1998թ. Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից Ստեփանակերտում բացվեց Վերականգնողական կենտրոնը, որտեղ բուժում են ստանում հաշմանդամ ազատամարտիկներ ու երեխաներ: Արդեն 2000-ին կենտրոնում աշխատում էին յոթ թերապիստ-բուժքույր, որոնք բուժօգնություն էին ցուցաբերում ամբուլատոր հիվանդներին: Նույն տարում սկսել է գործել նաեւ լոգոպեդի ծառայությունը: 2002 թվականից կենտրոնը գործում է ԼՂՀ Առողջապահության նախարարության համակարգում:
Վերականգնողական կենտրոնի վերանորոգման, այլ սենյակների բացման եւ գույքի ձեռքբերման գործում մեծ աջակցություն են ցուցաբերել արտասահմանյան բարերարները: 2001-ին արգենտինահայ բարերարներ Էդուարդ եւ Ջորջ Վարդպարոնյանների շնորհիվ կենտրոնը ձեռք բերեց «Գազել» մակնիշի մեքենա: Կենտրոնի տարբեր հովանավորների եւ ԼՂՀ Առողջապահության նախարարության միջոցներով ստեղծվել են մարզական, համակարգչային ուսուցման, կավագործության սենյակներ, գնվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ` կազմակերպվել են տարբեր բնույթի միջոցառումներ, այդ թվում` ամենամյա էքսկուրսիա` Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Ղարաբաղում էլ կան շատ ունեւոր մարդիկ, սակայն կենտրոնին չեն օգնում: Հայտնի է նաեւ, որ կենտրոնի վերանորոգողական աշխատանքներին մասնակցելու նպատակով ամեն տարի ամռան ամիսներին Արցախ են այցելում սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ:
2000-ից մինչեւ 2005 թվականի հուլիսը կենտրոնում ամբուլատոր բուժում է ստացել 432 հաշմանդամ, տնային բուժում են ստացել 225-ը, իսկ ստացիոնար` 125-ը: Լոգոպեդի մոտ բուժվել է 194 հիվանդ, իսկ հոգեբանի մոտ հաճախել` 62 հոգի: Ինչպես պատմում են կենտրոնում բուժվող երեխաների ծնողները` սա միակ բուժհիմնարկն է, որտեղ բուժման դիմաց կաշառք չեն վերցնում: «Ես շատ գոհ եմ վերականգնողական կենտրոնի աշխատակիցներից: Տղաս բուժում է ստացել լոգոպեդի մոտ: Չէի պատկերացնում, որ կարող եմ տեսնել նաեւ նման հոգատար ու բարեհամբույր վերաբերմունք: Դա նկատվում էր ոչ միայն իմ երեխայի բուժման ժամանակ, այլ ընդհանրապես: Կենտրոնում բուժանձնակազմն աշխատում է անվճար, բայցեւ` խղճով ու մեծ պատասխանատվությամբ»,- նշում է Դիանա Ավետիսյանը:
Կենտրոնի հովանավորներից է նաեւ շոտլանդացի Ռոբին Մաք-Լարրին, որն առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 2001թվականին: Ռոբինը տարվա մեծ մասն անց է կացնում Արցախում: Խոսելով կառույցի գործունեության մասին` նա նշեց. «Այստեղ ես այլ փիլիսոփայություն եմ տեսել: Չգիտեմ, դա կովկասյա՞ն, թե՞ հետխորհրդային մենթալություն է, բայց Ղարաբաղում շատերը միայն դրա մասին են մտածում, թե ինչպես ինչ-որ բանից փող սարքեն: Իհարկե, այստեղ քիչ են վաստակում, դրա համար է այդպես: Բայց յուրաքանչյուր մարդ պետք է խղճով անի այն գործը, որին ձեռնամուխ է եղել: Պետք է սիրել նրանց, ում հետ աշխատում ես»,- ասում է Ռոբինը:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն այսօր էլ շարունակում է իր անձնվեր գործունեությունը` ընդլայնելով ծրագրերի շրջանակները, թեկուզ ունի նաեւ մասնագիտական սարքավորումների, հետագա ծրագրերի իրականացման աջակցության կարիք: