Դանիել Սվարովսկի

18/12/2005

Դանիել Սվարովսկու խորհրդավոր կերպարը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Օրինակ՝ համարել նրան քրեական հանցագործ, խարդախ, կեղծարար, ինչպիսին Ժորժ Ֆրեդերիկ Ստրասսն էր: Վերջինս ապրել է XVIII դարում եւ բարեհաջող կերպով կեղծում էր թանկարժեք քարերը: Հենց նրա անունով էին կեղծ ադամանդները կոչում «ստրազ»:

Կա նաեւ այլ մոտեցում. Սվարովսկին էսթետ է, չհաջողված ջութակահար, ռոմանտիկ: Նա երազում էր շրջապատողներին ապացուցել, որ արվեստում կարեւորը ոչ այնքան նյութն է, որով աշխատում ես, որքան քո սեփական վարպետությունն ու միստիկ աշխարհները, որոնց մեջ խորասուզվում է քո հանդիսատեսը: Մի՞թե գայթակղիչ չէ այնպես անել, որ արհեստական լույսը բնական լույսից ավելի պայծառ լինի, որ կեղծ ադամանդն իր փայլով գերազանցի իսկականին: Պարզ չէ, սակայն, թե ինչ էր այդ մասին մտածում ինքը` վարպետը, որ կաթոլիկ էր ու խիստ հավատացյալ:

Դանիել Սվարովսկին ծնվել է 1862-ին՝ Ավստրո-Հունգարիայի հյուսիսում՝ Բոհեմիայի սարերում: Այդ երկրամասը հայտնի է ոչ միայն Queen խմբի «Բոհեմական ռապսոդիայով», այլ ավելի շատ բոհեմական ապակիով, որն այստեղ մշակում էին դեռ արդյունաբերական հեղափոխությունից շատ առաջ: Դանիելի հայրը փոքրիկ արհեստանոց ուներ, որտեղ պատրաստում էր բիժուտերիա, վարսակալներ, տարբեր աքսեսուարներ: Դանիել Սվարովսկին մի քանի տարի աշխատում է այստեղ, ազատ ժամանակ ջութակ նվագում, բայց շուտով որոշում է, որ մեծ գործերը մեծ քաղաքներում են կատարվում: Օրինակ՝ Փարիզում:

Հենց այնտեղ էլ ճանապարհվում է Դանիելը՝ սովորելու քիմիա, ֆիզիկա, մեխանիկա եւ ինժեների համար անհրաժեշտ մյուս գիտությունները: Սովորելուց հետո նա գնում է Համաշխարհային էլեկտրատեխնիկական ցուցահանդես, որտեղ էլ միտք է հղանում՝ ստեղծել մի հաստոց, որով հնարավոր կլինի հղկել ապակին: 1891-ին նա ստեղծում է աշխարհում առաջին էլեկտրական հղկող հաստոցը: Այն հնարավորություն էր տալիս քարերն ու բյուրեղապակին մշակել հրաշալի որակով ու բավական մեծ քանակով: Բայց հանրությանն այս մասին տեղյակ պահելու համար Սվարովսկուն հարկավոր էր մասսայական արտադրություն սկսել, այսինքն՝ դուրս գալ շուկա: Այստեղ Դանիելը խորամանկեց. նա որոշեց չմրցակցել բոհեմական վարպետների հետ եւ տեղափոխվեց Ավստրիա ու Վատտենս բնակավայրում սկսեց արտադրել թանկարժեք քարերի բյուրեղապակե նմանակները: Սվարովսկին չէր էլ թաքցնում, որ դրանք ընդամենը նմանակումներ են: Նրա բյուրեղապակին նույն տեսքն ուներ, ինչ ադամանդը: «Ամեն փայլող բան չէ, որ ոսկի է» ասացվածքը ժխտվեց: Փայլն ավելի կարեւոր էր:

Սվարովսկու ֆաբրիկան սկսեց շատ պատվերներ ստանալ: Նա ստիպված էր ընդարձակել տարածքը եւ վարձել 200 բանվոր: Մի քանի տարվա ընթացքում Սվարովսկին որդիների հետ բյուրեղների հղկման տեխնոլոգիան հասցրեց կատարելության: Միայն նա գիտեր՝ ինչպես հասնել բյուրեղապակու առավելագույն թափանցիկության: Դանիելի գլխավոր մրցակիցները հայտնվեցին սնանկացման եզրին: Մինչեւ օրս էլ ոչ մեկին չի հաջողվել հասնել այդպիսի արդյունքի, թեեւ շատերն են փորձել: Ի վերջո, պարզ դարձավ, որ Սվարովսկու գաղտնիքը ոչ թե հատուկ հաստոցներն են, այլ այն ֆորմուլան, որով նա մշակում է բյուրեղապակին:

Տարիներ կանցնեն, ու բյուրեղապակե բիժուտերիան կդառնա Մառլեն Դիտրիխի երեկոյան զգեստների, Մայքլ Ջեքսոնի, Բրայան Ֆերրիի ու Թինա Թերների բեմական հագուստների անբաժան մասը: Շանելը, Քրիստիան Դիորը, Իվ Սեն Լորանը մինչեւ հիմա էլ իրենց զգեստներին բյուրեղապակե զարդեր են կարում: II աշխարհամարտի տարիներին, երբ Եվրոպայի նորաձեւության տները ճգնաժամի մեջ էին հայտնվել, խորամանկ Սվարովսկուն հաջողվեց իր արտադրանքն արտահանել ԱՄՆ:

1956-ին ֆիրմայի հիմնադիրը մահացավ՝ ընտանիքին թողնելով ծաղկում ապրող բիզնեսը: 20 տարի անց նրա ժառանգները սկսեցին արտադրության նոր գիծ՝ Silver Cristal անունով: Առաջին արտադրանքը մկնիկի տեսք ուներ, դրան հաջորդեցին ոզնին, կրիան, կարապը, եւն: Այժմ դրանց գինը տատանվում է 30-600 դոլարի սահմաններում:

Շուտով ստեղծվեց նաեւ Սվարովսկու արտադրանքի կոլեկցիոներների ակումբ, որն ունի մոտ կես մլն անդամ ողջ աշխարհում: Նրանցից յուրաքանչյուրին դիզայներներն ամեն տարի նոր աշխատանք են ներկայացնում՝ արված հատուկ էսքիզներով, այնքան հատուկ, որ հետո բոլոր էսքիզներն ուղղակի ոչնչացվում են: Դա բացատրվում է նրանով, որ Սվարովսկու ֆիրմայի ողջ կապիտալը հենց բյուրեղապակու գաղտնիքն է:

1995-ին ստեղծվեց Սվարովսկու թանգարանը: Դա մի հսկայական ստորգետնյա քարանձավ է՝ 7 սենյակից բաղկացած լաբիրինթոս, որոնք իրար կապված են աստիճաններով ու նեղլիկ միջանցքներով: Քարանձավի մուտքը հսկում է վառվող աչքերով մի հսկա, նրա բերանից ջրվեժ է ժայթքում: Լուսարձակների լույսի տակ թվում է, թե ջուրը նույնպես բյուրեղապակուց է: Պատերին փորագրված են տողեր Շեքսպիրից, Լորկայից, Գյոթեից, որտեղ կա «cristal»՝ «բյուրեղ» բառը:

Այստեղ ցուցադրված են Սվարովսկու ամենափոքր ու ամենամեծ բյուրեղապակե գործերը, որոնք մտել են Գինեսի ռեկորդների գրքի մեջ: Ամենամեծի քաշը մոտ 62 կգ է՝ 310.000 կարատ: Ամենափոքրը կարելի է տեսնել միայն մանրադիտակով: Նրա տրամագիծը 0,8 մմ է: Ցուցանմուշների շարքում են Սալվադոր Դալիի հանրահայտ «փափուկ ժամացույցները», հնդկական մահարաջայի ձիու սարքերը, 11 մետրանոց բյուրեղապակե պատը, եւն:

Դեպի մյուս սրահ տանում է մեկ մետր լայնությամբ ու 10 մետր երկարությամբ ճանապարհը: Սրահն անընդհատ փոխում է գույները: Ապակե երկնքի եռաչափ տարածության մեջ առկայծում են աստղերը: Երկիրը ողողվում է օվկիանոսների երկնագույն լույսով, հայտնվում են մայրցամաքները:

Մի ակնթարթ կուրանալով լույսից՝ կարծես հայտնվում ես բյուրեղի ներսում: 590 եռանկյուն հայելիներն այնպիսի պատրանք են ստեղծում, եւ հավատդ չի գալիս, որ առաստաղի բարձրությունն ընդամենը 5 մետր է: Թվում է, թե պատերից անդրադարձող ձայները միահյուսվում են իրար: Իմիջիայլոց, նախկին ջութակահար Սվարովսկին իր աշխատողներից պահանջում էր, որ բյուրեղապակու մեջ երաժշտություն հնչի: Բյուրեղապակե երաժշտություն:

Ի տարբերություն մեզնից շատերի՝ Դանիել Սվարովսկին հասկանում էր, որ ավելի հետաքրքիր է պատրանքների վարպետ լինել, քան դրանց օգտագործող:

Ըստ Ինտերնետի նյութերի