Երեւանի «Արմենիա» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում մոտ 2 շաբաթ տիրող եռուզեռը կարծես թե մոտեցավ իր ավարտին: Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով «Արմենիան» ըստ էության չէր գործում` ի տարբերություն «Շիրակի», որտեղ վայրէջք էին կատարում ինքնաթիռները: Ինչեւէ, եղանակն այժմ բարելավվել է, իսկ այդ օրերի հետեւանքը եղավ որոշ ավիաընկերությունների յուրօրինակ գովազդը: Արդեն շահարկվում է այն տեսակետը, որ «Արմավիա» ընկերությունը, հանձինս իր տնօրեն Նորայր Բելլույանի` այն «հերոսն» է, ով կարողացավ արագ կողմնորոշվել եւ չվերթերը տեղափոխել Գյումրիի օդանավակայան: Կամ, մյուս ընկերություններին, մասնավորապես` «Սիբիրին» հաջողվեց ապահովել ուղեւորների եւ նրանց բեռների մի մասի անվտանգ տեղափոխումը Գյումրիից Երեւան:
Սակայն բեռների տեղափոխումը որոշակի խնդիրներ էր առաջացրել նույնիսկ չվերթերի կարգավորումից հետո: Բանն այն է, որ երեկ մոտ մեկ շաբաթ առաջ ժամանած ուղեւորները դեռ սպասում էին իրենց իրերին: Մասնավորապես, դեկտեմբերի 8-ին «Սիբիր» ընկերության ինքնաթիռով Գյումրի ժամանած ուղեւորներն իրենց վերջին բեռները ստացան միայն դեկտեմբերի 13-ին: Ինչո՞վ էր պայմանավորված այս ուշացումը: Ինչպես մեզ տեղեկացրեց «Արմենիա» օդանավակայանում «Սիբիր» ընկերության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը, այդ օրերին ինքնաթիռները հիմնականում լիցքավորվել են Սոչիում, եւ քանի որ չէր կարելի լրացուցիչ վառելիքով բեռնավորված օդանավերը ծանրաբեռնել, ուստի ուղեւորների հետ բեռները նույն չվերթով չեն եկել: Ինչ վերաբերում է Գյումրիից Երեւան ուղեբեռների տեղափոխմանը, ապա «Սիբիրի» ներկայացուցչի խոսքերով, ընկերությունը հնարավորինս խուսափել է դրանք «Շիրակ» օդանավակայան իջեցնելուց: Պատճառը մեկն է. Գյումրիի համապատասխան կառույցը, ի տարբերություն «Արմենիա» օդանավակայանի, չունի այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որոնք կարող են ապահովել մեծ քանակությամբ բեռների անվտանգ սպասարկումը: Այնուամենայնիվ, «Արմենիա» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի հավաստմամբ` ավիաընկերություններին հաջողվել է այդ խնդիրը հաջողությամբ լուծել:
Իսկ ի՞նչ էր կատարվում հայկական օդանավակայաններում անբարենպաստ այդ օրերին: Ինչպես տեղեկացրեց Գ. Աբրահամյանը, չնայած մարդկանց բազմությանն ու լարված եւ սպասողական վիճակին` որեւէ արտառոց միջադեպ Երեւանի օդանավակայանում չի գրանցվել: Նույնը պետք է նշել «Շիրակի» մասին: «Արմավիա» ընկերության ինքնաթիռներից մեկում անվտանգության բարձիկների բացվելն ու նյութական վնասի հարուցումը մառախուղի հետ կապված չէր: Ընդ որում, Գյումրի վայրէջք կատարած ուղեւորների հավաստմամբ` օդանավակայանի աշխատակիցները չեն չարաշահել իրենց «մենաշնորհային» դիրքը: Մասնավորապես, օդանավակայանի տարածքում վաճառվող սննդի գների աճ չի նկատվել, արտարժույթի փոխարժեքը էապես չի տատանվել, եւ նույնիսկ ավտոմեքենաների կանգառը եղել է անվճար: