Սահադաշտից դեպի մեծ սպորտ

18/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրեց նաեւ սահադաշտի վերակառուցված՝ Կարապի լճի կարմիր ժապավենը: Այս անգամ նա, սակայն, շեղվեց իր սովորույթից եւ սահադաշտը չփորձարկեց: Նախագահին չգայթակղեցին նաեւ Հոկեյի ֆեդերացիայի նվերները՝ հոկեյիստի համազգեստը, մականն ու տափօղակը: Դաշտում առաջինը սահեցին Շենգավիթի գեղասահքի դպրոցի սաները: Քաղաքապետարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին նախագահին եւ սահադաշտի բացման արարողության մասնակից ժողովրդին այն տեսակետը հայտնեցին, թե սահադաշտը կկարճացնի դեպի մեծ սպորտ ճանապարհը: Մեզ մնում է սահելով կտրել-անցնել այն: 1033քմ տարածք ունեցող սահադաշտի վրա միանգամից կարող են սահել 100 հոգի՝ հաշվարկել են քաղաքապետարանի աշխատակիցները: Պահանջարկից ելնելով էլ կորոշվի՝ օրական քանի ժամ կգործի այն: Քաղաքապետն այնքան բարի է գտնվել, որ սահադաշտում այս տարի սահելն անվճար է լինելու: «Հաջորդ տարվա մասին կխոսենք հաջորդ տարի»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը: Սահելն անվճար է, բայց չմուշկների համար պետք է վճարել: Պրն Բասենցյանն ասում է՝ շատ թանկ չի լինի, 1 ժամը՝ 1000 դրամի սահմաններում: Չմուշկների վարձույթը, հավաստիացնում են, պարտադիր չի լինելու, կարող ենք սահել նաեւ սեփական չմուշկներով:

Սահադաշտի կառուցմանը, որը տեւել է 7 ամիս, ներդրվել է 450 մլն դրամ: Սառեցնող սարքավորումները ֆրանսիական են: Սահադաշտը գործելու է նոյեմբերից մարտ ժամանակահատվածում, մնացած ամիսներին սառեցնող սարքավորումները կհավաքվեն՝ կպահվեն հատուկ պահեստարաններում, իսկ ավազանը նորից ջրով կլցվի: Սահադաշտին կից չմուշկների վարձույթից բացի կգործի նաեւ սրճարան, բուժկետ, տեխնիկական սպասարկման կետ: Անփորձ այցելուներին սահել կսովորեցնեն գեղասահքի դպրոցի ուսուցիչներն ու սաները: Համալիրն ընդհանուր առմամբ կսպասարկի շուրջ 40 հոգանոց աշխատակազմը: