Դեկտեմբերի 11-ին հերթական միջադեպն է գրանցվել Ջավախքում: Այս անգամ միջադեպի առիթ է դարձել այն, որ աշխատանքից ազատվել են հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Ժդանովական գյուղի մոտակայքի հսկիչ կետի ազգությամբ հայ բոլոր աշխատողները, որոնց փոխարեն աշխատանքի են ընդունվել վրացիներ` Թբիլիսիից եւ Վրաստանի այլ վայրերից: Քանի որ աշխատանքն անցակետում տեղացիներից շատերի եկամտի միակ աղբյուրն էր, իսկ վրացի հսկիչների նշանակումն ընկալվել է որպես կենտրոնական իշխանությունների կողմից Հայաստան մտնող արտադրանքի ստուգումն ավելի խստացնելու փորձ, այդ փաստը տեղի բնակչության մոտ զանգվածային հուզումների պատճառ է դարձել: «Regnum»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 11-ին, ժամը 11-ին տեղացի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հարյուրավոր հայեր հավաքվել են հայ-վրացական սահմանի հսկիչ կետի մոտ: Նրանք Սամցխե-Ջավախեթիի նահանգապետից պահանջել են գալ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Սակայն նահանգապետը հրաժարվել է հանդիպումից, եւ ցուցարարների եւ վրացի ոստիկանների միջեւ վեճ է ծագել: Արդյունքում` վրացի ոստիկանները ստիպված են եղել լքել հսկիչ կետը: Վրացական հսկիչ անցակետը գրավելուց հետո ցուցարարները շարժվել են դեպի հայկական հսկիչ կետ: Իրավիճակը Ջավախքում շարունակում է լարված մնալ: