Դիահերձումը՝ բիզնե՞ս

18/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Պաթանատոմիա ասելով՝ հիմնականում հասկանում ենք դիահերձում: Մինչդեռ այն բժշկության շատ կարեւոր ճյուղերից է, եւ դրա կիրառումը նեղացել եւ հավասարվել է դիահերձմանը, որովհետեւ շատ նեղ է եղել պետության ուշադրությունը բժշկության այդ ճյուղի նկատմամբ: Այլեւս պետական մենաշնորհ չլինելու հանգամանքը նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ամեն մի հիվանդանոց իրավունք կունենա ստեղծել իրեն ծառայող պաթանատոմիական բաժանմունք կամ լաբորատորիա: Կամ էլ ինչ-որ մեկի խելքին կարող է փչել ձեռք բերել համապատասխան լիցենզիա եւ ստեղծել այդպիսի մասնավոր կենտրոն: Բժիշկ պաթանատոմները գտնում են, որ այս երեւույթը Հայաստանի առողջապահության համակարգին շատ վտանգավոր հետեւանքներ կբերի թե՛ բժշկության զարգացման, թե՛ առողջ ազգաբնակչություն ունենալու առումով: Պաթոլոգաանատոմները հավատացնում են, որ բժշկության այս ճյուղի զարգացումն ամբողջ բժշկության զարգացման նախապայմանն է:

«Պաթանատոմիան նշանակում է դիահերձում՝ մահացածի հյուսվածքների զննում եւ բիոպսիա՝ կենդանի հյուսվածքների զննում,- բացատրում է Առողջապահության նախարարության գլխավոր պաթոլոգաանատոմ Ջանիբեկ Գեւորգյանը: -Եթե բիոպսիայի ժամանակ մենք խորհուրդ տալու կարգով հաստատում կամ հերքում ենք բժիշկների ախտորոշումը, եւ դա կարող է օգնել հիվանդին, ապա դիահերձման դեպքում մեր եզրակացությունը, ճիշտ է, հիվանդին այլեւս չի կարող օգնել, բայց հաստատ կօգնի բժշկին մեկ անգամ եւս մտորելու իր ախտորոշման եւ նշանակած բուժման մասին: Կօգնի նաեւ պետությանը կողմնորոշվելու, թե առողջական ինչ խնդիրներ ունի իր ազգաբնակչությունը եւ ավելի շատ ինչի դեմ պետք է պայքարել»:

Դիահերձման եզրակացությունը կարեւոր է այն տեսակետից, որ վիճակագրությամբ կարելի է պարզել, թե հատկապես ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահացությունները: Բայց Հայաստանում հիմա այդպիսի վիճակագրություն չկա: ՀՀ գլխավոր պաթանատոմ Նորայր Վարդազարյանի ասելով` չկա հատկապես գյուղական շրջանների մահացության ամփոփ վիճակագրությունը:

«Գիտե՞ք, մեր գյուղերում դիահերձումը հիմնականում նշանակում է ներքին օրգանների հեռացում,- բացատրում է պարոն Վարդազարյանը: -Շատ դեպքերում դա էլ չի լինում: Իսկ մահվան վկայական տվող պոլիկլինիկայի աշխատողը բացում է այդ մահացածի անկետան, նայում է վերջին հիվանդությունը ու, առանց խորանալու իրականության մեջ, հենց դա էլ նշում է որպես մահվան պատճառ: Եվ բացառված չէ, որ այդ վերջին հիվանդությունը անկետայում նշված լինի մահվանից 20 տարի առաջ: Պատկերացնո՞ւմ եք, այս կարգի փաստաթղթերը պետք է վիճակագրության համար հիմք դառնան»:

Մասնագետները վկայում են, որ Հայաստանում կենդանի հյուսվածքների զննման դեպքում եզրակացությունը գրեթե միշտ համընկնում է բժշկի տված ախտորոշման հետ, նույնն էլ` դիահերձման ժամանակ: Շատ քիչ է պատահում, որ պաթանատոմը հերքի իր գործընկերոջ եզրակացությունը: Դա հաստատեց նաեւ «Էրեբունի բժշկական կենտրոնի» պաթանատոմիայի բաժնի վարիչ Աելիտա Աղախանյանը: Նրա ասելով` «Էրեբունի» հիվանդանոցում նման ուսումնասիրության ենթարկվում են միայն իրենց հիվանդները, եւ շատ քիչ են այն դեպքերը, երբ բուժող բժիշկների ու իրենց եզրակացությունը չի համընկնում: Տիկին Աղախանյանը դա համարում է կենտրոնի բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքը: Գրեթե նույն պատասխանը մեզ տվեց նաեւ «Սուրբ Ներսես Մեծ» հիվանդանոցի պաթանատոլոգ Սուսաննա Պողոսյանը: Մինչդեռ այդպիսի արդյունք չունեն նույնիսկ զարգացած երկրների զարգացած կլինիկաները: Ամերիկյան «ՄԵՕ» ինստիտուտի հաշվետվություններում պաթանատոլոգի եւ բուժող բժշկի եզրակացությունների մեջ մոտ 30 տոկոսանոց տարբերություն է լինում: Սա ի՞նչ է նշանակում, Հայաստանի հիվանդանոցներն ավելի բա՞րձր բուժսպասարկում են իրականացնում, քան զարգացած երկրների հիվանդանոցները: Թե՞ այստեղ ինչ-որ բան այն չէ: Երկրորդ տարբերակն ավելի հավանական է, որովհետեւ տվյալ հիվանդանոցի պաթանատոլոգը ենթարկվում է իր հիմնարկի գլխավոր բժշկին, նրանից է կախված իր աշխատանքը եւ աշխատավարձը: Եվ դա է պատճառը, որ շատ դեպքերում նա, կամա թե ակամա, հաստատում է իր գործընկեր բժիշկների եզրակացությունը: Հակառակ դեպքում նրանց սպառնալու է գործազրկությունը: Ահա թե ինչու են Հայաստանում գրեթե 100 տոկոսով համընկնում բժիշկների եւ պաթանատոլոգների կարծիքները: Իսկ դա տանում է աղետի: Մինչդեռ բժշկության մեջ ընդունված կարծիք կա, որ պաթանատոլոգը չպետք է ձեռք մեկնի բուժող բժշկին, որովհետեւ նրանց միջեւ դիակ կա: Այսինքն, բժշկի գործունեությունն անընդհատ պետք է վերահսկվի տվյալ հիվանդանոցից ընդհանրապես կախում չունեցող պաթանատոլոգի կողմից: Բուժող բժիշկը պետք է անընդհատ խորհրդակցի նրա հետ: Քիչ է ասել, թե մեզ մոտ այս կարգը պահպանվում է: Առանց անկախ պաթանատոմի հնարավոր չէ բժիշկներին ապացուցել իրենց թույլ տված սխալները, եւ նրանք դառնում են բացարձակ անվերահսկելի: Մանավանդ, որ դատական փորձաքննությունը գրեթե միշտ հաստատում է բժիշկների եզրակացությունը: Ու հիմա նոր օրենքով պաթանատոմիան այլեւս պետության մենաշնորհը չէ: Պարոն Վարդազարյանի ասելով` այս հանգամանքն ավելի կվատացնի եւ անվերահսկելի կդարձնի եղած իրավիճակը: Եվ ով ինչպես ուզենա` լաբորատորիա կբացի եւ կսկսի բժիշկներին հարմար եզրակացություններ տալ: Մասնագետները փաստում են, որ արտասահմանում, նույնիսկ` Ռուսաստանում պաթանատոմիան հիվանդանոցներից առանձնացված է, առանձին կենտրոններ են եւ ենթարկվում են միայն պետությանը: Մեզ մոտ, չգիտես ինչու, որոշել են այս ծառայությունն ազատականացնել, որը տվյալ դեպքում ցանկալի տարբերակ չէ:

Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը չցանկացավ այս հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ, ասելով, որ նոր օրենքի նախագծի մասին առաջինը պետք է խոսի ինքը` նախարարը: Իսկ փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, որը նաեւ այս նախագծի հեղինակներից է, այսպիսի հետաքրքիր պատասխան տվեց. «Ճիշտ է, նշված չէ, որ պաթանատոմիան պետության մենաշնորհն է, բայց միեւնույն է, մնալու է պետության մենաշնորհը»: Եվ անհասկանալի մնաց, թե ցանկացած մարդ, որ ուզենա այդպիսի կենտրոն բացել, ո՞վ եւ ինչպե՞ս պիտի նրան արգելի, եթե օրենքը դա չի արգելում: Եվ ընդհանրապես ինչո՞ւ այս ծառայությունը դադարեց լինել պետության մենաշնորհը, կամ ովքե՞ր էին դրա կողմնակիցները:

Գաղտնիք չէ, որ դիահերձումը, որպես զուտ արարողություն, բավական թանկ արժե, թեպետ պետությունը յուրաքանչյուր դեպքի համար վճարում է 24.000 դրամ: Դիահերձարանները բացի այս գումարից` կրկնակի, եռակի ավելի են վերցնում մեռելատիրոջից, եւ դա այսօր դարձել է լուրջ բիզնես, այնքան լուրջ, որ ժողովրդի մեջ տարածված է, թե «իրարից մեռել են փախցնում»: Մյուս կողմից հիվանդանոցները եւ բժիշկները շահագրգռված չեն, որ անկախ պաթանատոմը հետազոտի եւ «սխալ հանի» իրենց բուժումներն ու եզրակացությունները: Եվ շատ հավանական է, որ նույն խոշոր հիվանդանոցներն իրենց ազդեցիկ գլխավոր բժիշկների ջանքերով ազատականացրեցին այս ծառայությունը` ազատելով իրենց անկախ պաթանատոլոգի անցանկալի ընկերակցությունից, եւ վերջնականապես խարխլեցին Հայաստանի առողջապահության համակարգը: