Պատասխանատուն չգտնվեց

18/12/2005

«168 Ժամի» թիվ 58-ում լույս էր տեսել «Գողություն օդո՞ւմ» վերնագրով հրապարակումը: Հոդվածն այն մասին էր, թե ինչպես էր «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռով Զալցբուրգ մեկնած ՀՀ քաղաքացուն իր ճամպրուկը հասել կոտրված վիճակում: Բացի այդ, ուղեբեռից բացակայում էին 2 շիշ կոնյակը եւ 10 տուփ ծխախոտը: Ավիաընկերությունը պարտավորվել էր տուժողին փոխհատուցել հասցված նյութական վնասը 50%-ի չափով եւ ուղեւորին տալ համարժեք նոր ճամպրուկ: Փոխհատուցման չափը, ավիաընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի խոսքերով, պայմանավորված է այդ ապրանքների գնման կտրոնների բացակայությամբ: Ինչպես տեղեկացանք տուժող քաղաքացուց, այդ գումարն այդպես էլ չի փոխհատուցվել, իսկ «Ավստրիական ավիաուղիների»` «Արմենիա» օդանավակայանում տեղակայված ներկայացուցչությունից քաղաքացուն զանգել եւ «հրավիրել» են նոր ճամպրուկը ստանալու: Սակայն քաղաքացին մերժել է` իրավացիորեն պահանջելով այն անձամբ հասցնել իր տուն: Պահանջը կատարվել է:

Ավիաընկերությունը գողության մեղքը «բարդում» է միջազգային օդանավակայաններից մեկի աշխատակիցների վրա: Մեր տեղեկություններով` ավստիական օդանավակայանների սպասարկող անձնակազմում, առավել եւս` բեռնակիրների կազմում, գերակշռում են էժան վարձատրությամբ աշխատող օտարազգի աշխատակիցները (էժան աշխատուժ): Ուստի առավել հավանական է, որ գողությունը տեղի ունեցած լինի հենց Ավստրիայում: Ինչեւէ, հանցանք կատարողը պատիժ չկրեց: Ցավոք, նման դեպքեր հաճախակի են պատահում ուղեւորների կյանքում:

Կ. Թ.