Քոչարյանին պաշտոնանկ արեցին

14/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Մինչեւ հիմա ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում «Արդարություն» դաշինքը ներկայացնում էր Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը: Սակայն այն բանից հետո, երբ Շավարշ Քոչարյանն ինչպես` Հայաստանում, այնպես էլ` միջազգային կառույցներում սկսեց պաշտպանել սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի ներկայացրած նախագիծը, ԱԺԿ նախագահի եւ դաշինքի անդամների հարաբերությունները կտրուկ սրվեցին: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է «ճտերը հաշվելու ժամանակը»: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ դիմել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների եւ խմբի ղեկավարներին` առաջարկելու ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ներկայացուցչին: Ու երեկ դաշինքը, մասնավորապես` դրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, կարելի է ասել, Շավարշ Քոչարյանին «պատժելու» մասին որոշում կայացրեց: Այսուհետ ԱԺ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում «Արդարություն» դաշինքը ներկայացնելու է ոչ թե Շավարշ Քոչարյանը, այլ` անձամբ Ստեփան Դեմիրճյանը:

Ըստ մեր աղբյուրների` դեռ մի քանի օր առաջ դաշինքի անդամները Շավարշ Քոչարյանին առաջարկել են ինքնակամ հրաժարական ներկայացնել: Նույն առաջարկը դաշինքի գործընկերները պնդել են նաեւ երեկվա նիստի ժամանակ: Սակայն Շ. Քոչարյանը հրաժարվել է կատարել գործընկերների առաջարկը եւ պահանջել է, որ իր հարցը քվեարկությամբ լուծեն: Եվ երեկվա նիստին ներկա 9 պատգամավորներն էլ կողմ են եղել ԱԺ ԵԽ ԽՎ պատվիրակության մեջ «Արդարություն» դաշինքից Ստեփան Դեմիրճյանին ներկայացնելուն: «Իսկ Շավարշ Քոչարյանը չի մասնակցել քվեարկությանը եւ առարկություններ չի ունեցել»,- խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարեց «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը: Թե որքանով է խմբակցության որոշումը կապված Շավարշ Քոչարյանի` հանրաքվեի վերաբերյալ ունեցած դիրքորոշման հետ, Ռ. Խաչատրյանն, ըստ էության, ոչինչ չպատասխանեց: «Ես ներկայացնում եմ որոշումը, որ կայացրել է խմբակցությունը»,- նույն պատասխանը մի քանի անգամ պնդեց նա: Տիկին Խաչատրյանի հավաստիացումներով` «Արդարություն» խմբակցությունն ԱԺ նախագահի ստորագրությամբ նամակ էր ստացել, որտեղ առաջարկվում էր ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում ներկայացնել մեր խմբակցության անդամին: Այդ հարցը քննարկվեց եւ որոշում կայացվեց, որ ԵԽ ԽՎ-ում մեր խմբակցությունը պետք է ներկայացնի խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը»: Իսկ լրագրողների այն հարցին, թե Շավարշ Քոչարյանը լավ չի՞ աշխատել այսքան ժամանակ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Մենք Շավարշ Քոչարյանի աշխատանքը չենք գնահատել, այլ գտնում ենք, որ Ստեփան Դեմիրճյանը ավելի լավ կաշխատի»:

Իսկ ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում ինքը` Շավարշ Քոչարյանը: Վերջինս, խմբակցության նիստից դուրս գալով, ընդամենը մի փոքրիկ հայտարարություն արեց` հրաժարվելով պատասխանել իրեն անհամբեր սպասող լրագրողներին հարցերին: «Դա ֆրակցիայի իրավունքն է: Տվյալ պարագայում` ես հակված չեմ որեւէ համեմատություն անել»,- արտաքուստ այսպիսի հանգիստ պատասխան տվեց նա: Սակայն Շավարշ Քոչարյանը գտնում է, որ ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում իրեն չներկայացնելով, «Արդարություն» դաշինքը եւ ընդհանրապես ընդդիմությունը բավական շատ բաներ են կորցնում: «Խնդիրը կայանում է նրանում, որ այս որոշումով ԵԽ ԽՎ-ում մենք կորցրեցինք հետեւյալ տեղերը, առաջին` մոնիտորինգի հանձնաժողովի անդամ: Դա կորցրեց եւ Հայաստանը, եւ ընդդիմությունը: Երկրորդը` մենք կորցրեցինք Մշակութային ժառանգության վեհաժողովի ենթահանձնաժողովի նախագահի տեղակալի տեղը: Երրորդը` մենք կորցրեցինք ժողովրդավարության, դեմոգրաֆիայի հարցերով զեկուցողի տեղը: Չորրորդ` Եվրոպայի խորհրդում կան տարբեր կոմիտեներ, որոնցից մեկն Առողջապահության կոմիտեն է: Ես վեհաժողովի կողմից ներկայացված եմ այդ կոմիտեում որպես դիտորդ: Այդ տեղը եւս մենք կորցրեցինք»,- ընդդիմության կորուստների եւ ժամանակին իր ունեցած ձեռքբերումների մասին մանրամասնեց Շ. Քոչարյանը: Իհարկե, ԱԺԿ նախագահն ասաց, որ ցանկացած մարդ կարող է հասնել այն ամենին, ինչի հասել է ինքը: Սակայն այդ ամենի համար բավական երկար ժամանակ է հարկավոր, նույնիսկ` ամենալավ աշխատանքի դեպքում: «Հետեւաբար հարց է առաջանում, այդպիսի կորուստները պե՞տք է ինչ-որ ձեւով հիմնավորված լինեն»,- հարցրեց պարոն Քոչարյանն ու ասաց, որ միակ հիմնավորումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իրենց կուսակցության եւ դաշինքի դիրքորոշումների անհամապատասխանությունն է: Ըստ Շավարշ Քոչարյանի` «Արդարություն» դաշինքը պետք է տեր կանգներ «սահմանադրական փոփոխությունների հարցում առաջին ընթերցումից հետո այն դրական քայլերին, որ ձեռք բերեցին ստրասբուրգյան հանձնաժողովներում»: Ու դրանից հետո ընդդիմությունը, պատգամավորի խոսքերով, պետք է շարունակեր բարելավել նախագիծը` հասցնելու համար իր ուզած մակարդակին: Շավարշ Քոչարյանը երեկ նաեւ կարծիք հայտնեց ընդդիմադիրների` հանրաքվեին հաջորդած գործողությունների վերաբերյալ: «Ցավոք, իրավիճակն այնպիսին էր, որ ոչ հասարակության մեջ կար համապատասխան մթնոլորտը, ոչ էլ ընդդիմության ռեսուրսներն են թույլ տալիս արդյունավետ վերահսկելու ու բացահայտելու կեղծիքները: Առավել եւս, չկա այն ռեսուրսը` օգտագործելու հանրաքվեի օրը հեղափոխություն անելու համար: Սա շատ պարզ ու կանխատեսելի է: Մենք հայտնվեցինք հետեւյալ վիճակում` էլ ավելի հիասթափված ժողովուրդ, էլ ավելի իր վստահությունը կորցրած, դիրքերը թուլացրած ընդդիմություն, եւ որպես այս ամենի արդյունք` էլ ավելի ուժեղացած ռեժիմ»,- սահմանադրական փոփոխությունների մասին ի վերջո այսպես արտահայտվեց պարոն Քոչարյանը` ավելացնելով, որ հոգեբանորեն ինքը շատ լավ հասկանում է իր գործընկերներին: Իսկ որպեսզի մյուսներն էլ կարողանան լավ հասկանալ «Արդարություն» խմբակցության պատգամավորների քայլերը, Շավարշ Քոչարյանը մի պատմություն պատմեց. «Մեկը ծառի վրա նստած սղոցում է հենց այն ճյուղը, որի վրա նստած է: Մյուսն ասում է. «Ի՞նչ ես անում, չէ՞ որ կընկնես»: Սա շարունակում է սղոցելը, ընկնում է եւ որից հետո ասում է իրեն խորհուրդ տվողին՝ «Վայ, դու կախարդ ես»: Այնպիսի տպավորություն է, թե ԱԺԿ-ն հայտնվել է հենց այդ վիճակում»,- այսպիսի պատկերավոր ու խորիմաստ առակով իր հայտարարությունն ամփոփեց Շավարշ Քոչարյանն ու, հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, արագ հեռացավ իր աշխատասենյակ:

Ի դեպ, ԱԺ մյուս խմբակցություններն ու խմբերն անփոփոխ են թողել ԵԽ ԽՎ պատվիրակության իրենց անդամներին: