Հեղափոխության օրը տեղափոխեցին տոներից հետո

14/12/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքները կեղծված համարող հայաստանյան միավորված ընդդիմությունը շարունակում է հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու ուղղությամբ հանրահավաքային պայքարը: Այդ հանրահավաքները սակայն աչքի են ընկնում իրենց սակավամարդությամբ:

Նկատենք, որ միավորված ընդդիմության շարքում կան մի քանի կուսակցություններ, որոնց անդամների թիվն, ըստ իրենց տվյալների, գերազանցում է մի քանի տասնյակ հազարը: Ո՞րն է ուրեմն ընդդիմության հանրահավաքների սակավամարդության պատճառը: Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` պետք է փորձել այդ հարցին շատ պարզ չնայել: Հ. Հովհաննիսյանը համաձայն է, որ հանրահավաքի լրջությունը չափվում է նրանով, թե որքան մարդ է եկել հանրահավաքին, սակայն նրա խոսքերով` այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, երբ ըստ նրա` հասարակությունն ընդհանրապես մերժեց հանրաքվեն, շատ խորը եւ լուրջ երեւույթ է, որը քաղաքական ուժերը՝ եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը պետք է երկար անալիզ անեն, որովհետեւ նոյեմբերի 27-ին երկրում տեղի ունեցավ մի պրոցես, որն իսկապես աննախադեպ էր: «Առաջին քայլը հասարակությունն արեց: Հասարակությունը վերջնականապես մերժեց այս իշխանություններին»,- ասում է Հ. Հովհաննիսյանն ու հավելում, որ իշխանությունները կապը խզել են հասարակության հետ, ու չկա երկխոսություն սեփական ժողովրդի հետ: Նրա համոզմամբ` քիչ թե շատ կոնտակտ հասարակության հետ այսօր ունի ընդդիմությունը: Ըստ նրա, հիմա պետք է ֆիքսել, որ իշխանությունները հասարակության հետ իրենց կոնտակտը, իրենց շփման եզրերը սպառել են, եւ հասարակության հետ մնացել է միայն ընդդիմության կոնտակտը, որն էլ, ըստ Հ. Հովհաննիսյանի, ընդդիմությունը փորձում է զարգացնել` հասարակությանը հանրահավաքների հրավիրելով: «Հասարակության գոնե մի մասն ընդդիմության հորդորով բոյկոտեց հանրաքվեն: Եթե այդ բոյկոտած մարդկանց մի մասը հանրահավաքի գար, մենք կունենայինք մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքներ»,- կարծում է ՀԱԱԿ ղեկավարը: Լավ, իսկ ինչո՞ւ չեն գալիս: «Հիմա մի շատ հետաքրքիր ֆենոմեն կա. մերժելով իշխանություններին, հասարակությունը չի գալիս ընդդիմության հրավիրած հանրահավաքներին, եւ հանրահավաքները սակավամարդ են լինում»,- ասում է Հ. Հովհաննիսյանը, ում կարծիքով` դրա համար երկու պատճառ կա: Առաջինն այն է, որ հասարակությունն իր մեջ նոյեմբերի 27-ից հետո ներքին որոշումների կայացման փուլում է գտնվում: «Նրանք նոյեմբերի 27-ին առաջին քայլը կատարեցին եւ հիմա որոշումներ են կայացնում: Հասարակությունը մերժեց իշխանություններին, եւ հիմա իր մեջ նոր իշխանությունների ուրվագիծն է ուզում տեսնել»,- կարծում է ՀԱԱԿ ղեկավարը: Վերջինիս համոզմամբ` հենց հասարակությունը տեսնի նոր իշխանությունների ուրվագիծը, դուրս կգա փողոց եւ կպահանջի, որ այդ ամենն իրավականորեն ֆիքսվի, այսինքն` ձեւավորվի նոր իշխանություն: «Հիմա հասարակության մեջ այս պրոցեսն է գնում, որը, կարծում եմ, որ շատ երկար չի տեւի. առաջիկա մեկ ամսվա ընթացքում` տոներից հետո, իսկապես հասարակությունն իր որոշումը կկայացնի»,- համոզված է նա: Իսկ հանրահավաքների սակավամարդության երկրորդ պատճառն էլ, ըստ Հ. Հովհաննիսյանի, այն է, որ այժմ պետք է ընդդիմության մեջ «լուրջ տրանսֆորմացիոն պրոցեսներ տեղի ունենան», եւ հասարակությունը պետք է ընդդիմության սինթեզի արդյունքն ունենա, այսինքն` ըստ նրա, ընդդիմության մեջ սինթեզ պետք է տեղի ունենա, եւ ընդդիմությունը հասարակությանը պետք է ներկայացնի մի կառուցվածք, որն ինչ-որ ձեւով իր մեջ գաղափարական արժեքներ է կրում ու հույս է ներշնչում: Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ Մարքսիստական կուսակցության հեռացումն ընդդիմության «18+1+8» ֆորմատից հենց այդ ակնկալվող սինթեզի առաջին դրսեւորումն էր: Ըստ պրն Հովհաննիսյանի` Մարքսիստական կուսակցության հեռացումը ոչ մի կապ չունի վերոնշյալ սինթեզի հետ: «Ես ինքս այդ նիստին չեմ մասնակցել եւ չեմ կարծում, որ հեռացումներն ինչ-որ խնդիր են լուծում: Ես այլակարծությունն ընդունում եմ: Ես դեմ եմ, որ այլակարծության համար որեւէ մեկին որեւէ տեղից հեռացնեն»,- նշում է նա: ՀԱԱԿ ղեկավարի կարծիքով` իշխանությունը սպառել է իրեն, եւ իշխանությանը սատարող քաղաքական ուժերն արդեն հասկացել են, որ ավելի մեծ կեղծիք իրենք չեն կարող անել, ավելի մեծ սուտ չեն կարող ասել եւ ավելի մեծ թալան երկրում չեն կարող անել: «Այսինքն` այդ բոլորը, ինչ որ հնարավոր էր անել, նրանք սպառել են: Սպառել են եւ՛ ներքին, եւ՛ արտաքին ռեսուրսները, սպառել են նաեւ արտաքին կամ ներքին քաղաքականություն վարելու ճկունությունը: Նոյեմբերի 27-ին իշխանության ցինիզմն անցավ բոլոր սահմանները,- նշում է պրն Հովհաննիսյանն ու հավելում,- իշխանությունները փլվում են, իսկ նրանք պետք է անպայման փլվեն, որովհետեւ նրանք իրենց մեջ ուժ չգտան լուրջ բարեփոխումների գնալու: Նրանք ուղղակի փտեցին: Իշխանություններից արդեն հոտ է գալիս, որովհետեւ փտման պրոցես է գնում»: Հ. Հովհաննիսյանի պնդմամբ` ընդդիմությունը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները եւ պայքարելու է այնքան, մինչեւ հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարվեն: