Դեկտեմբերի 10-ին լրացավ ԼՂՀ անկախության շուրջ հանրաքվեի անցկացման 14-րդ տարեդարձը: Եվ այս կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է մի հայտարարություն: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԽՄ պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ ԼՂՀ-ում միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվեց հանրաքվե, որում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 99,89 տոկոսն արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախության օգտին: Դեկտեմբերի 28-ին ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որը ձեւավորեց առաջին կառավարությունը: Այդպիսով, Ադրբեջանի կողմից շրջափակման եւ ռազմական ագրեսիայի պայմաններում ձեւավորվեցին ԼՂՀ իշխանության բարձրագույն մարմինները. նշվում է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների կարծիքով, ԼՂՀ պետական անկախությունը բարձրագույն արժեք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Թեեւ ներկայումս միջազգային հանրությունը ԼՂՀ-ն ընկալում է որպես փաստացի անկախ պետություն, տարածաշրջանային անվտանգության էական գործոն, սկսել են հնչել ժամանակը հետ շրջելու կոչեր: «Ոչ ոքի մոտ չպետք է մնան պատրանքներ. դեպի անցյալը վերադարձ չի լինի»: