Ի պաշտպանություն Փամուկի արշավն «անտեղի է» կարծում է վարչապետը

18/12/2005

Այն դեպքում, երբ միջազգային փառք ունեցող թուրք գրողը, որն այս շաբաթ դատարանի առջեւ կկանգնի թուրքական պետությանը վիրավորելու համար, իրավիճակը համարում է «ստորացուցիչ», վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել իրավապաշտպան խմբերին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Փամուկի:

Փամուկի դատը սկսելուց մի քանի օր առաջ, որը մեղադրվել էր շվեյցարական թերթին փետրվար ամսին տված հարցազրույցում արած «Անատոլիայում սրի են քաշվել մեկ միլիոն հայեր եւ 30.000 քրդեր» հայտարարության համար, Էրդողանը, Ավստրալիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում, հարցազրույց տվեց ավստրալիական «Սիդնի Մորնինգ Հերալդ» թերթին, եւ հայտարարեց, որ ի պաշտպանություն Փամուկի արշավը ճնշում է գործադրում թուրքական դատարանի վրա: «Ես կարծում եմ, որ դա ինչ-որ չափով հակասում է օրենքի նկատմամբ հարգանքի սկզբունքին»,- ասաց Էրդողանը:

Խոսելով այն մասին, ինչը նա անվանեց Փամուկին աջակցող «միջազգային խմբերի ճնշում», նա հայտարարեց. «Չեմ կարծում, որ նրանց պահվածքն այս դեպքում տեղին է»:

Վարչապետը համադրեց Փամուկի գործի վերաբերյալ միջազգային արձագանքներն իր սեփական փորձի հետ, այն ժամանակ, երբ ինքը Ստամբուլի քաղաքապետն էր: Իր խոսքերով, նա 10 ամիս գտնվել է ազատազրկման մեջ բանաստեղծության արտասանության համար եւ զրկվել է ընտրություններին մասնակցելուց, սակայն իրավապաշտպաններն անտեսել են նրա գործը:

«Երբ ես բանտում էի, ոչ ոք ոչ մի անգամ չխոսեց օրենքի գերակայության կամ մարդու իրավունքների մասին,- ասաց նա,- ոչ մի իրավապաշտպան չփորձեց օգնել ինձ կամ էլ տեղեկանալ, թե ինչ վիճակում եմ, այդ պատճառով էլ ես այստեղ երկակի ստանդարտներ եմ տեսնում»:

Փամուկն` իր հերթին, բրիտանական «Թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ Էրդողանի կառավարությունը շատ բան արեց երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու համար, բայց չկարողացավ հասնել բարեփոխումների՝ դատական համակարգի «ազգայնական, բռնապետական» հին բանակում: «Ես կարծում եմ, նրանք զգուշանում են»,- ասաց Փամուկը: «Չնայած Թուրքիան իրականացրել է մի շարք բարեփոխումներ ազատ արտահայտվելու ոլորտում, երբեմն թվում է, որ այդ բարեփոխումներն անց են կացվել միայն հաշվետվության համար»:

«Ես գրող եմ: Ստորացուցիչ է ապրել մի երկրում, որտեղ այդ թեման (1915-17թթ. հայերի ջարդը) արգելված է եւ ենթակա չէ քննարկման»:

Հարցազրույցում Փամուկը նաեւ հայտարարեց, որ չի հավատում պաշտոնական դիրքորոշմանը, որի համաձայն` դատական իշխանությունն անկախ է եւ չի ենթարկվում քաղաքական ազդեցության:

«Կառավարության առաջնահերթ խնդիրը, ինչը Թուրքիային Եվրոպա կտանի, իր քաղաքացիների խոսքի իրավունքի պաշտպանությունն է, ոչ թե՝ դատավորների եւ դատախազների»:

«Թըրքիշ դեյլի նյուս»