Թերեւս ոչ ոք այլեւս չի զարմանա, եթե մի օր Ռոբերտ Քոչարյանն արթնանա ու հայտարարի, որ ինքը շա՜տ էր սիրում ընդդիմադիր թերթեր կարդալ, բայց չի կարողանում, որովհետեւ բացի իշխանամետ թերթերից` իր ձեռքն այլեւս որեւէ թերթ չի ընկնում, կամ բաժանորդագրվել է, բայց չեն տալիս: Հիմա էլ արդեն չենք զարմանում, երբ իշխանությունները հայտարարում են, թե «Ա1+»-ի հեռարձակման դադարեցումը քաղաքական որոշման հետեւանք չէր, որովհետեւ, ինչպես տարբեր տրամաչափի պաշտոնյաներն են փորձում համոզել, ասելով` «Ախր, Քոչարյանն այն շատ էր սիրում նայել»:
«ՀՀ փոստային կապի մասին» օրենքը, որն ընդունվել է 2004թ. դեկտեմբերին, եւս մեկ անգամ ապացուցում է, որ թե՛ «Ա1+», թե՛ «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների փակումը զուտ քաղաքական մոտեցում էր: Հիշյալ հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվեց «Հանրային հեռուստառադիոընկերության մասին» օրենքով, իսկ «ՀՀ փոստային կապի մասին» օրենքով փորձ է արվում խոչընդոտել տպագիր մամուլի տարածումը: Այսպիսով, իշխանությունները պատրաստվում են առաջիկա` 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրություններին, որոնց պետք է անհապաղ ազատվել նաեւ անաչառ տեղեկատվություն տարածող տպագիր մամուլից:
«Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, «տպագիր հրատարակությունների տարածում` տպագիր հրատարակությունների բաժանորդագրություն եւ առաքում բաժանորդներին» գործունեությամբ զբաղվող գործակալությունները պետք է լիցենզավորվեն` տարեկան վճարելով 5 մլն դրամ: Հակառակ դեպքում` այդ գործակալությունների գործունեությունը համարվում է անօրինական: Այս մասին տպագիր մամուլի բաժանորդագրությամբ եւ տարածմամբ զբաղվող գործակալություններն իմացել են ընդամենը 15 օր առաջ, երբ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակիցները համապատասխան փաստաթղթով սկսել են ստուգումներ անցկացնել իրենց գործակալություններում: Ի դեպ, Հայաստանում, բացի «Հայփոստից» եւ «Հայմամուլ» գործակալությունից, նման գործունեություն ծավալում է թվով հինգ կազմակերպություն: «Բլից-Մեդիա» ՍՊԸ տնօրեն Արմեն Դավթյանը նույնպես այն «երջանիկներից» է, ով այդ մասին իմացել է Հարկային ծառայության աշխատակիցներին իր մոտ տեսնելիս, ովքեր անմիջապես հայտարարել են, որ ինքը` Ա. Դավթյանը, արդեն վեց ամիս է, զբաղված է անօրինական գործունեությամբ ու ենթակա է տուգանման: «Մենք այս նոր օրենքի մասին տեղյակ չենք եղել: Այդ մասին իմացանք, երբ մեզ մոտ եկան Հարկային ծառայության աշխատակիցներն ու ասացին, որ մենք չլիցենզավորված գործունեությամբ ենք զբաղվում` դեմ տալով «ՀՀ փոստային կապի մասին» օրենքը: Իրենք, մասնավորապես ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, որն այս օրենքի հեղինակն է, պարտավոր էին մեզ հատուկ գրությամբ զգուշացնել, թե մենք նոր ինչ պարտավորվածություններ ունենք: Էլ չեմ ասում`սեմինարների մասին, որոնք նույնպես պարտավոր էին անցկացնել ու բացատրել, թե մեզ համար ի՞նչ ճակատագիր են նախապատրաստել»,- ասում է Ա. Դավթյանը: Ինչպես մյուս, այնպես էլ` այս ՍՊԸ-ները, եթե ոչ` ամիսը մի քանի անգամ, գոնե մեկ անգամ առնչվում են Հարկային պետական ծառայության հետ: Սակայն անցած վեց ամիսների ընթացքում նրանց հաշվետվություններն ընդունելիս չեն զգուշացրել, որ իրենց գործունեությունն այլեւս անօրինական է. «Երբեք նման խոսակցություն չի եղել: Մենք ամեն ամիս ԱԱՀ-ի եւ այլ հաշվետվություններ ենք ներկայացրել Հարկային ծառայությանը, բայց իրենք մեզ ոչինչ չեն ասել: Բայց պարտավոր էին ասել` լիցենզավորի գործունեությունդ»,- նկատեց «Բլից-Մեդիա» ՍՊԸ տնօրենը: «Թերթերի տարածումն ու բաժանորդագրությունը չի կարելի լիցենզավորել,- ասում է Ա. Դավթյանը` ավելացնելով,- բա Եվրոպական կոնվենցիան, որը ստորագրել է մեր երկիրը` պարտավորվելով չընդունել որեւէ փաստաթուղթ, որը կխոչընդոտի տպագիր մամուլը տարածելուն: Դեմոկրատիայից եւ այլ մեծ-մեծ բաներից են խոսում ու լիցենզավորո՞ւմ են այս բնագավառը: Զարմանում եմ: Դրսից մեծ գումարներ են ներդրվում, որպեսզի թերթեր տարածող գործակալությունները ճիշտ աշխատեն ու հնարավորություն տան արդյունավետ գործունեություն ծավալել, իսկ մերոնք էլ արգելում են»:
Սակայն միակ զավեշտը սա չէ: Պարզվում է, իշխանությունների համար տպագիր մամուլն ու կազինոն նույնն են եւ պետք է նույն ձեւով լիցենզավորվեն: Կազինոները եւ տպագիր մամուլ տարածող ընկերությունները, եթե ուզում են աշխատել, ապա պետք է հավասարապես տարեկան վճարեն 5 մլն դրամ: «Կազինոները լիցենզիա ձեռք բերելու համար տարեկան 5 մլն դրամ են վճարում, հիմա այս օրենքով մեզանից էլ են այդքան պահանջում, իսկ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների լիցենզավորումը 50.000 դրամ է ընդամենը: Ուրեմն` ի՞նչ, մենք հիմա կազինո՞ ենք»,- զարմացած հարցնում է Ա. Դավթյանը` վստահեցնելով, որ եթե օրենքը չվերանայվի, ապա բացի «Հայփոստից» եւ «Հայմամուլից» մյուս բոլոր ընկերությունները կփակվեն: «Մենք ի վիճակի չենք այդքան մեծ գումարներ վճարել,- ասում է նա: -Բայց եթե ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի լիցենզավորումը 50.000 դրամ է, թող թերթերինն էլ այդքան լիներ: Եթե 50.000 լիներ, ո՞վ կխոսեր ընդհանրապես դրա մասին: Կմուծեինք` կաշխատեինք: Խելքին մոտ բա՞ն է կազինոների եւ թերթերի լիցենզավորումը նույն հարթության վրա դնելը: Մինչեւ 100.000 դրամ` խնդրեմ, կմուծենք, ավելին չենք կարող, անիմաստ է: Չնայած մենք ընդհանրապես դեմ ենք լիցենզավորմանը: Մենք կազինո չենք, եւ այս պարագայում խոսքը վերաբերում է խոսքի ազատությանը, խոսքի ազատության տարածմանը: Իսկ լիցենզավորման գաղափարը հակասում է դրան»:
Ի դեպ, «Հայմամուլի» տնօրեն Հայկարամ Մխիթարյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը ստիպված է եղել օրերս 5 մլն դրամ վճարել ու լիցենզիա ձեռք բերել: Հակառակ դեպքում, ինչպես նշեց Հ. Մխիթարյանը, ինքն այլեւս չէր կարողանում գործունեություն ծավալել, որովհետեւ ամենուր իրենից լիցենզիա էին պահանջում: Իսկ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի պնդումներին ի պատասխան, թե «Տպագիր մամուլի բաժանորդագրությունը չի լիցենզավորում», Հ. Մխիթարյանն ասաց. «Օրենքում շատ հստակ է գրված, որ պետք է լիցենզավորվի, քանի որ համարվում է փոստային ծառայություն: Իսկ ես չեմ կարող ամիսներով սպասել, թե երբ օրենքը նորից կմտնի ԱԺ ու փոփոխությունների կենթարկվի»:
Հիշեցնենք, որ Սլովենիայում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով կխոչընդոտի մամուլի տարածումը, ենթակա է ազատազրկման մեկ տարի ժամկետով: Իսկ Մինսկում, որի օրինակը մեզ շատ ավելի մոտ է, բոլորովին այլ իրավիճակ է: Այնտեղ Լուկաշենկոն սկզբում լիցենզավորեց թերթերի տարածումը, եւ` տեսնելով, որ դժգոհությունների ալիքը մեծ չէ, լիցենզավորեց նաեւ թերթերի ներմուծումը: Իսկ վերջում` լիցենզավորեց նաեւ խմբագրությունները: Այնպես որ` ամեն ինչ ընթանում է նույն տրամաբանությամբ ու հերթականությամբ:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, ապա մենք դրանում կհամոզվենք, երբ իշխանությունները սկսեն լծվել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Այդ ժամանակ դեռ հարց է` լիցենզիա ձեռք բերած ընկերությունները հավասարապես կտարածե՞ն ընդդիմադիր մամուլը, թե՞ կհայտարարեն, որ այն ընթերցող չկա: