ձյունաշողը նրանց հարազատ գյուղը չէ: Գյուղի գրեթե ողջ բնակչությունը ժամանակին ապրում էր Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Քերքենջ գյուղում: 80-ականների վերջում, երբ սկսեց ծավալվել ղարաբաղյան հակամարտությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն անկում ապրեցին, այս հայ գյուղացիները հասկացան՝ կամ պիտի ինքնակամ լքեն Ադրբեջանը, կամ` կվտարվեն:

Այդ ժամանակ արդեն «սխալ» ազգային պատկանելիության մարդկանց հոծ զանգվածներ միախառնվեցին Ադրբեջանից` Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ծավալվող գաղթին: Բայց փոխանակ փախչելու եւ ճանապարհին այլոց հետ միախառնվելու, Քերքենջի բնակչությունը վաղ 1989-ին մի պատվիրակություն ուղարկեց Հայաստան` ադրբեջանաբնակ եւ տեղափոխվելու պատրաստ մի գյուղ գտնելու: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանք մի յուրօրինակ նախաձեռնության շնորհիվ փոխանակվեցին գյուղերով: Այն ժամանակ ներկայիս Ձյունաշողը ադրբեջանական Կըզըլշաֆակ անունն էր կրում: «Նրանք մեր Քերքենջը նայեցին, ես էլ գնացի նրանց հետ տեսնելու Կըզըլշաֆակը: Ես էլ նայեցի ու գտա, որ հարմար է»,- ասում է Ռաֆիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ իր այցելության ժամանակ գյուղը լավ վիճակում էր, շատ անասուն ու հող ուներ: Պայմանը կնքված էր, բայց երբ նրանք եկան նոր բնակավայրը, պարզվեց, որ իրողությունն ու Ռաֆիկ Մարտիրոսյանի տպավորությունները տարբեր էին: Մինչեւ հակամարտության սկիզբը Քերքենջը 220 տուն ունեցող գյուղ էր: Գյուղացիներն ասում են` նրանք շատ քիչ բան կարողացան իրենց ունեցվածքից տեղափոխել, մինչդեռ Կըզըլշաֆակի ադրբեջանցիներն իրենց հետ ամեն ինչ վերցրին: «Մի հատ անասուն չէին թողել», – ասում է Մարտիրոսյանը:

Կյանքի դժվարություններն առ այսօր էլ շատ են: Հայերից շատերը դեռ հիշում են իրենց նախկին գյուղի այգիներն ու դաշտերն ինչպես մի երկրային դրախտ եւ դժգոհում են Ձյունաշողի կլիմայական դժվարին պայմաններից: Գյուղի անվանումը նշանակում է «ձյան փայլ», որ, ըստ գյուղացիների, շատ համապատասխան է դրան: Գյուղացիների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ. կաթ, միս, բուրդ եւ ձու է արտադրում եւ Վրաստանի սահմանին առեւտուր անում՝ փոխանակության միջոցով: Այնուամենայնիվ, նրանց արտադրանքի 50-60 տոկոսը զոհ է գնում եղանակի քմահաճույքին կամ երաշտի, կամ էլ հեղեղների պատճառով: Գյուղում միայն մի հեռախոս կա փոստատանը, չնայած վերջին տարիներին գյուղացիներն օգտվում են առավել հուսալի վրացական բջջային հեռախոսակապից:

13-ամյա Արմանը պատմեց IWPR-ին, որ գյուղի դպրոցը խորհրդային տարիներից ի վեր չի վերանորոգվել: Նրա ասելով` դասասենյակների հատակներից փայտերը պակասում են. անցքերը տախտակով են փակում, որպեսզի խուսափեն դժբախտ պատահարներից: Դասասենյակները ջեռուցվում են նավթի վառարաններով: Հայոց լեզվի, գրականության, քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչների պակաս կա: Եվ չնայած գյուղացիներն այս անհյուրընկալ պայմաններով տեղանքն են տեղափոխվել իրենց համայնքը պահպանելու նպատակով, հեռանկարների բացակայության պատճառով բոլոր նրանք, ովքեր լքել են գյուղը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, հազվադեպ են Ձյունաշող վերադառնում: Գյուղացիների կողմից Ձյունաշողը Քերքենջ անվանափոխելու փորձը` կորցրած ժառանգությունը պահպանելու նպատակով, չհաջողվեց: Իշխանություններն առաջարկը մերժեցին անվան ոչ հայերեն ծագման պատճառով:

Վերջին տարիներին գյուղում մի քանի նոր բնակիչ է հաստատվել, ինչպես, օրինակ, ծնունդով հայաստանցի Ալվարդը, ով գյուղ է տեղափոխվել հարեւան Մեծավանից: «Մեծավանում հնարավոր չէ այնքան անասուն պահել, որքան այստեղ: Այստեղ արոտավայրերն ավելի շատ են»,- ասում է նա:

Հայաստանում ծնված եւ Ադրբեջանից տեղափոխված հայերի միջեւ պատնեշ կա: Տարբեր է նրանց կենցաղը, սովորույթները, խոսում են տարբեր բարբառներով: Ծնունդով Քերքենջից մարդիկ նախընտրում են, որ իրենց որդիներն ամուսնանան իրենց հին հարեւանների աղջիկների հետ, ոչ թե տեղացի հայ աղջիկների կնության առնեն:

Մարտիրոսյանն ասում է` ներկայումս Քերքենջում ապրող ադրբեջանցիներն իրեն պատմել են, որ իրենք էլ ամբողջությամբ չեն մերվել: Նա լսել է, որ Ադրբեջանի տեղացիները Հայաստանից գաղթածներին «Երազ» են անվանում, այն անհուսալի մեքենաների անունով, որոնք ժամանակին արտադրվել են Խորհրդային Հայաստանում. հիմա այդ անունը «Երեւանյան ադրբեջանցիների» բացասական իմաստով կիրառվող մականունն է:

Փոխանակումից հետո երկու գյուղերի միջեւ կապը պահպանվել է, եւ Ձյունաշող-Կըզըլշաֆակի նախկին բնակիչ ադրբեջանցիները նույնիսկ այցելության են եկել: «Նրանց հեշտ է` մտնում են Իրգանչայ (Վրաստան), իսկ այնտեղից մենք իրենց ուղեկցում ենք դեպի գյուղ, անցկացնելով Հայաստանի սահմանը»,- ասում է գյուղացիներից մեկը։ -Նրանք իրենց գյուղն են գալիս, նայում, փարատում իրենց կարոտը եւ վերադառնում»:

Այնուամենայնիվ, հայերից եւ ոչ ոք դեռ չի գնացել Ադրբեջան: 79-ամյա Ռ. Մարտիրոսյանը շատ մտերիմ ընկերներ ունի, որոնք իրեն առաջարկել են ուղեկցել, բայց մինչեւ հիմա նա միշտ մերժել է: «Այնտեղ շատ մարդիկ են ինձ ճանաչում, բա որ մի բան պատահի՞»,- ասում է նա, նշելով, որ չի ուզում վտանգի ենթարկել իր ադրբեջանցի ընկերներին: Փոխարենը Ձյունաշողի գյուղացիները իրենց նախկին գյուղի հետ կապը պահպանում են վրացական սահմանային Իրգանչայ գյուղի միջոցով, որտեղ եւ փոխանցում են նամակներ ու խնդրանքներ: «Անցյալ տարի մեր խնդրանքով նրանք լուսանկարեցին Քերքենջն ու մեր այնտեղի գերեզմանատունը եւ ուղարկեցին մեզ»,- ասում է Վարդանյանը, ասելով որ իրենք էլ, ի պատասխան, Ձյունաշողի նկարներն են ուղարկել:

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի ուսումնասիրություններով զբաղվող փորձագետ Արսեն Հակոբյանն ասում է, որ շատերը փորձում են իրենց ծննդավայրի հետ որոշակի կապ պահպանել: Նրա խոսքերով, մարդիկ հաճախ հանդիպում են չեզոք գոտում, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, եւ փոխանակում նախկին բնակավայրերում նկարահանած տեսաերիզներ: «Նրանք վառ են պահում իրենց հիշողությունները ծննդավայրի մասին, այսպիսով թույլ չտալով, որ կապը ծննդավայրի եւ նախկին բնակավայրի հետ ընդհատվի»,- ասում է նա:

Հակոբյանի հետազոտությունները ցույց են տվել, որ Քերքենջի գյուղացիների օրինակով արված «կոմպակտ տեղափոխությունների» դեպքերը մի քանիսն են: Այսպես, տեղափոխություն է կատարվել Ադրբեջանի Չարդախլու եւ Հայաստանի Զորական գյուղերի միջեւ. Ադրբեջանի Մադրասա գյուղում բնակվող հայերը նախատեսել էին փոխանակվել Հայաստանի Արարատի շրջանի Շիդլու գյուղի հետ, բայց 1988 թվականի երկրաշարժը խաթարել է նրանց ծրագրերը: Վերջիվերջո, Մադրասայի բնակչությունը միավորվել է եւ Արագածոտնի մարզում հիմնել Դպրեւան գյուղը: «Փոխանակումը հիմնականում ծրագրվում էր համայնքային մակարդակով, եւ ծայրահեղ դեպքում կարող էին դեր խաղալ շրջանային իշխանությունները»,- ասում է Արսեն Հակոբյանը:

Գյուղերը փոխանակելուց հետո Քերքենջը եւ Կըզըլշաֆակը պայմանավորվածություն են ձեռք բերել խնամել գերեզմանոցները, որոնք ստիպված են եղել թողնել: Ու չնայած արդեն 16 տարի է անցել, երկու կողմն էլ պահում է խոստումը, եւ Ձյունաշողում մահմեդական գերեզմանոցը նույնքան խնամված է, որքան հայ քրիստոնեականը:

Ադրբեջանական գերեզմանոցի տարածքում արաբատառ գրառումներով շիրմաքարերի կողքին են գտնվում ուշ խորհրդային տարիներին տեղադրված ռուսատառ գերեզմանաքարերը` մահացածների նկարներով: «Անցյալ տարի գերեզմանոցի արտաքին պատից մի քանի քար էր պոկվել»,- IWPR-ին պատմեց 74-ամյա Նազիկ Հարությունյանը,- ամբողջ գյուղը միահամուռ վերականգնեց պատը: Մի շիրմաքարից էլ նկարն էր ընկել: Գյուղապետը սեփական ձեռքերով շաղախ սարքեց ու կպցրեց նկարն իր տեղը»: «Եթե մենք չխնամենք իրենց գերեզմանները, իրենք էլ մերը չեն խնամի»,- ասում են: Եվ չնայած տուն վերադարձը անհասանելի երազանք է, Ռ. Մարտիրոսյանը գիտի, թե ուր կգնա առաջին հերթին, եթե երբեւէ վերադառնա Քերքենջ. «Առաջինը հարազատներիս գերեզմանները կայցելեմ, իսկ հետո Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված Քերքենջի բնակիչների հիշատակին նվիրված հուշարձանը կայցելեմ, որ իմ ձեռքով եմ տեղադրել»:

Հ.Գ. Ձյունաշողից Վրաստանի Իրգանչայ գյուղ հասնել երբեմն կարելի նաեւ առանց սահմանապահների աչքին երեւալու: Սահման հիշեցնող որեւէ բան, հատկապես` մութն ընկնելուց հետո, անզեն աչքով տեսանելի չէ: Իսկ այստեղ, հատկապես` ձմեռվա կարճ օրերին, շուտ է մթնում: Ժամը 19.00-ին արդեն խորը մութ է: Եվ եթե հատկապես անծանոթ ես տեղանքին, կարող ես հեշտությամբ մոլորվել եւ հայտնվել հարեւան պետության տարածքում: Այդպես պատահեց մեր ստեղծագործական խմբի հետ, երբ Ձյունաշող էինք մեկնում եւ հայտնվեցինք թրքաբնակ Իրգանչայում: Ճանապարհներին բացակայում էին ոչ միայն ուղեցույց նշանները, այլեւ նույնիսկ ճանապարհամերձ մի քանի գյուղերի անվանումներ: Այդպիսով՝ մենք երկու հայկական գյուղ մտնելուց հետո էլ վերջնականապես չճշտեցինք Ձյունաշողի տեղը եւ փնտրտուքների արդյունքում՝ ակամա հայտնվեցինք հարեւան պետության տարածքում: «Սահմանախախտներիս» հյուրընկալած իրգանչայցիների հավաստմամբ` նման դեպքեր հաճախ են պատահում: Մեզ հյուրընկալած թուրք ուսուցիչ Ջամալ Եդիգարովը, պարզվեց, Ձյունաշողի գյուղապետ Ավագ Վարդանյանի ընկերն էր: Իրգանչայցիները սերտ հարեւանություն են անում ձյունաշողցիների հետ: «Մեր գյուղի բնակիչները նույնիսկ գումար են պարտք Ձյունաշողի գյուղապետին»,- երկու գյուղերի բարեկամությունն այսպես է հավաստում Ջամալ Եդիգարովը: Ձյունաշողի գյուղապետ Ավագ Վարդանյանին նոյեմբերի 9-ին սեփական անասնագոմում մահացած են գտել: Թեեւ իրավապահները կատարվածը որակել են որպես ինքնասպանություն, սակայն եւ Իրգանչայի, եւ Ձյունաշողի բնակչությունը` ինքնասպանության վարկածը համոզիչ չի համարում: «Տեղի ոստիկանությունը Ավագին միշտ մեղադրում էր թուրքերի հետ կապ պահպանելու համար»,- ասում են հարազատները: Ավագի մահը հավասարապես սգում էին նաեւ Իրգանչայում: Ձյունաշողցիների հավաստմամբ՝ գյուղապետ Ավագ Վարդանյանի շնորհիվ էր, որ իրենց վերջին տարիներին հաջողվել էր իրգանչայցիների միջոցով կապ ստեղծել եւ տեղեկություններ ստանալ իրենց ծննդավայր Քերքենջից: «Ավագը շատ էր կարոտում Քերքենջը,- պատմում էր Ավագի կինը՝ Աիդան,- անցած տարի Նոր տարուն նույնիսկ զանգել էր Քերքենջի գյուղապետին, գյուղից էր հարցուփորձ անում՝ ում տունը կա, ումը՝ չկա, ինչ նոր բան են արել: Էդ գյուղապետին ասում էր՝ հլը ասա տեսնեմ էս պահին դու ո՞ւմ տան հայաթումն ես կանգնած, դիմացդ ի՞նչ ա երեւում, մեկ էլ տեսնեմ՝ Ավագի ձայնը դողում ա, աչքերը արցունք ա լցվել…»:

Ջամալ Եդիգարովի տանը մենք ակամա հյուրընկալվել էինք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ: Բաքվի հեռուստակայաններից մեկը խորհրդային Երեւանի կադրեր էր ցուցադրում: «Ասում են՝ ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին»,- մեզ համար թարգմանեց Ջամալը: Հաջորդ ռեպորտաժն այն մասին էր, թե ինչպես Արությունով ազգանունով հայը Սարատովում սպանել է թուրք սպայի եւ այժմ հետախուզման մեջ է: Ջամալը դա էլ նույն սառնասրտությամբ թարգմանեց եւ գլուխն օրորեց. «Ինչ արեցին մեզ հետ, ինչ արեցին… Մի քանի հոգի վերեւներում փող են դիզում, արդյունքում՝ մենք ենք տառապում»: Ձյունաշողի գյուղապետի մահվան լուրն իմանալով՝ Ջամալն անտեսել է հնարավոր բոլոր վտանգներն ու մասնակցել ընկերոջ հուղարկավորմանը: Նրա հավաստմամբ՝ Ավագի թաղմանը մասնակցելու համար Ադրբեջանից 20 հոգի են եկել: